07:28 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
544 0 0

Վաղուց արդեն ոչ ոք չի կասկածում, որ հայ ոսկերիչները հմուտ վարպետներ են, իսկ այ հարգորոշման տեսչությունների գործունեությունը Հայաստանում ոմանք կասկածի տակ են դրել։ Արդյո՞ք կասկածելու առիթ կա և ո՞րն է պատճառը, պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը դարձել է տարածաշրջանում առաջին երկիրը, որը մի քանի տարի առաջ չեղարկել է պետական վերահսկողությունը ոսկու նկատմամբ` հարգ դնելու իրավունքը փոխանցելով մասնավորին։

Ոլորտի մասնագետները համոզված են, որ պետության վերահսկողությունից ոսկերիչներին դուրս բերելը դրական է ազդել շուկայի վրա, այդ իսկ պատճառով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` այդ գործառույթը պետությանը վերադարձնելու առաջարկը շատերի մոտ տարակուսանք է առաջացրել։

Մելքումյանն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստին ելույթ ունենալիս հայտարարեց, որ ոսկյա ապրանքների հարգորոշումն ու հարգադրոշմումը երկար տարիների ընթացքում խախտումներով է իրականացվել, և սպառողներն արդյունքում վճարում էին բոլորովին այլ ապրանքի համար։

Այս առիթով պատգամավորն առաջարկել է վերադարձնել ոսկյա իրերի նկատմամբ պետական վերահսկողության համակարգը, մինչև շուկան ավելի կայուն կդառնա։

Միևնույն ժամանակ, ոսկերիչները նրա մեղադրանքներն անհիմն են որակել` նշելով, որ դրանք ստվեր են գցում ոլորտի և իրենց բարի համբավի վրա։

Проба в 13 карат, или 585, на шаблоне для золотых изделий
© Sputnik / Andranik Ghazaryan
Հարգորոշում

Հանուն արդարության պետք է նշել, որ Մելքումյանի առաջարկը մերժեցին, սակայն դառը համը, ինչպես ասում են` մնաց։ Հայ արտադրողներին աջակցեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, առաջարկելով ավելի փոխզիջումային տարբերակ, որը պետական վերահսկողության ուժեղացում է ենթադրում, սակայն ոչ ամբողջ հատվածի պետականացում։

Մելքումյանը փոթորիկ առաջացրե՞ց

«Ոսկու շուկայի» փոխտնօրեն Նորիկ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր ոչ մի խոշոր արտադրող կամ մասնավոր ոսկերիչ չի հանդգնի հաճախորդին ցածրորակ իր կամ կեղծիք առաջարկել` դնելով հարգ, որը չի համապատասխանում ապրանքի իրական բնութագրին։ Պետք է հասկանալ, որ այդ դեպքում վտանգված են հաճախորդի վստահությունն ու այն անունը, որը վաստակելու համար տարիներ են պահանջվել։

«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ հարգի ստուգման մեր տեսչությունը ցածր հարգի ոսկու վրա այլ հարգադրոշմ դնի։ Չէ՞ որ դա քրեական հանցագործություն է։ Դա նույնն է, ինչ տարադրամի փոխանակման կետում ձեզ կեղծ թղթադրամ տան», – ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` Մելքումյանի առաջարկը պարզապես անիրատեսական է։ Ենթադրենք` պետությունը հարգորոշման մեկ տեսչություն բացի։ Կստացվի, որ երկրի բոլոր ոսկերիչները ստիպված կլինեն իրենց զարդերով գնալ-հասնել այնտեղ և հերթ կանգնել հարգ դնելու համար։ Իսկ դա ոչ միայն անհարմար է, այլև վտանգավոր։

Ղեկավարության հետ համաձայն են նաև ընկերության աշխատակիցները, որոնց լիովին բավարարում են թե՛ ներկայիս վիճակը, թե՛ աշխատանքային պայմանները։

«Շատ հարմար է. եկար, գնահատեցիր, հարգը դրեցիր։ Ասենք` ես պետք է հարգ դնեմ մի զարդի վրա, չէ ՞ որ չեմ կարողանա առանց վերահսկողության թողնել ապրանքս։ Իսկ տեսչությունը շատ մոտ է գտնվում և ամեն ինչ կարելի է տեղում լուծել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ոսկերչական իրեր վաճառող Անուշը։

Մասնավոր տեսչություններ. շահը ո՞րն է

Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը Մելքումյանի հայտարարությունը չմտածված և անպատասխանատու է համարում։ Նա պարզաբանեց, որ համակարգը պետական վերահսկողությունից պատահաբար չեն դուրս բերել. ոսկերիչներն ու ոլորտի ներկայացուցիչները բավական երկար ճանապարհ են անցել նախքան պետությանը համոզելը, որ նման մոտեցումը նպատակահարմար է։

Лазерная гравировка пробы на золотом изделии
© Sputnik / Andranik Ghazaryan
Լազերային հարգադրոշմում

«Մեզ մոտ գործող մոդելը մեզ մեծ դիվիդենտներ է բերում։ Մենք ԵԱՏՄ երկրներից միակն ենք, որտեղ հարգորոշումը մասնավորի ձեռքում է։ Ղազախստանն ու Տաջիկստանն ուսումնասիրում են մեր մոդելը և ուզում անցնել այդ մոդելին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Իսկ Իտալիայում, օրինակ, ավելի հեռուն գնացին, և հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա այնտեղ կարող է ստանալ ոչ միայն ընկերությունը, այլև ոսկերիչը։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ նման իրավիճակ է ԱՄՆ–ում, Թուրքիայում, և դա նորմալ է, քանի որ այդ երկրներում որևէ մեկի մտքով չի անցնի կասկածի տակ առնել զարդի վրա դրված հարգի իսկությունը և այն նորից ստուգել։

Գրիգորյանը կարծում է, որ այդ մոդելին անցնելը բավական դրական է ազդել շուկայի վրա։

«Մեծացավ մրցակցությունը, արտադրողները սկսեցին ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորել։ Ոսկերիչը հասկանում է, որ իր ապրանքը պետք է մրցունակ լինի, իսկ դրա համար անհրաժեշտ է մտածել ոչ միայն դիզայնի, այլ նաև որակի մասին», – ասաց Գրիգորյանը։

Հայաստանն ուզում է դառնալ ԵԱՏՄ ոսկերչական ապրանքանիշի պատասխանատու

Նրա խոսքով` իջել է նաև ապրանքի ինքնարժեքը, իսկ որոշ տեսչություններ հաճախորդի հետևից ընկնելով` սկսել են անվճար դրոշմել հարգը։ Բացի այդ, մասնավոր ընկերություններն, ի տարբերություն պետականի, կարելի է բացել նույնիսկ ամենակտրված վայրերում, որտեղ ոսկերիչներն այդքան էլ շատ չեն։

Ո՞վ կարող է լիցենզիա ստանալ

Միայն առաջին հայացքից է թվում, թե ով ասես կարող է հարգադրոշմման լիցենզիա ստանալ։ Գործնականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Նշենք, որ Հայաստանում ոսկյա իրերի ստուգման, հարգորոշման և հարգադրոշմման թույլտվություն ունի 10 ընկերություն, որոնցից միայն 6-ն է աշխատում։

Գրիգորյանը պարզաբանում է, որ լիցենզիա ստանալու համար հարգորոշողը պետք է ուսուցում անցնի, քննություն հանձնի 12 անձից բաղկացած պետական հանձնաժողովի մոտ, որն էլ վերջնական որոշում է կայացնում։

Определение пробы на рынке золота
© Sputnik / Andranik Ghazaryan
Լազերային հարգադրոշմում

Գրիգորյանի խոսքով` եթե այդ ոլորտին միջամտի պետությունը, քաոսից խուսափելու համար ստիպված կլինեն հիմնական վերահսկողության տեսչական մարմնի մասնաճյուղեր բացել գրեթե ամեն տեղ, որտեղ ոսկի են վաճառում։ Իսկ դա, իհարկե, թանկ կարժենա։

«Մեկ նման կետը պետության վրա մի քանի հարյուր հազար դոլար կարժենա։ Ինչի՞ համար է պետք փոխել այն, ինչը վատ չի աշխատում», – հարցնում է Գրիգորյանը։

Այնուամենայնիվ, Գրիգորյանի կարծիքով, պետական վերահսկողությունից ամբողջությամբ հրաժարվելն էլ ճիշտ չէ։ Նա առաջարկում է հանձնաժողով կամ հատուկ խումբ ստեղծել, որը բաղկացած կլինի Ստանդարտների ազգային ինստիտուտի կամ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության մասնագետներից, նրանց տալ համապատասխան լիազորություններ, որպեսզի կարողանան ժամանակ առ ժամանակ ստուգումներ իրականացնել ոսկու շուկաներում։

Իսկ ի՞նչ են ասում աշխատողները

Մենք զրուցեցինք նաև ոսկու շուկաներից մեկի աշխատակից Գևորգի հետ (անունը փոխված է), որն ավելի քան 10 տարի աշխատում է այս ոլորտում։ Նա իր գործունեությունը սկսել է վերավաճառողից, այսօր գործարար է։

Лазерная гравировка пробы на золотом изделии
© Sputnik / Andranik Ghazaryan
Լազերային հարգադրոշմում

Գևորգի խոսքով` սկզբում ամեն ինչ էլ պատահել է։ Շատերն իսկապես խարդախություն էին անում։

«Կարող էին 585 հարգի ոսկով միայն վերին շերտը պատել, իսկ մեջը պղինձ թողնել։ Կամ թուրքական ոսկին իտալականի անվան տակ էին վաճառում։ Նախ, այն ավելի էժան է, բացի այդ` հայերից շատերը սկզբունքորեն թուրքական ապրանք չէին գնի», – պատմեց Գևորգը։

Նա կարծում է, որ շուկան այսօր գրեթե ամբողջությամբ մաքրվել է նման բացասական երևույթներից։

Հարգորոշման տեսչություններն ասում են` «ոչ»

Հարգորոշման տեսչությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ իրենց հարգին կարելի է վստահել 100%–ով ։

Զարդի որակը սահմանում են հարգորոշման տեսչության մասնագետները։ Եթե աշխատակիցը կասկածի, որ զարդի հետ մի բան այն չէ` լրացուցիչ ստուգման են ուղարկում։

Пробы на шаблонах для золотых изделий
© Sputnik / Andranik Ghazaryan
Հարգորոշում

Ռիտան «Ոսկու շուկային» կից գործող հարգորոշման տեսչության աշխատակից է։ Նա երկար տարիներ է աշխատում այս ոլորտում և կարծում է` հարգ դնելը բավական պատասխանատու գործ է, և որ ոչ ոք չի հանդգնի կեղծել արդյունքները։

«Բավական է ստուգել զարդի միայն առաջին շերտը, և մենք հասկանում ենք, թե ինչից է այն բաղկացած։ Եթե ես սկսում եմ կասկածել, լրացուցիչ քիմիական ստուգում եմ անցկացնում»,–պատմում է Ռիտան։

Сотрудник инспекции пробирного надзора на рынке золота (14 февраля 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
«Ոսկու շուկային» կից գործող  հարգորոշման տեսչության աշխատակից

Մինչ մենք զրուցում էինք, լաբորատորիա մեկ զարդ բերեցին ստուգելու։ Ռիտան պարզաբանեց, որ հաճախորդը որոշել էր ստուգել մեկ այլ տեսչության կողմից դրված հարգի իսկությունը։

Եթե պարզվի, որ հարգը չի համապատասխանում նշված որակին, հաճախորդը կարող է դատարան դիմել։

Հայկական ոսկերչական արտադրանքի առաջ կանաչ լույս վառվեց. ԵԱՏՄ–ն վերացնում է բյուրոկրատիան

Ըստ թեմայի

Կայսրուհու ոսկերիչը․ ինչպես Իվան Լազարևն ապացուցեց Եկատերինային, որ ինքը Լազարյան է
Հայ ոսկերիչները կրկին հարգի են. ինչն է խոչընդոտում արտադրանքի արտահանմանը Ռուսաստան
Կրակը սանձողը. ինչպես քաջ հայուհին ոսկերչության իր բիզնեսը հիմնեց
Հայ ոսկերիչները նվաճում են Ղազախստանը
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան, Ոսկի

Գլխավոր թեմաներ