13:26 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Ներկայում հասարակական տրանսպորտի վարորդներին աջակցություն տրամադրելու կոնկրետ ծրագիր չկա, սակայն իրավիճակն իշխանություններին ստիպել է մտածել նաև նրանց խնդիրների մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի –Sputnik. Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումները Հայաստանում օրեցօր խստացվում են։  Պարետ Տիգրան Ավինյանը որոշում է կայացրել ապրիլի 2-12-ը ներառյալ դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Սա նշանակում է, որ չեն գործելու երթուղայինները, ավտոբուսները և նույնիսկ մետրոն։ Բացառություն է արվել  միայն տաքսիների ու երկաթուղային տրանսպորտի համար։ Միևնույն ժամանակ հանվել է ավտոմեքենայով տեղաշարժի դեպքում մարդկանց քանակի սահմանափակումը։  Այժմ կարելի է երթևեկել ամբողջ ընտանիքով կամ կոլեկտիվներով, թեև պարտադիր է դարձել գործատուից տեղեկանքի առկայությունը։

Թվում է` կանխարգելիչ միջոցները համարժեք են ստեղծված իրավիճակին, սակայն սոցցանցերում չեն դադարում քննադատությունները։ Հատկապես ակտիվ քննարկվում է երկու հարց՝ ինչպե՞ս են ցածր եկամուտ ունեցող մարդիկ աշխատանքի հասնելու, և ինչպե՞ս են ապրելու ամենօրյա եկամուտից զրկված հասարակական տրանսպորտի վարորդները։

Երթուղային տաքսիների գծատերերը Sptunik Արմենիայի հետ զրույցում հրաժարվեցին անդրադառնալ այս խնդրին, սակայն հասկացրին, որ չեն պատրաստվում սեփական գրպանից վճարել վարորդներին։ Վերջինները ևս մտահոգված են ստեղծված իրավիճակով, բայց հավատում են, որ իրենց կարանտինի ուղարկած պետությունը կհոգա նաև իրենց մասին։

Պարետի որոշմամբ արգելվել են միջմարզային տրանսպորտային ուղևորափոխադրումները

«Մենք հասկանում ենք, որ վաղը մեզ ոչ ոք չի վճարի, սակայն երթուղայինների գծատերերը խոսում էին պետության կողմից փոխհատուցման մասին։ Հույս ունենք, որ մեզ կներառեն քաղաքացիների աջակցման փաթեթի մեջ։ Իսկ հիմա բոլորս կապրենք «ծայրը ծայրին հասցնելով», խանութից ապրանքը պարտքով կվերցնենք, քանի որ չենք կարողացել փող հետ գցել»,-ասաց վարորդներից մեկը։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը մտածել է նաև տրանսպորտային ոլորտի մասին։ Մասնավորապես, երթուղային գծերի սեփականատերերը կարող են դիմել էկոնոմիկայի նախարարություն և աջակցություն ստանալ կառավարության՝ բիզնեսի համար անտոկոս վարկեր տրամադրելու մշակած փաթեթի շրջանակում։

«Գործունեության այդ տեսակն ամբողջությամբ ներառում է աջակցության փաթեթը, գործատուների մոտ խնդիրներ չպետք է առաջանան։ Նրանք կկարողանան վճարել աշխատավարձերն ու հարկերը»,–ընդգծեց Մակարյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մեզ հայտնեցին, որ հասարակական տրանսպորտի վարորդները դեռևս ներառված չեն սոցիալական աջակցության կարիք ունեցողների ցանկում։ Սակայն չբացառեցին, որ նրանց համար ևս սոցօգնության փաթեթ կմշակվի։ Միևնույն ժամանակ պարետատան մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնեց, որ այս պահին հասարակական տրանսպորտի վարորդների աջակցման կոնկրետ ծրագիր չկա, սակայն արդեն դիտարկվում է նրանց` պետության կողմից սոցիալական օգնություն ստացող քաղաքացիների ցանկում ներառելու հնարավորությունը։

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Վրաստանի հետ. Փաշինյանը մանրամասնել է

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը մարտի 30-ի արտահերթ նիստում ընդունել էր կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության պայմաններում աշխատանքը կորցրած քաղաքացիների աջակցման փաթեթը։ Ծրագիրն առնչվում է այն քաղաքացիներին ու ֆիզիկական անձանց, որոնք հունվարի 1-ից մարտի 13-ն աշխատել են մասնավոր հատվածում, և որոնք հեռացվել են աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։ Օգնությունը նվազագույն աշխատավարձի 68 հազար դրամի չափով միանվագ վճար է նախատեսում։ Աջակցության փաթեթներից մեկն էլ 100 հազար դրամ միանվագ նպաստ է նախատեսում գործազուրկ հղիների համար, որոնց ամուսինները կորցրել են իրենց աշխատանքը՝ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում և այդ ընթացքում այլ աշխատանքի չեն անցել։

Աջակցություն կստանա նաև մասնավոր բիզնեսը։ Այն ընկերությունները, որոնք կորոնավիրուսի ընթացքում ու դրանից առաջ, այսինքն՝ հունվարի 1-ից ապրիլի 1-ը, իրենց աշխատակիցներից ոչ մեկին չեն կրճատել, բյուջեից գումար կստանան աշխատավարձերը վճարելու համար։  Աջակցությունից կարող են օգտվել այն ձեռնարկությունները, որոնք ունեն 2-50 աշխատակից։  Ընկերությունները կկարողանան աջակցության դիմել եկամտահարկի գծով մարտի հաշվետվությունը (որտեղից կերևա՝ աշխատակիցներին կրճատե՞լ են, թե՞ոչ) ներկայացնելուց անմիջապես հետո։  Հաշվետվությունը կարելի է ներկայացնել ապրիլի 1-20–ը։

Պետությունը բիզնեսին կաջակցի նաև վարկերի հարցում՝ արտադրությունը պահպանելու և զարգացնելու համար։ Բանկերի տրամադրած վարկերի համաֆինանսավորման հարցում ևս աջակցություն կլինի։ Հումք ձեռք բերելու դեպքում համաֆինանսավորումը կկազմի մինչև 40%, սարքավորումների դեպքում՝ մինչև 25%, իսկ կոմունալ ծառայությունների վճարման դեպքում՝ մինչև 45%։ Այսինքն, հիմնականում աջակցությունն ուղղված է արտադրությանը։ Առևտրի ոլորտում աջակցություն կստանան միայն պարենամթերք ներմուծողները․ այդ դեպքում վարկի համաֆինանսավորումը կկազմի մինչև 30%։

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի գործում

Ըստ թեմայի

Պարետն ավելի է խստացնելու տեղաշարժի մասին որոշումը
Պարետն արգելել է 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան
Հայաստանում միջմարզային միակ տրանսպորտը մնացել է երկաթուղին
Երևանում կդադարեն կռացած երթևեկել. ինչպես է աշխատելու տրանսպորտային նոր համակարգը
թեգերը:
Տրանսպորտ, կորոնավիրուս, Արտակարգ դրություն, վարորդ, Հայաստան

Գլխավոր թեմաներ