ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արժանապատիվ է գործել, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից ներողություն է խնդրել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սիմոնյանի պահվածքին։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում Անի Սամսոնյանն ասել էր, թե Սիմոնյանին նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն վերաբերվում, ուր մնաց իրենք և ժողովուրդը լուրջ ընդունեն։ Սիմոնյանն էլ, պատասխանելով Սամսոնյանին, նշել էր, թե ամուսնացած է և առաջարկում է իր մասին ավելի քիչ խոսել, քանի որ դա տգեղ է դիտվում։ Նրանց երկխոսությունից հետո բազմաթիվ քննադատություններ հնչեցին Սիմոնյանի հասցեին, որից հետո ԱԺ փոխխոսնակը ներողություն խնդրեց Սամսոնյանից։
Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ
«Սիմոնյանն արդեն իսկ արձագանքել է Սամսոնյանին ուղղված մեկնաբանության առնչությամբ` նրանից ներողություն խնդրելով։ Կարծում եմ` այդքանով այս թեման կարելի է փակված համարել»,–ասաց Մակունցը։
Նրա խոսքով` «Իմ քայլը» խմբակցությունում նման բոլոր դեպքերը քննարկվում են և դրանցից հետևություններ են անում։ Նկատառմանը, թե «Իմ քայլի» պատգամավորները հաճախ են կանանց ուղղված վիրավորանքներ հնչեցնում` Մակունցն արձագանքեց, որ իրենք երևույթներին են գնահատական տալիս և երբեք ինչ–որ մեկին անհատական կամ նրա ընտանիքի անդամներին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ կամ սպառնալիքներ չեն հնչեցնում։
«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում անդրադարձել էր վերոհիշյալ միջադեպին ու ասել, որ կնոջ սեռը թիրախավորելով` նրան վիրավորելը բացարձակ մերժելի երևույթ է: