02:39 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
71010

Այս պահին Վերին Լարսի ռուսական կողմում ՀՀ 38 քաղաքացի կա, նրանց թվում՝ կանայք և երեխաներ։ Sputnik Արմենիան զրուցել է սահմանակետում «պատանդ մնացած» մեր հայրենակիցների հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Չոր օրապահիկ ռուս սահմանապահներից ու մոտակա բնակավայրերում ապրող հայերի օգնություն. բարդ իրավիճակից այսպես են դուրս գալիս Վերին Լարսի ռուսական կողմում գտնվող ՀՀ քաղաքացիները։

Հայաստանի 38 քաղաքացիներն արդեն մի քանի օր է` սպասում են հայրենիք վերադառնալուն։ Նրանցից յուրաքանչյուրը Վերին Լարսում հայտնվելու իր պատճառն ունի։ Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է՝ ինչ է այնտեղ կատարվում։

Հոգու ճիչ

Զանգում եմ։ Բաժանորդի հեռախոսահամարը չի պատասխանում։ Փորձում եմ հավաքել ինձ մոտ եղած մյուս համարը։ Հեռախոսին պատասխանում է մոտ 60 տարեկան մի տղամարդ։ Ռուսերեն է խոսում։ Պարզվում է՝ նախկին օդաչու Գագիկ Օսյանն է։ Իմացել է, որ Հայաստանում ապրող մայրը հիվանդանոցում է հայտնվել ու իր մեքենայով որոշել է Տյումենից գալ Հայաստան։

«Բառացի ասում եմ՝ նրա բուժող բժիշկը գրեց ինձ՝ ծավալուն ինֆարկտ», - ասում է Օսյանը։

Նա, ինչպես Լարսում գտնվող մյուս բոլոր մարդիկ, ֆինանսական խնդիրներ ունեն։ Այդ պատճառով էլ չեն կարող ինքնաթիռի սպասել։

Օսյանն արդեն հասցրել է նամակ գրել Վրաստանի ՆԳՆ-ին և հորդորել, որ զիջումների գնան։

Заявление гражданина Армении  Гагика Осяна
© Photo : provided by Gagik Hosyan
Գագիկ Օսյանի նամակը

Նվերը, որը նույն իրավիճակում է հայտնվել, իր պատմությունն ունի։ Նա որոշել է ինքնուրույն տուն հասնել ու մնացել է անցակետում։ Հայրենիքում նրան սպասում են կինն ու երեք երեխաները, իսկ մոտը եղած գումարը վերջացել է։

Նա դեռ համավարակից առաջ էր Մոսկվա մեկնել։ Ասում է՝ ոչ թե արտագնա աշխատանքի, այլ հյուր։ Հետո մի շարք խնդիրների է բախվել ու ստիպված սպասել է, որ ամեն ինչ ավարտվի։ Վերջը չի երևացել․․․ Գումարը վերջացել է, ապրելու տեղ չի ունեցել, որոշել է վերադառնալ Հայաստան։

Նվերի խոսքով` անցակետում տարրական պայմաններ չկան, կանանց ու երեխաներին (6 մարդ) կարողացել են տեղավորել մոտակայքում ապրող ծանոթների տներում։

«Այստեղ միայն տղամարդիկ են մնացել», - ասաց նա։

Մեր մյուս զրուցակիցը, որը նախընտրեց չհայտնել իր անունը, նշեց, որ գիտեր Վրաստանի տարածք մուտք գործելու արգելքի մասին, բայց չգալու տարբերակ չուներ։ Ռուսաստանում աշխատած իր ամբողջ ունեցվածքը տեղավորել է մինիվենում ու որոշել է տուն վերադառնալ։

«Ինչպե՞ս էի այսքանը բերելու ինքնաթիռով։ Ու ի՞նչ երաշխիք կար, որ մեքենաս ապահով ու լավ վիճակում տեղ կհասներ», - ասում է նա։

Անցակետում հայտնված Հովհաննեսն էլ նշում է, որ Գլխավոր հյուպատոսության առաջարկն իրենց համար անընդունելի է։ Նախ՝ հաստատ չէ, որ իրենք Սոչիից կամ Կրասնոդարից կմեկնեն նշված ժամկետում, քանի որ առաջարկվել է հերթագրվել, իսկ իրենք տեղեկություն ունեն, որ մի քանի հարյուր քաղաքացի է սպասում չվերթին։

«Երևանի տոմսը 9 հազար ռուբլուց (մոտ 60 հազար դրամ) է սկսվում։ Եթե այդքան գումար ունենայինք, այստեղ չէինք լինի», - ասաց Հովհաննեսը։

Նրանց մտահոգում է նաև մեքենաների հարցը։ Թեև Գլխավոր հյուպատոսությունն առաջարկել է ապահով վայր տանել, բայց կայանատեղի վճարն օրական 50 ռուբլի է (մոտ 350 դրամ)։ Հովհաննեսը նշում է, որ այս իրավիճակը կարող է մի քանի ամիս տևել։ Կստացվի, որ վերջում ստիպված կլինեն կլորիկ գումար վճարել։

Սահմանում մնացած մարդկանց թվում երեխաներ էլ կան։ Վեց տարեկան երեխան առողջական խնդիրներ ունի։ Նրան ու մորը դժվարությամբ, բայց կարողացել են տեղավորել մոտակայքում ապրող անծանոթ մարդկանց տանը։

«Սահմանապահները մեզ պարբերաբար ուտելիք են բերում․ չոր օրապահիկ են տալիս, մոտակայքում ապրող մարդիկ՝ հիմնականում հայերը, ինչ կարող են, բերում են՝ կաթ, ուտելիք... Ինչով կարողանում են, օգնում են», - ասում է Հովհաննեսը։

Сухой паек от российских пограничников
© Photo : provoded by Hovhanes Vardanyan
Սահմանապահների տված օրապահիկը

Ի՞նչ են առաջարկել

Երեկ Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ որպես լուծման տարբերակ` իրենք առաջարկել են ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպել առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են այդ տարբերակից՝ պնդելով, որ վերադարձը կազմակերպեն բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով։

Սակայն խնդիրն այն է, որ նոր տիպի կորոնավիրուսի պատճառով Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար:

Անցակետում մնացած մարդիկ արդեն մի քանի օր է` ՀՀ գլխավոր հյուպատոսությանը խնդրում են միջանցք բացել ու իրենց Վրաստանի տարածքով դուրս բերել անցակետից։ Նրանք անգամ պատրաստ են վճարել մեքենաների ախտահանման համար։ Մեկ այլ տարբերակ էլ են առաջարկում` մարդկանց դուրս բերել ավտոբուսներով, մեքենաները՝ ավտոքարշակով ։ Այլ լուծում նրանք չեն տեսնում։

Ըստ թեմայի

ՌԴ քաղաքացիների համար Երևանից նախատեսված հատուկ չվերթերը հետաձգվել են. դեսպանատուն
Ե՞րբ կկայանա Մոսկվա–Երևան հաջորդ թռիչքը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
թեգերը:
հայեր, Վերին Լարս, Հայաստան

Գլխավոր թեմաներ