05:06 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
20710

Գրողների միության նախագահը խոսել է ընթերցանության վերաբերյալ երիտասարդների պահանջների, նրանց կարդացած գրքերի, ինչպես նաև թոռան հետ պատահած զվարճալի դեպքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տարեցտարի ավելանում է Գիրք նվիրելու օրվա ակցիայի մասնակիցների թիվը, և հատկապես ուրախալի է այն փաստը, որ նրանց մեջ մեծ տեղ են զբաղեցնում երիտասարդները։

Գրողների միության նախագահի խոսքով` Հայաստանում ոչ միայն մեծահասակները, այլև երեխաներն ու դեռահասներն այսօր ավելի շատ են կարդում, քան նրանց հասակակիցները 15 տարի առաջ։

«Սար ու ձորի տարբերություն կա։ 2000-ականներին համարվում էր, որ գրախանութները երեխաների համար չեն։ Իսկ այսօր ցանկացած գրախանութ մտեք և հաստատ դեռահասների կհանդիպեք»,– ասաց նա։

Միլիտոնյանը 6-13 տարեկան 4 թոռ ունի։ Գրողն անկեղծացավ` թոռներին երբեք գիրք կարդալ չեն ստիպել, քանի որ նրանք մեծացել են գրողի ընտանիքում։

«Ես չեմ նկատել, որ իրենք իրենց հասակակիցների նման հետաքրքրվեն, օրինակ, «Հարրի Փոթերի» գրքերով, ավելի լուրջ գրքեր են կարդում»,– ժպտալով նշեց Միլիտոնյանը։

Հայաստանը կօգնի գրքեր հրատարակել կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար

Նա մինչ օրս ավելի քան 80 գիրք է հրատարակել, որի կեսը մանկական ժողովածուներ են։ Մի քանի տարի առաջ կրտսեր դասարանների համար հայ գրականության վերահրատարակված դասագրքում տեղ են գտել Միլիտոնյանի մանկական բանաստեղծություններից մի քանիսը, ինչը զվարճալի միջադեպի պատճառ է դարձել։ Դեպքի մասին սիրում են պատմել գրողի ընտանիքում։

«Բոլոր չորս թոռներս դպրոցում իմ բանաստեղծություններն էին անցնում։ Իհարկե, ուրախանում էին, երբ դասագրքում տեսնում էին պապի անունը և պարծենում համադասարանցիների մոտ։ Մի օր դասընկերներից մեկը թոռանս հարցնում է` պապդ մահացե՞լ է, կարծես թե ողջ էր։ Իսկ եթե չի մահացել, ի՞նչ գործ ունի դասագրքում»,– ծիծաղելով պատմեց Միլիտոնյանը։

2013 թվականից ի վեր Հայաստանի գրողների միությունը գլխավորող գրողի խոսքով` չնայած նրան, որ այս պատմությունը զվարճալի է, բայց ապացուցում է` Հայաստանում ժամանակակից գրողներին չեն կարդում։ Իսկ եթե բնակչության շարքում սոցհարցում անցկացվի, կպարզվի, որ ժամանակակից հայ գրողներից է, օրինակ, 1971 թվականին մահացած Պարույր Սևակը։

«1970-ականներից մինչև 2010-ականներ` մի ամբողջ 40 տարի, Հայաստանի դասագրքերում ժամանակակից գրողների ստեղծագործություններ չէին տպագրվում։ Այնպես որ զարմանալի չէ, որ նույնիսկ երիտասարդ սերունդը, որը պետք է այլ կերպ մտածեր, կարծում է, որ դասագրքում հայտնված պոետը վաղուց մահացել է»,– ասաց բանաստեղծը։

Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար

Այս տարի Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Հայաստանի բոլոր դպրոցներում գրողների հետ հանդիպումներ կանցկացվեն, նրանք կպատասխանեն դպրոցականների հարցերին, իրենց գրքերից կնվիրեն։ Բացի այդ, Բաղրամյան փողոցի սկզբնամասում` Գրողների տան մոտ, «ազատ» գրքերի սեղանիկ կտեղադրվի, որտեղ ցանկացողները կարող են մոտենալ և իրենց համար վեպ կամ պոեմ ընտրել որպես նվեր։

Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օր հայտարարելու նախաձեռնությունը Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանինն է։  Օրը պատահական չի ընտրվել` 1869 թվականին այս օրը ծնվել է հայ մեծ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանը։ Գիրք նվիրելու օրը նշվում է 2008 թվականից։ Հատկանշական է, որ Հայաստանից բացի, Գիրք նվիրելու օր կա նաև միջազգային տոնացույցում։ Սակայն այն «ծնվել է» հայկական տոնից 4 տարի անց` 2012 թվականին։

Ըստ թեմայի

Կոմունիզմն այդպես էլ չկառուցվեց, բայց Մարքսը ճիշտ էր
Դպրոցական դասագրքերը կփոխվեն. առաջինը նոր գրքերով կսովորեն Տավուշի աշակերտները
Ալեքսիս Օհանյանը վերջին 10 տարվա ձեռքբերումների թվին է դասել նաև հայաստանյան այցը
Վլադիմիր Պոզների գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը կկայանա Մոսկվայում
թեգերը:
թոռ, գիրք, Էդուարդ Միլիտոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ