06:53 28 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
65320

Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներն ու ձեռնոցները պատրաստում են պոլիէթիլենից. դրանք զարգացած երկրներում օգտագործումից հետո վերամշակվում են։ Հայաստանում պլաստիկ թափոնները սովորական կենցաղային աղբ են համարվում։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մինչ ամբողջ աշխարհն անհանգստացած է մեկանգամյա օգտագործման ձեռնոցներից և դիմակներից առաջացած վտանգավոր թափոնների կտրուկ աճով և աղբի վերամշակման հնարավորությունների լայնացման աշխատանքներ է տանում, Հայաստանում քաղաքացիներին խորհուրդ են տալիս օգտագործած պաշտպանիչ միջոցները «դնել առանձին տոպրակի մեջ, հերմետիկ փակել և նետել»։ Հենց այսպիսի խորհուրդ է տվել քաղաքացիներին Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նա անիմաստ է համարում «կորոնավիրուսային» թափոնների համար հատուկ աղբամանների տեղադրումը։

«Մենք նման փորձ ունենք հիվանդանոցներում և  հյուրանոցներում, այսինքն՝ վարակվածների օգտագործած պաշտպանիչ միջոցները նրանց ուտելիքի և անձնական օգտագործման առարկաների մնացորդների հետ միասին տեղավորվում են առանձին սանիտարական պարկերում և միայն դրանից հետո են տեղափոխվում աղբատար մեքենա»,-նշել է Սարգսյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց` քանի որ հանրապետությունում պլաստիկի վերամշակման գործարաններ չկան, ապա առանձին աղբամանների տեղադրումը ևս իմաստ չունի։

«Այն ընկերությունները, որոնք պլաստիկի համար առանձին աղբարկղեր են դնում, ուղղակի փորձում են «փիար անել»։ Պլաստիկի վերամշակում չի իրականացվում, և արդյունքում այդ թափոնները նետվում են նույն աղբավայրը, որտեղ և կենցաղային աղբն է։ Երևանի քաղաքապետարանը պլաստիկ թափոնների վերամշակման հետ կապված ծրագրեր ունի, բայց առայժմ դրանց մասին խոսելը վաղ է»,-նշեց Կուբատյանը։

Իսկ կարիք կա՞ անհանգստանալու, որ Հայաստանում «կորոնավիրուսային» թափոնները վերամշակելու հնարավորություն չկա։ Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ դա «չարյաց փոքրագույնն է»։

«Բնականաբար, պետք է միջոցներ ձեռնարկել, որ այդպիսի թափոնները հնարավորինս քիչ վնաս հասցնեն ոչ միայն բնությանը, այլև մարդկանց։ Սակայն մեր երկրում բնապահպանության և բնապահպանական մտածողության հետ կապված այնքան խնդիրներ կան, որ դրանց ֆոնին պլաստիկ թափոնների վերամշակման անհնարինությունը ողբերգություն չի թվում»,-նշեց Դանիելյան։

Բայց անփութորեն սովորական աղբարկղը նետված ոչ գործվածքային նյութերից պատրաստված դիմակներն ու ձեռնոցները սանիտարական ծառայությունների աշխատակիցների համար կորոնավիրուսով վարակման վտանգ են ստեղծում։ Պոլիէթիլենի մեջ փաթաթված դիմակները կարող են անվնաս լինել միայն այն դեպքում, եթե դրանք երեք օր մնացել են փակ տոպրակի մեջ և միայն դրանից հետո այդ նույն տոպրակով աղբն են նետվել։

«Էկո աղբ» ՀԿ-ի ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանում կարելի է աղբի վերամշակումը կազմակերպել գրանտային ծրագրերի հաշվին, դրանցից մեկը ISSD-ն է։

 «Չնայած թափոնների վերամշակման տարբերակներն այնքան շատ չեն, որքան կուզենայինք, միևնույնն է աղբը միշտ և պարտադիր պետք է տեսակավորել։ Իսկ հետո կարելի է դիմել մեզ կամ այդ հարցով զբաղվող այլ կազմակերպությունների։ Ցանկության դեպքում միշտ կարելի է ելք գտնել»,-համոզված է Մկրտչյանը։

«Տոպրակ պետք չէ» շարժման  համակարգող Կարինե Վաննը դիմակային ռեժիմի հետ կապված պարետատան որոշումը ոչ խելամիտ է համարում։

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

«Դիմակները պետք են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին, և բոլորովին իմաստ չունի զուր օգտագործել մեկանգամյա դիմակը` դնելով այն փողոցում կամ այգում զբոսնելիս կամ շուկա գնալիս»,-կարծում է ակտիվիստը։

Նրա խոսքով՝ մեկանգամյա ոչ գործվածքային նյութերից պատրաստված դիմակների ու ձեռնոցների վերամշակումն ամբողջ աշխարհի համար է բարդ գործընթաց, քանի որ դրանք ի սկզբանե վերամշակման համար չեն ստեղծվել։ Կարինեի տեսանկյունից՝ քանի որ Հայաստանում «կորոնավիրուսային» թափոնների վերամշակման գործուն եղանակներ չկան, ապա իշխանությունները պետք է փոխեն այդ որոշումը։

«Նրանք կարող են քաղաքացիներին խորհուրդ տալ թաշկինակներ կամ շարֆեր կրել, բայց ոչ մի դեպքում չստիպել մարդկանց մեկանգամյա օգտագործման դիմակներ կրել, որոնք, աղբավայրում հայտնվելով, բնությանը վնաս են հասցնելու»,-ասում է նա։

Մասնագետներն իբրև այլընտրանք խորհուրդ են տալիս բազմակի օգտագործման դիմակներ կիրառել։ Կարելի է դրանց մեջ մի քանի շերտ թանզիֆ դնել`այդպիսով ուժեղացնելով կտորի պաշտպանիչ հատկությունը։ Այդպիսի դիմակները օգտագործումից հետո պետք է լվանալ օճառով կամ այլ լվացող միջոցով, այնուհետև արդուկել գոլորշիով արդուկով։ Ապա, խոնավությունը վերացնելու համար, դիմակը պետք է արդուկել առանց գոլորշու։

Հիմա աշխարհի բազմաթիվ երկրներում թափոնների վերամշակման առավել արդյունավետ միջոցներ են փնտրում։ Իրավիճակը կարող են փոխել վերամշակման այլընտրանքային՝ քիմիական կամ բիոինժեներական մեթոդները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար

Քիմիական վերամշակման դեպքում պլաստիկը կարելի է բաժանել ելքային մոնոմեր մոլեկուլների, այնուհետև դրանցից միևնույն հատկանիշներով պոլիմեր առարկա հավաքել։ Իսկ բիոինժեներիայի շնորհիվ կարելի է ֆերմենտ մշակել, որը կքայքայի պլաստիկի 90% -ը։ Ինչպես ասում են՝ ցանկություն լինի, պլաստիկի վերամշակման տարբերակ էլ կգտնվի։ Իսկ առայժմ հարկ կլինի հետևել Երևանի քաղաքապետարանի խորհուրդներին և «պլաստիկը պլաստիկի մեջ դնել»։

Ըստ թեմայի

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Մահացած Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա մի շարք խնդիրներ է ունեցել
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Հայաստան, աղբի վերամշակում, աղբ, պլաստիկ, ձեռնոց, դիմակ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ