03:22 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41720

97-ամյա Ռոզալյա Աբգարյանը պատմում է, թե ինչպես մեկնեց ռազմաճակատ, ում մասին էր հիշում ռմբակոծությունների ժամանակ, և թե ինչպես էին նշում հաղթանակն այն պատերազմում, որտեղ «միշտ և ամեն ինչ սիրո մասին էր»։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

1941 թվականի հունիս, Թբիլիսի, ուշ երեկո։ Այդ օրը հնչել էր դպրոցական Վերջին զանգը։ Շրջանավարտ Ռոզալյա Աբգարյանը և նրա համադասարանցիները կանգնած էին կամրջին ու միմյանց «համընթաց քամի» էին մաղթում։ Դեռ երեկ դպրոցականները քննարկում էին ապագայի պլանները, նրանցից ոմանք երազում էին ընդունվել Մոսկվայի համալսարաններ, ուրիշները՝ ընտանիք ստեղծել։ Նրանք դեռ չգիտեին, որ Հիտլերի զորքերը ներխուժել են ԽՍՀՄ։ Սարսափելի լուրը նրանց հասավ հաջորդ առավոտյան․ պատերազմ էր սկսվել։

Ինչպես արցախցին քաղցրավենիք ու ծխախոտ տարավ բաքվեցի գերուն, կամ պատերազմի չջնջվող հետքը

18-ամյա Ռոզալյան հաստատ որոշել էր մեկնել ռազմաճակատ, բայց մոր հետ այդ որոշումը չքննարկեց։ Ցածր ու երկչոտ ձայնով հայտնեց հորը, որը հասկացավ ու գլխով արեց։ Հայրը չփորձեց էլ նրան համոզել, որ նման բան չանի. պարզապես խնդրեց մորը չպատմել։ Հայրն ու դուստրը միասին հարմար պատրվակ գտան, և Ռոզալյան մեկնեց ռազմաճակատ։ Միայն որոշ ժամանակ անց մայրն իմացավ, թե իրականում ուր է մեկնել իր դուստրը։

«Մենք ոգեշնչված էինք մեկնում։ Սկզբում այնքան էլ լավ չէինք հասկանում, թե ինչ է պատերազմը։ Մենք գնում էինք բեռնատար գնացքով, այնտեղ փայտե քնատախտակներ կային։ Ճեղքերի միջով ներս էր թափանցում վառ արևը, իսկ գիշերները երբեմն աստղերն էին երևում։ Այդ ամենը մեզ շատ ռոմանտիկ էր թվում։ Մենք շատ էինք։ Ռադիստուհիներն անընդհատ հարցնում էին ուղեկցորդներին, թե ուր ենք գնում և երբ կհասնենք, բայց նրանք չգիտեին»,-ժպիտով հիշում է վետերանը։

Ветеран Розалия Абгарян
© Sputnik / Асатур Есаянц
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը

Տիկին Ռոզալյան հանկարծ կտրուկ մռայլվում է։ Հիշում է ընկերուհուն՝ Նադյային, որի հետ միասին էին այդ վագոնում․ անընդհատ փսփսում էին՝ երազելով մարտական սխրանքների մասին։ Բայց Նադյային այլ ճակատագիր էր սպասում։

Ветеран-фронтовик ВОВ Розалия Абгарян на премьере документального фильма режиссера Владимира Русаневича «Память сердца» в РАУ
© Sputnik / Асатур Есаянц
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը

Ստալինինգրադ ժամանելուն պես խումբն ավիահարձակման ենթարկվեց։ Շատերը զոհվեցին, ոմանք վիրավորվեցին։ Ռոզալյան, չնայած որ տասնյակ անգամ է ռմբակոծության տակ ընկել, հիմա՝ 80 տարի անց, ամեն օր միայն մի դեմք է հիշում՝ կարմրահեր օդաչուի դեմքը։ Նա շատ ցածր էր թռչում և հերթական անգամ գնդակոծելով ջոկատը, ժպտում էր․․․

«Սոսկալի պատկեր էր։ Մարտի դաշտում անցկացրած մեկ օրը բավական է, որ մարդ երբեք չմոռանա պատերազմը։ Այդ օրը Նադյայի գլուխը մի կողմ ընկավ, մարմինը՝ մյուս։ Ես նայում էի ու չէի հասկանում, թե ինչ է նրա հետ կատարվում։ Որոշ ժամանակ անց սարսափելի ցավ զգացի՝ վիրավորվել էի։ Հաջորդ բոլոր ռմբակոծությունների ժամանակ, որոնց միջով ստիպված եղա անցնել, ես պինդ փակում էի աչքերս ու պատկերացնում ժպտացող ընկերուհուս, իսկ հետո՝ մորս»,-պատմում է Ռոզալյա Սերգեևնան։

Այդ առաջին ռմբակոծության ժամանակ բոլոր ողջ մնացածները զգացին պատերազմի դառնությունը։ Նրանք սովորեցին դիմանալ շոգին, ցրտին ու սովին, տիղմի միջով քայլել քշտած շինելով և պատկերացնել, թե ինչքան լավ է լինելու պատերազմից հետո։ Ինչ հանգիստ են քնելու տաք անկողնում, ինչ համեղ է լինելու տաք ապուրը։

Ռազմաճակատում հատկապես ծանր էր աղջիկների համար, որոնք տարրական հիգիենայի պայմանների կարիք ունեին։ Ավելի տարիքով կանայք պատմեցին սանիտարական մեքենայի մասին, որի ներսում աղջիկները ջուր էին տաքացնում և լողանում։ Երբեմն բռնում էին ջահել զինվորների, որոնք  գալիս էին գաղտագողի նայելու այդ տեսարանը, բայց նրանց հազվադեպ էին պատժում։ Պատերազմում նման բաների համար չեն զայրանում։

«Երբեմն գետեր ու լճեր էինք գտնում, մեզ կարգի բերում։ Անհարմար էր փնթի ման գալը։ Իսկ եթե շրթներկ էինք գտնում, մեր ուրախությանը չափ չէր լինում։ Մատով մի փոքր վերցնում էինք և ներկում շրթունքները։ Իսկ երբ չափն անցնում էինք, տղամարդիկ ծիծաղում էին, աղջիկները` կարմրում»,-պատմում է վետերանը։

Բացի այդ, աղջիկներին շփոթեցնում էին սիրահարված զինվորները։ Պատերազմը պատերազմ, իսկ սերը հաճախ էր պատահում։ Տիկին Ռոզալյան խոստովանում է, որ գարնանային տաք երեկոներին ընկերուհիներին հնարավոր չէր լինում գտնել, և դա սովորաբար մեկ բան էր նշանակում՝ նրանք ժամադրության են փախել։ Իսկ հաջորդ առավոտ պատմում էին իրենց սխրանքների մասին, միայն թե` ոչ մարտական։ Ինքն իր սերը գտավ Կովկասում` պատերազմի կեսերին։

Հացի իրական գինը, կամ ինչպես էին հայերը շփվում գերի ընկած գերմանացիների հետ

Սպա էր։ Անմիջապես պայմանավորվեցին, որ եթե ողջ մնան` կհանդիպեն Թբիլիսիում, իսկ մինչ այդ նամակագրություն կպահեն։ Ամեն անգամ հուզմունքով սպասում էր նոր նամակի և հավատում, որ շուտով կհանդիպեն։ Ճակատագրի կամքով նրանք մի անգամ հանդիպեցին Ռոզալյայի հայրենի քաղաքում և երկար թափառեցին իրենց երկար ու մի փոքր էլ կեղտոտ շինելները հագներին։

Նրանց վիճակված էր միասին ապրել 58 տարի։ Տուն ու օջախ ստեղծելու լավագույն վայր համարեցին Երևանը։

«Պատերազմում միշտ և ամեն ինչ սիրո մասին է։ Երբ մտանք Լեհաստան, առաջին հարցը, որ տվեցինք՝ ինչպե՞ս լեհերեն ասել` «ես քեզ սիրում եմ»։ Նույնը` Հունգարիայում, նույնը` Գերմանիայում»,-լայն ժպիտով հիշում է նա։

Վետերանը հաճույքով է պատմում Հաղթանակի օրվա մասին։ Նա ռադիստուհի էր և առաջինն իմացավ նորությունը։ Զինվորներն առանց քաշվելու արտասվում էին և միմյանց օդ թռցնում։ Բոլորն էին ուզում ապրել, բայց անգամ պատերազմի վերջին օրերին մարդիկ էին զոհվում։

«Այն ժամանակ ես չէի մտածում, թե որքան դժվար է երեխաներին պատերազմ ուղարկել։ Իսկ հիմա, երբ ինչ-որ վտանգավոր բան է լինում, մորս մասին եմ մտածում։ Հասկանում եմ, թե նրա համար որքան ցավալի է եղել իմանալ, որ ես ռազմաճակատ եմ մեկնել»,-խոստովանում է կինը։

Ռոզալյա Աբգարյանը երկու որդի, թոռներ և ծոռներ ունի։ Ծնողները վաղուց մահացել են, ամուսինը` նույնպես։ Եվ հաճախ, նայելով խորհրդային տարիների ֆիլմերը պատերազմի մասին, նա մտածում է իր անցած ուղու մասին և խոստովանում, որ եթե հիմա 18 տարեկան լիներ` կրկին կգնար ռազմաճակատ ու կպաշտպաներ հայրենիքը։ Բայց նախևառաջ կխոսեր մոր հետ։ Եվ հրաժեշտ տալուց առաջ ամուր կգրկեր նրան։

Հայկ Շադունցի անհավանական սխրանքը. ինչու են մերձմոսկովյան Լոբնյայում փառաբանում արցախցուն

թեգերը:
Հաղթանակի միջոցառումներ, հաղթանակ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ, Ռոզալյա Աբգարյան

Գլխավոր թեմաներ