09:18 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
256 0 0

Քաղաքացիներն իրենց տպավորություններն են ներկայացնում սոցիալական ցանցերում։ Բոլորը միաձայն խոսում են անձնակազմի բարեհամբույր վերաբերմունքի ու բժիշկների պրոֆեսիոնալիզմի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Մարտի 1-15–ը կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված 31 մարդ կարանտինի մեջ են եղել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հինգաստղանի հյուրանոցում։ Նրանք բոլորը Երևան էին ժամանել նույն չվերթով, որով եկել էր առաջինը կորոնավիրուսով վարակված 29-ամյա ՀՀ քաղաքացին։ Կիրակի նրանք բոլորը կորոնավիրուսի թեստի բացասական պատասխաններով տուն են վերադարձել։

Մեկուսացման մեջ երկու շաբաթ անցկացրած Մելինե Մելիքյանը տուն վերադառնալուն պես իր տպավորությունները գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ծանր օրեր էին, բայց ես շնորհակալ եմ, քանի որ մեզ շրջապատում էին մեծատառով Մարդիկ։ Դա պարզապես մեկուսացում չէր, դա համագործակցություն էր մեր երկրի իշխանությունների և նրա քաղաքացիների միջև` հանուն ընդհանուր անվտանգության։ Մի քանի տարի առաջ հնարավոր էլ չէր այսպիսի բարձր կարգի սպասարկում պատկերացնել Հայաստանում»,– նշել է նա։

Մելիքյանի խոսքով` ամբողջ ընթացքում ինքը զգացել է բժիշկների և անձնակազմի աջակցությունը։ Երկու շաբաթվա ընթացքում հյուրանոցում ո՛չ մի վեճ, ո՛չ մի տհաճ իրավիճակ չի եղել։ Բոլորը համբերությամբ սպասել են ժամկետի ավարտին և հասկացել, թե ինչ սոցիալական պատասխանատվություն են կրում։

Գոռ Առաքելյանը մարտի 15-ից մեկուսացված է Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում, քանի որ նա շփվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացու` Էջմիածնի հայտնի նշանադրության հյուրերից մեկի հետ։ Իր էջում Առաքելյանը գրել է հանգստյան տան պայմանների հարմարավետության մասին։

Կորոնավիրուսով վարակված քանի՞ հիվանդ կարող են ընդունել Հայաստանի հիվանդանոցները

«Բախտս չբերեց, ինձ տեղավորել են ոչ «Գոլդեն փելեսում», ուրիշ տեղ, բայց մեզ շատ պատշաճ կերպով դիմավորեցին, ջերմաչափեցին, հետաքրքրվեցին մեր հնարավոր գանգատներով և տեղավորեցին։ Անձնակազմը շատ ուշադիր է, դրական է տրամադրված, ամեն ինչ լավ է։ Ստորև էլ տեղադրում եմ այն համարի ֆոտոները, որտեղ հիմա գտնվում եմ... հա, մեկ էլ նոր մաշիկներիս»,–հումորով գրել է նա։

Առաքելյանը մեկուսացված կմնա մինչև մարտի վերջ։ Այդ ընթացքում նա կորոնավիրուսի թեստ կհանձնի։

Իսկ Սոնա Ներսեսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել հենց հայրենիք ժամանելու օրը։ Նա մարտի 15-ին Հայաստան է վերադարձել Իսպանիայից և իսկույն դիմել է բժշկի։ Նրա մոտ բարձր ջերմություն են արձանագրել և ուղարկել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

«Թեստը վերցրին երկու բարակ փայտիկով, մեկը` քթիցս, մյուսը՝ կոկորդիցս: Ասացին, որ պատասխանը մաքսիմում 11 ժամվա ընթացքում կլինի, մինչ էդ պետք է ինձ մեկուսացնեն իրենց մոտ: Իզոլացրին առանձին պալատում, ուտելիք բերեցին. «Բալես, քանի տաք ա, կեր»։ Կես ժամը մեկ ստուգում էին ջերմությունս, թոքերս նկարեցին։ Գլխավոր բժիշկը այցելեց, հարցեր տվեց՝ ոնց եմ զգում, ինչ եմ զգում, որտեղից եմ եկել, ոնց եմ եկել, ում հետ եմ շփվել: Երեկոյան եկան թեստի պատասխանները` բացասական»,– գրել է Սոնան։

Նա վստահեցնում է, որ ոչ մի վայրկյան իրեն մենակ չի զգացել, բժիշկները միշտ կողքին են եղել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Սոնան պատմեց, որ հիմա պետք է ինքնամեկուսացվի 14 օրով։

«Հենց խուճապի մեջ եմ ընկնում այն մտքից, որ չեմ կարողանա դուրս գալ զբոսնելու, հիշում եմ, որ ուսանողական տարիներիս 20 օր դիպլոմային աշխատանք եմ գրել` առանց առհասարակ տնից դուրս գալու։ Այնպես որ սրան էլ կդիմանանք»,– ծիծաղելով ասաց նա։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը արդեն արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել։ Այս պահին Հայաստանում կորոնավիրուսի 30 դեպք է հաստատվել, վարակակիրներից մեկն արդեն առողջացել է։

Կորոնավիրուս. իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում

Ըստ թեմայի

Բժիշկն այցելել է, դուռը չեն բացել. Փաշինյանը խոսեց արտակարգ դրության անհրաժեշտության մասին
Կորոնավիրուսով վարակված աշակերտի 4 դասընկերների ծնողները հրաժարվել են կարանտինից
Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում․ Փաշինյան
թեգերը:
«Գոլդեն փելես» հյուրանոց, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ