05:44 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
363 0 0

Թբիլիսիում և Երևանում դրական են գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության թբիլիսյան այցը և արդեն հաշվարկում են բարձր մակարդակով երկկողմ հանդիպումների արդյունավետությունը։

Լաուրա Սարգսյան, Sputnik  Արմենիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում կարող է շրջադարձային լինել։

Երկու երկրների փորձագետներն արդեն հասցրել են գնահատել ՀՀ վարչապետի  երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու առաջարկը։

Թբիլիսիի հետ համագործակցության վեկտորը վերանայելու Երևանի մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնել էր հոկտեմբերի 15-ին` Գեորգի Գախարիայի գլխավորությամբ Վրաստանի պատվիրակության երևանյան այցի ժամանակ։ Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նշել էր, որ Երևանն ուզում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացման ռազմավարական հայեցակարգ մշակել։

Նշենք, որ հայեցակարգային փաստաթղթերում Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերների կարգավիճակ չունեն։

Փաստացի ի՞նչ է փոխվել

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Փաշինյանի այցը Թբիլիսի դրական է գնահատում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ հայ–վրացական հարաբերությունները միշտ առանձնացել են հատուկ ջերմությամբ, բարիդրացիական մթնոլորտով և համագործակցությամբ, սակայն այն որակական նոր փուլ թևակոխեց 2018 թվականից։

«2018 թվականից երկկողմ հարաբերություններում դրական դինամիկա ենք տեսնում, և այն կապված է հայեցակարգային մոտեցման հետ։ Կարևոր է, որ Հայաստանում սկսվել է հայ–վրացական հարաբերությունները վերաիմաստավորելու ռեֆլեքսիան», – ասաց նա։

Մելիքյանի խոսքով`  փոփոխությունների հիմքը դրվեց դեռևս 2019 թվականի հոկտեմբերին` Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու Հայաստանի պատրաստակամության մասին ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո։ Երևանի մեսիջը Փաշինյանը վերահաստատեց իր վերջին այցի ժամանակ։

Փորձագետը նշեց, որ եթե առաջին դեպքում վրացական կողմը Երևանի առաջարկին չարձագանքեց, ապա այս անգամ Վրաստանի վարչապետն հայ գործընկերոջը ակնարկեց, որ ռեֆլեքսիայի գործընթաց սկսվել է նաև Թբիլիսիում։

Միևնույն ժամանակ, Մելիքյանը համոզված է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերությունների հիմնական վեկտորի փոփոխման և դրանց ռազմավարական մակարդակ տեղափոխելու մասին։

«Դա բավականին երկար գործընթաց է, որին պետք է տարիներով հասնել` խորացնելով հարաբերությունները բոլոր ուղղություններով` տնտեսությունից մինչև քաղաքականություն։ Այնուամենայնիվ, հայկական կողմից մեսիջն ուղարկվել է և այդ մեսիջը հասկացել են։ Գնդակը Թբիլիսիի դաշտում է, որը, ինչպես Գախարիան հասկացրեց, դեմ չէ, սակայն դրա համար ժամանակ է պետք»,– նշեց փորձագետը։

Իսկ Վրաստանո՞ւմ ինչ իրավիճակ է

Փորձագետի կարծիքով` բարձր մակարդակով Թբիլիսիում անցկացված հանդիպումները ցույց տվեցին, որ Վրաստանն ու Հայաստանը անկախ արտաքին  քաղաքականության բազմավեկտոր լինելուց, փորձում են շփման ընդհանուր եզրեր գտնել և գտնում են։ Հայ–վրացական համագործակցության խորացման ևս մեկ քայլ էր երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի դյուրացումը։

Այսուհետ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան սահմանը հատել ID քարտերով։ Ավելին, արձանագրվել է, որ երկու երկրների ղեկավարները հասկացել են, որ Վրաստանը չի կարող լինել առանց Հայաստանի և հակառակը։

«Վրաստանում լավ հասկանում են նաև, որ  առանց Հայաստանի չեն կարող տարածաշրջանում ռազմավարական անվտանգություն կառուցել», – եզրափակեց Մելիքյանը։

Փորձագետի հետ համակարծիք է նաև Վրաստանի նախագահի աշխատակազմի  նախկին պետ Պետրե Մամրաձեն։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ Վրաստանի ցանկացած կառավարություն պարտավոր է լավ հարաբերություններ պահպանել  ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Նա նշեց, որ այդ տեսանկյունից, Թբիլիսին խոցելի վիճակում է, սակայն մինչ օրս Վրաստանի իշխանություններին հաջողվել է պահպանել հավասարակշռությունը։

«Ադրբեջանի հետ մենք այնպիսի համաձայնագրեր պետք է կնքենք, այնպիսի պայմանավորվածությունների հասնենք, որոնք Հայաստանին չեն նեղացնի։ Եվ հակառակը»,– ասաց Մամրաձեն։

Մամրաձեի խոսքով` հայ–վրացական հարաբերությունները, ըստ էության, այդպիսին են, թեև դա թղթի վրա արձանագրված չէ։ Նա հիշեցրեց, որ Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլու նախագահության օրոք բիզնեսի նկատմամբ վերահսկողություն էր սահմանվել, շատերը ստիպված էին փակել իրենց ձեռնարկությունները։ Այդ ժամանակ վրաց գործարարներին բառացիորեն կոլափսից փրկեցին հայ գործընկերները։ Մամրաձեի կարծիքով` դա խոսում է երկու ժողովուրդների միջև բարձր հարաբերությունների մասին։

Սա է պատճառը, որ Մամրաձեն ողջունում է Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու, դրանք ռազմավարական մակարդակի հասցնելու և այդ ամենը երկրի ազգային անվտանգության հայեցակարգում արձանագրելու հայկական կողմի ցանկությունը։

Նա համոզված է, որ ՀՀ վարչապետի այցն արդյունավետ կլինի և նոր նախագծերի մեկնարկ կազդարարի։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան կայացավ 2018 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ Վրաստանի պատվիրակության այցը Երևան։ Իսկ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելեց Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Գախարիան։

Ըստ թեմայի

Փաշինյանը շուն է նվեր ստացել Վրաստանի վարչապետից. տեսանյութ
Վրացիները երգում են հայերի պատվին, Փաշինյանը ձայնակցում է նրանց. տեսանյութ
Այստեղ հին Թբիլիսիի մթնոլորտն է. Զուրաբիշվիլին հյուրընկալել է Փաշինյանին
«Փորձ է արվում հայ-վրացական կապերին հաղորդել ռազմավարական խորություն». Մելիքյան
թեգերը:
պաշտոնական այց, Գեորգի Գախարիա, Նիկոլ Փաշինյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ