16:54 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1176)
83321

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորված և ժողովրդավարության գաղափարների առաջմղման համար նախատեսված հայկական տեղեկատվական կայքը Covid-19–ի մասին կեղծ տեղեկություն է տարածում։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Բրիտանական հեղինակավոր openDemocracy առցանց պարբերականը, որը մասնագիտացած է միջազգային քաղաքականության և մշակույթի թեմաների ոլորտում, հետաքննություն է անցկացրել և պարզել, որ Հայաստանում ստեղծված Medmedia.am կայքը կեղծ լուրեր է տարածում կորոնավիրուսի համավարակի և Հայաստանում տիրող իրավիճակի մասին։

Medmedia.am տեղեկատվական կայքը` ԱՄՆ–ից ստացված դրամաշնորհով անցած տարի գործարկել է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» (ААМВ)՝ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ։ Առցանց կայքը ստեղծվել է ժողովրդավարության գաղափարների խթանման և Հայաստանի առողջապահության համակարգում կոռուպցիոն դեպքերի բացահայտման նպատակով։

«ԱՄՆ միջոցներով Հայաստանում առողջապահության վերաբերյալ բավականին կասկածելի հարթակ է ստեղծվել, որը ապատեղեկատվություն է հրապարակում COVID-19–ի թեմայով։ Նման կեղծ լուրերի տարածումը շատ վտանգավոր է։ ԱՄՆ–ում և Հայաստանում հանրային առողջապահության փորձագետները դատապարտել են Medmedia.am կայքի բովանդակությունը, այդ թվում՝ հայտարարություններն այն մասին, որ ներկայում ստեղծվող պատվաստանյութերը փաստորեն «կենսաբանական զենք» են», – գրված է OpenDemocracy–ի հրապարակման մեջ։

Medmedia–ի կայքում հրապարակած հոդվածներում COVID-19–ի բռնկումը «կեղծ համավարակ են» անվանում։ Հոդվածների համաձայն`մահացած պացիենտի հարազատներին դիահերձարաններից մեկը մոտ 200 դոլար է առաջարկել (մոտ 100 հազար դրամ)` կորոնավիրուսը որպես մահվան պատճառ նշելու համար։ Ընթերցողներին կոչ են անում նաև հրաժարվել պատվաստման ապագա ծրագրերից։

Medmedia.am–ի հիմնադիր Գևորգ Գրիգորյանը հայտնի է իր սուր քննադատություններով, որոնք ուղղված են ՀՀ առողջապահության նախարարության և մասնավորապես այդ գերատեսչության կողմից իրականացվող պատվաստման ծրագրերին։

Բրիտանական պարբերականը նշում է, որ Medmedia կայքի ամենաշատ դիտումներ ունեցող հոդվածը քաղաքացիներին՝ COVID-19–ի դեմ պատվաստման հետագա ծրագրերից հրաժարվելու կոչ է պարունակում։ Հոդվածը դիտել են ավելի քան 130 հազար անգամ, սոցցանցերում այն մոտ 28 հազար հավանում ունի։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է, որ ААМВ–ն իսկապես դրամաշնորհ է ստացել տեղեկատվական կայք ստեղծելու համար, սակայն նախագծի նպատակը առողջապահության ոլորտում թափանցիկության բարձրացումն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է եղել։

Medmedia կայքում նշված է, որ այն ֆինանսավորվում է ԱՄՆ–ի կողմից, սակայն կայքում հրապարակվող հոդվածները «պարտադիր չէ, որ արտացոլեն» ամերիկյան կառավարության հայացքները։

Այս թեմայով հետաքրքրվել է նաև բրիտանական հեղինակավոր The Guardian առցանց պարբերականը։

«Օրերս ААМВ–ն Facebook–ի իր պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «ամբողջությամբ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը»»,– գրում է The Guardian–ը։

Գրիգորյանը պարբերականին հայտնել է, որ ինքը որևէ քաղաքական կուսակցության չի աջակցում և Հայաստանի կառավարության դեմ հանդես չի գալիս։ Բժիշկի խոսքով` իր հետ կապ են հաստատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից և մտահոգություն հայտնել կայքի բովանդակության վերաբերյալ, սակայն իրեն հաջողվել է համոզել նրանց, որ կայքը «պատվաստման դեմ ուղղված ֆորում» չի դարձել։

Պատասխանելով հոդվածների բովանդակությանն առնչվող հարցերին, Գրիգորյանը նշել է, որ դրանք ոչ թե կեղծ նորություններ են, այլ պարզապես կարծիք, ընդ որում՝ բժիշկի կարծիք։

Ըստ նրա՝ նման բովանդակությունը չի կարող սպառնալիք ներկայացնել հանրային առողջության համար, այն պարզապես երկրորդ կարծիք արտահայտելու նպատակ է հետապնդում։

Տրամադրված դրամաշնորհի չափի մասին Պետդեպում հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ։ Գրիգորյանը ևս հստակ չի պատասխանել այդ հարցին` գումարը «ոչ մեծ» անվանելով։ Նա նաև նշել է, որ դրամաշնորհի ժամկետն ավարտվում է մի քանի օրից։

Միևնույն ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղեկություն կա, որ դրամաշնորհները, որոնք մրցութային կարգով տրամադրվում են տեղի հասարակական կազմակերպություններին Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրերի շրջանակում, սկսվում են տարեկան 50 հազար դոլարից։

Հայաստանի առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը բազմիցս հայտարարել են, որ վարակի մասին կեղծ տեղեկությունն ուղղակիորեն խոչընդոտում է Հայաստանում COVID-19–ի տարածումը կանխելուն։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1176)

Ըստ թեմայի

«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին
Մեկ օրում` 7 մահ. Հայաստանում կորոնավիրուսի հերթական զոհերից մեկը 42 տարեկան է
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի
Հայտնի է` ինչ տարիքի են եղել Հայաստանում կորոնավիրուսից մահացածները
թեգերը:
կայք, ԱՄՆ, ՀՀ Առողջապահության նախարարություն, բժիշկ, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ