17:04 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
833301

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Երևանի Հարավ–արևմտյան թաղամաս, որտեղ ողբերգություն է տեղի ունեցել։ Հարևանները որոշ մանրամասներ են պատմել 9-րդ հարկից նետված տղամարդու ու նրա ընտանիքի մասին։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Երևանի ծայրամաս։ Կանաչ բակ։ Ինը հարկանի շենքի վերջին հարկի պատշգամբում լվացք է փռված, քամին օրորում է մանկական հագուստը։ Խաղաղ է ու լուռ, դժվարությամբ ես պատկերացնում, որ ընդամենը մի քանի ժամ առաջ՝  լուսադեմին, այդ բնակարանում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել։ Ըստ նախնական վարկածի՝ 40 տարեկան Կարեն Մելիքյանը պատուհանից նետել է իր երկու երեխաներին, հետո էլ ինքն է նետվել։

Место происшествия в Юго-Западном Массиве (5 мая 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մելիքյանների բնակարանի պատշգամբը

Նկատում ենք ոստիկանության աշխատակիցներին և որոշում ենք շրջանցել շենքը, որպեսզի ավելի հարմար դիրքից լուսանկարենք բակը։ Հայտնվում ենք շենքի հետևի հատվածում, որտեղ շագանակագույն ջրափոս կա։ Զգուշորեն մի քանի քայլ ենք անում, որպեսզի պատահաբար չընկնենք ջրի մեջ, և մի քանի վայրկյան անց հասկանում ենք, որ հենց դեպքի վայրում ենք. ջրափոսում արյան հետքեր են երևում։ Սարսափում ենք, փախչելու ցանկություն է առաջանում...

Место происшествия в ЮЗМ
© Sputnik / Asatur Yesayants
Արյան հետքերով ջրափոսը

Մուտքի մոտ տղամարդ է նստած։ Նա ցնցված է և լրագրողներին մանրամասներ է պատմում Մելիքյանների ընտանիքի մասին։ Ասում է, որ ընտանիքի հորը 20 տարի ճանաչում էր, իսկ վերջին 1,5 տարում, ինչ նա վերադարձել էր Ռուսաստանից, ընկերացել էին։ Մելիքյանների ընտանիքում կարծես թե ամեն ինչ կարգին էր, տղամարդը վերջերս հաշտվել էր կնոջ հետ։ Կարենը որդու՝ Լեոյի և դստեր՝ Մանանի հետ խանութ էր գնում, շենքի բակի մանկական հրապարակում երեխաներին ճոճանակ էր նստեցնում։

Место происшествия в Юго-Западном Массиве (5 мая 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Մուտքի մոտ հավաքված տղամարդիկ

«Լավ հայր էր։ Շատ էր սիրում էրեխեքին։ Չեմ պատկերացնում՝ ինչն է եղել այդ քայլի պատճառը։ Երևի պահի տակ է եղել, րոպեական է տեղի ունեցել»,-ասում է տղամարդը։

Մտնում ենք շենք։ Որոշում ենք ոտքով բարձրանալ, որպեսզի զրուցենք հարևանների հետ։ Շենքում քար լռություն է, և հեշտությամբ կարելի է հասկանալ, թե որ բնակարանում են քննչական գործողություններ ընթանում։ Որոշ հարևաններ համաձայնում են խոսել, պատմում են, որ Կարենը լռակյաց ու հանգիստ մարդ էր, ոչ մեկի հետ չէր վիճում և միշտ բարևում էր։

Երեխաները լավն էին, բայց սովորաբար կա՛մ երկուսով էին խաղում, կա՛մ հոր հետ, հարևանների երեխաների հետ գրեթե չէին շփվում։ Հարևանուհիներից ոչ մեկը չի հիշում ընտանիքի մորը, անգամ նրա անունը չգիտեն, ասում են, որ մի երկու անգամ տեսել են, բայց չեն շփվել, ասում են` կինը չէր սիրում տնից դուրս գալ։

«Այդ բնակարանից երբեք կռվի կամ վեճի ձայներ չեն լսվել։ Կարենը չէր ծխում, իսկ խմելու կամ թմրանյութի մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասում է հարևանուհիներից մեկը։

  • Այն շենքը, որտեղից նետվել են երեխաներն ու հայրը
    Այն շենքը, որտեղից նետվել են երեխաներն ու հայրը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շենքի բակում
    Շենքի բակում
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Շենքի բակում
    Շենքի բակում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շենքի բակում
    Շենքի բակում
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Շենքի բակում
    Շենքի բակում
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Շենքի բակում
    Շենքի բակում
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Շենքի տարածքում քննչական գործողություններ էին իրականացնում իրավապահները
    Շենքի տարածքում քննչական գործողություններ էին իրականացնում իրավապահները
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 7
© Sputnik / Asatur Yesayants
Այն շենքը, որտեղից նետվել են երեխաներն ու հայրը

Մյուս հարևանն էլ պատմում է, որ ողբերգության գիշերը նույնպես որևէ ձայն կամ ճիչ չի լսել, միայն առավոտյան ժամը 4-5-ի մոտակայքում խուլ դմփոց է լսվել, բայց չեն հասկացել, թե ինչ ձայն կարող է լինել։ Եվ արդեն վաղ առավոտյան` ժամը 7։30-8-ին, ձայներ են լսել ներքևից։ Տղամարդը դուրս է նայել պատուհանից ու սարսափել։

«Բակում ընկած էր Լեոյի մարմինը, նա ամուր գրկել էր արջուկին, իսկ մի փոքր հեռու հոր դին էր՝ շորտով ու մայկայով, Մանանը նրան շատ մոտ էր ընկած։ Գիշերանոցով էր։ Երևի գրկել է աղջկան, ու միասին են նետվել։ Սարսափելի տեսարան էր։ Դժվար թե կարողանամ մոռանալ»,-ասաց հարևանը։

Մենք մոտենում ենք Մելիքյանների բնակարանին։ Արդեն կարողացել ենք պարզել, որ հանգուցյալի կինն ու մայրը ներսում են։ Աստիճանավանդակում բազմաթիվ ոստիկաններ կան, բայց շատ լուռ է, և փսփսոց է լսվում․ «Դիակները վաղ առավոտյան են գտել, մի կին աշխատանքի գնալիս է տեսել»։ Չի հասկացվում` ով է սա ասում։

Մենք աստիճանավանդակը լուսանկարելու թույլտվություն ենք խնդրում, ոստիկանը խեղդված ձայնով ասում է․ «Նկարեք, բայց վստահ չեմ, որ էրեխեքի հեծանիվներն են»։ Մարմնովս դող է անցնում, սարսափի երկրորդ ալիքն եմ զգում։

Место происшествия в Юго-Западном Массиве (5 мая 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Մելիքյանների բնակարանի մոտ դրված մանկական հեծանիվը

«Մի քանի օր առաջ ասել էր, որ իր էրեխեքին ոչ մեկին չի տա ու իր հետ է տանելու։ Երբ հարցրել էին, թե էլի Ռուսաստան գնալու միտք ունի՞, ասել էր` չէ, ուրիշ տեղ եմ գնալու»,- արդեն բակում պատմում է մյուս հարևանը։

Ողբերգության վայրում մարդիկ են հավաքվում։ Նրանց մեջ աչքի է ընկնում մի ճաղատ տղամարդ` մռայլ ու շատ գունատ։ Ժամանակ առ ժամանակ նա հեռանում է մարդկանցից, նայում երկնքին, հոգոց է հանում և վերադառնում հավաքվածների մոտ։

Место происшествия в Юго-Западном Массиве (5 мая 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Կարեն Մելիքյանի եղբայրը բարեկամներից մեկի հետ

Տղամարդիկ լրագրողներին խնդրում են չմոտենալ նրան։ Հանգուցյալի եղբայրն է։ Լրագրողներից մեկն այնուամենայնիվ մոտենում է, տղամարդը նայում է նրան և ցածրաձայն ասում․ «Խնդրում եմ, մեզ հանգիստ թողեք»։

Քիչ ավելի ուշ գալիս է երեխաների մորական տատը, նա հեկեկում է և հազիվ շարժվում։ Կնոջը մի տղամարդ է ուղեկցում, որը նույնպես արտասվում է։ Մոտենում են հանգուցյալի եղբորը, գրկախառնվում։ Բոլորը հեկեկում են, հոգեցունց տեսարան է։ Երեքով շքամուտք են մտնում։

Место происшествия в Юго-Западном Массиве (5 мая 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Երեխաների մորական տատը

Մի պահ լռություն է տիրում, բոլորը փորձում են հասկանալ, թե ինչպես և ինչու է նման բան տեղի ունեցել։ Սաստիկ քամի է բարձրանում։ Թվում է՝ ուր-որ է կպոկվեն բոլոր ծառերը, տանիքի թիթեղներն ու ավտոտնակների բաց դռները։ Ակամա վերև եմ նայում․ պատշգամբում օրորվում է մանկական հագուստը․․․

Սարսափելի դեպք Մոսկվայում. երեխաներն ընկել են 11-րդ հարկի պատուհանից

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)

Ըստ թեմայի

11-րդ հարկից ընկած տղաների հայրը գործարար է․մանրամասներ Մոսկվայի սարսափելի ողբերգությունից
Սևանում կորած 32-ամյա տղամարդուն փրկարարները չեն գտել
Հաղարծինում երեխան ընկել է ձորը. օգնության են հասել փրկարարները
թեգերը:
Հայաստան, Երևան, հայր, երեխա

Գլխավոր թեմաներ