03:59 16 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.50
  • GBP610.52
  • EUR553.64
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
77110

Աշխարհում երևի շատերն են զարմանում, երբ իմանում են, որ Հայաստանում տարվա մեջ երկու անգամ են կանանց տոն նշում։ Մեզ համար վաղուց սովորական է դարձել, որ գարնան ընթացքում գոնե երկու օր կանայք պիտի ավելի շատ ժպտան։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հայաստանի տոնացույցում ապրիլի 7–ը Մայրության և գեղեցկության օրն է։ Մեր ազգային օրացույցում ընդգրկված օրը, սակայն, այնպես չէ, որ հեշտությամբ է իր տեղը հաստատել մյուս տոների կողքին։ 1995թ.–ից ազգային տոնացույցում ներառված ապրիլի 7-ը որոշ ժամանակ լուսանցքից դուրս էր մնացել։

Տարիներ առաջ, երբ Ազգային ժողովը մարտի 8-ը հանել է տոնացույցից՝ որպես Կլարա Ցետկինի սոցիալիստական գաղափարների ուղղորդում ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը (այն ժամանակ` ԱԺ պատգամավոր) գտել է հնարը՝ կանանց տոն ունենալու համար։

Հակոբյանը Sputnik Արմենիային դեռ 2017–ին է պատմել, թե ինչ հնարքի է դիմել, որպեսզի պատգամավորները կողմ քվեարկեն օրինագծին։

Նա նախ դիմել է աստվածաշնչյան կերպարների օգնությանը. ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Հակոբյանը հենց այդ օրն էլ որոշել է հռչակել մայրության և գեղեցկության տոն։ Խորհրդարանը, սակայն, դեմ է եղել օրինագծին, և որպեսզի կանայք ու աղջիկները պաշտոնական տոն ունենան, Հրանուշ Հակոբյանը մեկ ուրիշ հնարամտության է դիմել։

«Քանի որ ԱԺ նիստերը հեռարձակվում էին ուղիղ եթերով, ես օպերատորներին խնդրեցի ցույց տալ լուսատախտակը, որտեղ երևում է, թե ով ինչպես է քվեարկել։ ԱԺ ամբիոնից դիմեցի պատգամավորների կանանց՝ հորդորելով հետևել քվեարկությանը, որպեսզի նրանց, ովքեր դեմ քվեարկեն նախագծին՝ կանայք տուն չթողնեն»,–պատմել է Հակոբյանը։

Օրինագիծը, բնականաբար, ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։

Մնում է, որ տղամարդիկ ժպիտ պարգևեն իրենց շրջապատող կանանց, իսկ կանայք ու աղջիկներն էլ իսկապես վայելեն իրենց տոնը։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում` որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

թեգերը:
տոն, մայր, Հայաստան

Գլխավոր թեմաներ