20:21 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
778 0 0

Արայիկ Հարությունյանը հայտնել է երեք պայման, որոնք պահպանելու դեպքում երեխաները կկարողանան սեպտեմբերի 1-ից դպրոց հաճախել։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ սեպտեմբերին կարող ենք լիարժեք սկսել դասերը, բայց եթե խստագույնս հետևենք ցուցումներին՝ դիմակ կրենք, հաճախ ախտահանենք ձեռքերը, պահենք սոցիալական հեռավորությունը։

«Բոլոր հնարավորություններն ունենք դա անելու, բայց կա մի շատ մեծ բայց, որը պետք միասին լուծենք։ Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները մեր բնակչության մոտ կեսն են, և, ըստ էության, նրանք հավաքական ամենամեծ համայնքն են, որը կարող է երկրում շատ մեծ խնդիր լուծել։ Իրավիճակը կորոնավիրուսի հետ կապված բարդանում է և լարվածությունը գնալով մեծանում է։ Դա արտահայտվում է թվերով։ Հիվանդացողների և մահերի թիվը վկայում են, որ իրավիճակը բարդ է», - ասաց նախարարը։

Հարությունյանն անդրադարձավ նաև Վերջին զանգի հետ կապված միջոցառումներին` նշելով, որ մասսայական միջոցառումներով մենք հեռացնում ենք բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը։

«Եթե երեխաները վարակվեն կորոնավիրուսով, նրանք ամենայն հավանականությամբ վարակն ասիմպտոմ կկրեն` չեն ունենա տաքություն, թուլություն, բայց իրենք կվտանգեն իրենց տատիկ–պապիկների և ծնողների կյանքը։ Բայց լուծում կա։ Ավելորդ շփումների պակասեցում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորության պահպանում։ Այս երեք կանոնները պահպանելու դեպքում մենք զրոյի ենք մոտեցնում վարակվելու հնարավորությունը և մեծացնում սեպտեմբեր 1-ից դասերը լիարժեք սկսելու հնարավորությունը»,– ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ առնվազն տարրական դասարանների աշխատանքը պետք է ապահովվի, որպեսզի երեխան եթե ինչ–որ փուլից հեռավար ուսուցման անցնի, գոնե որոշ հմտություններ ունենա։

Նախարարը բոլորին հորդորեց զանգվածաբար մերժել ապատեղեկատվությունն ու տգետ խոսակցությունները չիպավորումների, 5G կայանների, պատվաստանյութերի մասին։ Նա զարմացավ, որ երբեմն որոշ ուսուցիչներն են իրենց սոցցանցային էջերում նման ապատեղեկատվություն տարածում։

Հարությունյանը հիշեցրեց, որ շուտով սկսվելու է երեխաների առցանց գրանցումը։ Հունիսի 1-ից 10–ը երեխային կարող են գրանցել այն ծնողները, որոնք նշված դպրոցում արդեն իսկ սովորող երեխա ունեն կամ աշխատում են այդ դպրոցում, իսկ հունիսի 10–ից հետո` մնացած ծնողները։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։

Դպրոցներում միջոցառումներ են կազմակերպվում. ո՞վ է պատասխան տալու

 

Ըստ թեմայի

Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց
Բարից` դպրոց. հայ երիտասարդը Ռուսաստանի փոքրիկ գյուղի սիրված ուսուցիչն է
Աշխատելու համար թողեց դպրոցը, հետո դատապարտվեց պորտաբուծության համար. Բրոդսկին ու կյանքը
թեգերը:
դպրոց, Արայիկ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ