06:50 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
38001

Ազդեցությունն ունի նաև հակազդեցություն։ Եվ նույնիսկ կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակը կարող է ունենալ իր դրական կողմերն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է, թե որոնք են դրանք։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դրական է անդրադարձել երկրի էկոլոգիայի վրա։ Սակայն դա միայն ժամանակավոր է: Փորձագետները կարծում են, որ արդյունքը պահպանելու համար իշխանությունը պետք է մի շարք միջոցներ ձեռնարկի։

Երևանում օդի որակի բարելավման մասին է վկայում IQAir կայքում հրապարակված վիճակագրությունը, ըստ որի՝ մարտի 4-ից 8-ը օդի աղտոտվածության ցուցանիշն ամենաբարձրն է եղել։ Այդ օրերը կարմիրով են նշված, ինչը վտանգավոր է բնակչության զգայուն խմբերի համար։ Մնացած օրերին՝ մինչև մարտի 30-ը, ցուցանիշը «չափելիի» սահմանում է։ Իսկ ահա մարտի 31-ին և ապրիլի 1-ին օդի մաքրության ցուցանիշը «լավ» է գնահատվել։

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով, այսպիսի ցուցանիշը լիովին արդարացված է, քանի որ Երևանում օդն ամենաշատն աղտոտում են մեքենաները։

«Էկոլոգիան բավականին շատ է փոխվել։ Հիմնական աղտոտիչները, հատկապես Երևանում, մեքենաներն են։ Մայրաքաղաքի սահմաններից դուրս ամեն ինչ կախված է տեղանքից։ Օրինակ՝ Սյունիքում, Լոռիում խոշոր գործարաններ կան, որոնք լրջորեն աղտոտում են շրջակա միջավայրը»,-Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միքայելյանը։

Նրա խոսքով, օդը մոտ 85%-ով մաքրվել է ճիշտ այնքանով, որքանով կրճատվել է մեքենաների տեղաշարժը։

Մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեքենաները Հայաստանում հիմնականում հին են ու մաշված։ Նույնիսկ եթե համեմատաբար նոր մեքենաներ են ներմուծվում, հները չեն դադարում շահագործվել, դրանք վերավաճառում են ու կրկին օգտագործում՝ շարունալեով աղտոտել օդը։

Ըստ Միքայելյանի՝ շրջակա միջավայրին ամենաշատ վնասը հասցնում են դեղին ավտոբուսները, որոնք նախատեսված են ուղևորափոխադրման համար, նաև բեռնատարները։

«Վարորդները հաճախ սոլյարայուղ են օգտագործում, ինչը շատ է աղտոտում օդը»,-նշեց նա։

Միքայելյանը ուրախությամբ արձանագրեց, որ օդի աղտոտվածության ցուցանիշն իսկապես հասել է «լավ» մակարդակի, սակայն նաև զգուշացրեց՝ սահմանափակումները հանելուց հետո ամեն ինչ կվերադառնա նախկին վիճակին։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել, մարտի 25-ից ուժի մեջ են մտել մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը։

Փորձագետը կարծում է, որ այս սահմանափակումների դադարից հետո երկրի առաջ ծառացած ու հրատապ լուծում պահանջող խնդիրներն այնքան շատ կլինեն, որ բնապահպանական կարգավորումների մասին չեն էլ մտածի։

Նա իշխանությանն առաջարկում է թիրախային գործել, այսինքն՝ փոխարինել մեքենաները, որոնք ամենաշատն են վնասում էկոհամակարգին։  

Բնապահպան, բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ևս նկատել է, որ օդի որակը զգալի լավացել է։ Նրա խոսքով, մաքրվել են օզոնային շերտը, ջրերը, ջրանցքները, լավացել է մթնոլորտային օդը։

Սակայն Դանիելյանը ևս մտածում է, որ այս ամենը ժամանակավոր է։ Ավելին՝ նա վստահ է, որ SARS-CoV-2 նոր տիպի կորոնավիրուսի համավարակը մոլորակի պատասխանն է՝ վերջինի նկատմամբ, մարդկանց ագրեսիվ գործողություններին։

«Ես վաղուց խոսում ու գրում եմ, որ մենք գլոբալ բնապահպանական ճգնաժամ ենք ապրում, այն գնալով խորանում է։ Այս իրավիճակը մոլորակի պատասխանն է մարդու գործունեությանը»,-ընդգծում է Դանիելյանը։

Բնապահպանի խոսքով, մարդն էականորեն փոխում է էկոհամակարգը, իսկ փոփոխված էկոհամակարգերում միկրոֆլորան էլ է բավականին արագ փոփոխությունների ենթարկվում։

«Որպեսզի այս ամենը չհանգեցնի մարդկության ոչնչացմանը, մարդկիկ պետք է կտրականապես փոխեն իրենց վերաբերմունքը մոլորակի հանդեպ։ Հակառակ դեպքում Երկիր մոլորակը կշարունակի պաշտպանվել»,-ասում է բնապահպանը։

Դանիելյանն առաջարկում է համավարակի հետ կապված իրավիճակը դիտարկել որպես ազդանշան, որը կօգնի մարդկությանը վերջապես վերանայել էկոհամակարգի հանդեպ վերաբերմունքը։

«Շատ կուզեի, որ Հայաստանը կոչով դիմեր համաշխարհային քաղաքակրթությանը, որպեսզի մշակվի գլոբալ բնապահպանական մի համաձայնագիր՝ վարքի ու բնապահպանական մշակույթի զարգացման վերաբերյալ»,-շեշտեց Դանիելյանը։

Նա հավելեց՝ ժամանակն է, որ աշխարհի բոլոր երկրները վերանայեն իրենց վերաբերմունքը բնության հանդեպ։ Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի խուսափել բնապահպանական աղետից։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 571–ի։

Ըստ թեմայի

«Լիդիան Արմենիան» կվաճառի՞ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը. «Ժողովուրդ»
Ամուլսարի գործում նոր փաստաթուղթ է ի հայտ եկել. ՔԿ նախագահ
Հայաստանում սատկած ձկներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ–ն զբաղվում է խնդրով
Ինչո՞ւ են Սևաբերդում ձկները սատկել․ պարզաբանում է մարզպետը
թեգերը:
փորձագետ, Հրանտ Միքայելյան (քաղաքագետ), Կարինե Դանիելյան, բնապահպանական, Հայաստան

Գլխավոր թեմաներ