12:19 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
3793 0 0

Ucom–ի հիմնադիրներ Եսայան եղբայրների հետ որոշել են հեռանալ ընկերության մի շարք առանցքային աշխատակիցները։ Sputnik Արմենիայի աղբյուրն ասել է՝  ինչ է կատարվում այնտեղ։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ucom հեռահաղորդակցման ընկերության մոտ 800 աշխատակից աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել։ Սա կարող է հանգեցնել ընկերության փլուզմանը, քանի որ այդ աշխատակիցների կեսն առանցքային պաշտոններ են զբաղեցնում։ Այս տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

Հայկ և Ալեքսանդր Եսայանները պատրաստ են գնել Ucom-ի` իրենց չպատկանող բաժնեմասը

Ավելի վաղ լրատվամիջոցները նշել էին, որ Ucom-ի ու Beeline-ի հնարավոր ձուլման պատճառով տնօրենների խորհրդում խնդիրներ են առաջացել։ Իբրև թե որոշվել էր, որ Beelinе-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշանակվելու է Ucom-ի տնօրեն, ինչի հետ համաձայն չէին Ucom-ի հիմնադիր եղբայրներ Հայկ ու Ալեքսանդր Եսայանները։

«Ընկերության աշխատակիցները շարունակում են դիմումներ գրել այն բանից հետո, երբ Եսայանները որոշեցին հեռանալ։ Մարդիկ չեն ուզում Պյատախինի ղեկավարության ներքո աշխատել, բոլորն ընկերությունում խոսում են նրան տնօրեն նշանակելու մասին»,-մանրամասնեց մեր աղբյուրը։

Նրա խոսքով՝ այս պահին ինչ-որ բանակցություններ են ընթանում, սակայն ընկերության «վերնախավից» բացի ոչ ոք չգիտի՝ ինչի մասին են բանակցում։ Ըստ մեր զրուցակցի՝ Եսայանները աշխատակիցների հետ որևէ քննարկում չեն ունեցել ու չեն խնդրել նրանց՝ աջակցել իրենց այս հարցում։ Պարզապես մարդիկ դիմումներ են գրում ի նշան ղեկավարության հետ համաձայնության։

«Եթե դիմում դրած բոլոր աշխատակիցները որոշեն վաղվանից գործի չգալ, ապա ընկերության աշխատանքը կկանգնի, քաղաքացիներն էլ կարանտինի ընթացքում կապ չեն ունենա»,-ընդգծեց մեր աղբյուրը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սահիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ամենայն հավանականությամբ, ղեկավար կազմի աշխատակիցներն անմիջապես չեն լքի իրենց պաշտոնները․ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ նրանք որոշ ժամանակի պետք է շարունակեն աշխատել։

Նա հավելեց, որ հնարավոր է՝ ընկերության աշխատակիցներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են ուզում հայտնել։ Սակայն այդ դեպքում, ըստ Սահիյանի, անհասկանալի է՝ ինչի հետ համաձայն չեն, եթե գործարքը հաստատված կամ հրապարակված չէ։

«Քանի ամիս է անցել, իսկ այդ գործընթացի մասին ոչ ոք այդպես էլ կարծիք չի հայտնել։ Անհասկանալի է՝ ինչու»,-ավելացրեց Սահիյանը։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Ucom-ի մամուլի ծառայության հետ։ Կապ հաստատեցինք համահիմնադիր Ալեքսանդր Եսայանցի հետ, սակայն նա այս պահին զերծ մնաց որևէ մեկնաբանություն տալուց։

Beeline-ի մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ իրենց ընկերությունում ոչ մի փոփոխություն չի կատարվում, ու Պյատախինը շարունակում է զբաղեցնել գլխավոր տնօրենի պաշտոնը և չի պատրաստվում լքել այն։ Beeline–ը շարունակում է աշխատել սովորականի պես, ընդգծեցին ընկերությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին հայտնի դարձավ, որ Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Beeline») գնելու նպատակով:

Մինչև 2015 թվականին Orange Armenia–ն ձեռք բերելը ընկերությունում աշխատել է մոտ 800 մարդ։ Դրանից հետո Ucom–ն ընդունել է Orange–ի աշխատակիցներին, և ընկերությունում սկսել է աշխատել 1200 մարդ։ Այսօր այդ թիվը 1600–ի է հասել։

թեգերը:
UCom ընկերությունը, ազատման դիմում, աշխատատեղ, աշխատանք, Հայաստան

Գլխավոր թեմաներ