16:45 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
816422

Խարբերդում ապրող 7 տարեկան Ալեքսի մասին շատերն իմացան Facebook-ից։ Փոքրիկին նկարել էին կիսաքանդ կառույցում ու վստահեցնում էին, որ նա ապրում է անմարդկային պայմաններում։ Sputnik Արմենիան որոշեց պարզել այս պատմության մանրամասները և այցելեց Ալեքսի ընտանիքին։

Աստղիկ Սուքիասյան, Sputnik

Օրեր առաջ սոցիալական ցանցերում կայծակնային արագությամբ տարածվեց 7-ամյա Ալեքս Ստեփանյանի մասին պատմող տեսանյութը։ Խոսվեց, որ Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում ապրող երեխային պարբերաբար նվաստացնում են, քնում է սառը բետոնի վրա, օրերով քաղցած է մնում:

Աղմկահարույց պատմությունը հուզեց հազարավոր մարդկանց, արձագանքեցին մի շարք հանրային դեմքեր, իսկ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջամտությամբ երեխան տեղափոխվեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։

Տեսանյութը նկարել և տարածել էր Օգնենք կարիքավոր երեխաներին ֆեսբուքյան էջը («Երազանքի ճանապարհով» ՀԿ)։ Պարզվեց, որ այդ տանը մեծանում են ևս երկու փոքրիկներ։ Կատարվածի հանգամանքները պարզելու հույսով Sputnik Արմենիան այցելեց ընտանիքին։

Դժվարությամբ, բայց կարողացանք գտնել երեխայի ծնողներին։ Կիսաքանդ շինության դռների դիմաց մեզ դիմավորեց երեխայի խորթ հայրը՝ Ստեփան Սաֆարյանը, որը բավականին զարմացավ, երբ պարզեց, որ ցանկանում եմ կատարվածի հետ կապված նաև իրենց տեսակետը լսել։

Երևանի հարակից մի քանի գյուղեր մնացել են մայրաքաղաքից կտրված

Տան պայմաններն իսկապես սարսափելի էին։ Շինությունը կիսաքանդ էր, ծածկը` ոչ լիարժեք։ Տան հատակն ամբողջությամբ բետոնածածկ էր, կահույք գրեթե չկար, մի քանի մահճակալներ էին ու մի պահարան։

Ալեքսի տատիկը` տիկին Հռիփսիմեն, պատմեց, որ «Երազանքի ճանապարհով» ՀԿ-ի հիմնադիր Հերմինեի հետ առաջին անգամ հանդիպել է նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին, երբ թոռանը դպրոց է տարել։ Տեսնելով նրա վատ հագուկապը` Հերմինեն մոտեցել է տիկնոջն ու իր օգնությունն առաջարկել՝ պայմանով, որ պետք է գնա նրանց տուն և տեսանյութ նկարահանի։

Նույն օրը ՀԿ-ի տնօրենը այցելել է ընտանիքին և տեսանյութ նկարահանել նրանց մասնակցությամբ ՝ խոստանալով դրամական աջակցություն տրամադրել։ Սակայն դրանից հետո 1-2 անգամ մի տոպրակ սնունդ է բերել ու ընտանիքին այլևս չի այցելել։

Ամիսներ առաջ ընտանիքն իմացել է, որ իրենց օգնելու նպատակով բազմաթիվ մարդիկ են գումար փոխանցել Հերմինեի հաշվին (մեկ այլ օգնության ֆոնդից ընտանիքին հայտնել են այդ մասին)։ Ալեքսի տատիկը կապ է հաստատել Հերմինեի հետ և փորձել է ճշտել իրեն փոխանցած լուրի իսկությունը։

«Այդ օրից Հերմինեն թարսվեց մեր ընտանիքի հետ։ Անընդհատ ուզում էր մի վատ բան անել։ Ուզում էր` մարդիկ դադարեն մեզ հավատալ, որ ասում էինք` նա խաբեբա է։ Երեխային լողացնելու պատրվակով երկու անգամ բռնել–տարել է փողոցից, մենք չենք իմացել, հետո կռվով-դավով մեր երեխուն հետ ենք բերել»,- հուզված պատմեց Ալեքսի տատը։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

Ճակատագրական տեսանյութի օրը Հերմինեն պատահական այցելել է ընտանիքին։ Այդ ժամանակ երեխաները բետոնին լցրած ծածկոցի ու բարձերի վրա խաղալիս են եղել։

Տղայի մայրը` Արաքսյան, չի հասկանում` միտումնավոր է Հերմինեն այդ ամենը տեսագրել ու մարդկանց ներկայացրել, թե իսկապես մտածել է, որ Ալեքսը բետոնին է քնում։ 

«Ոչ ոք բետոնին չի քնում, այդ հատվածում երեխաները միայն խաղում են»,– վստահեցրեց նա։

Տեսանյութը նկարահանելուց օրեր անց Արաքսյայի տատիկը, որն ապրում է հարևան փողոցում, այցելել է նրանց և ասել, որ կարոտել է Ալեքսին, ուզում է մի քանի օրով իր մոտ պահել։ Ընտանիքը համաձայնել է, չնայած հիմա փոշմանում են ու տատին մեղադրում Հերմինեի հետ համագործակցելու մեջ։

«Մենք անձամբ ենք Ալեքսին տատիկիս մոտ տարել։ 3 օրվա մեջ 2 անգամ այցելել ենք ու համոզվել, որ տատ ու ծոռ լավ են, իսկ 5-րդ օրը, երբ ամուսինս արդեն գնում էր, որ Ալեքսին տուն բերեր, թաղապետարանից զանգահարեցին ու հարցրին, թե արդյոք համոզված ենք, որ Ալեքսը տատիկիս տանն է։ Պարզվեց` Հերմինեն, որը տատիկիս ժամանակ առ ժամանակ օգնություն է տանում, այցելել է ու տեսել, որ Ալեքսն այնտեղ է։ Տատիկիս տնից կա՛մ նախնական պայմանավորվածությամբ, կա՛մ խաբեությամբ վերցրել է Ալեքսին ու իր տուն տարել, հետո զանգել ոստիկանություն ու ասել, որ երեխա է գտել, որը երկու օր դրսում է մնացել»,-պատմեց մայրը։

Երեխայի ծնողները պատմեցին, որ վերջին օրերին այնպիսի պատմություններ են լսում իրենց մասին, որ շոկի են ենթարկվում։

Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար

«Ասում են, թե ամուսինս հարբեցող է, Ալեքսիս խմացնում է, մեզ ծեծում է։ Ես էլ չգիտեմ` մարդկային երևակայությունն ինչ սահմաններ ունի։ Ստեփանն իմ երկրորդ ամուսինն է։ Ես անհեր աղջիկ եմ, մայրս շուտ է մահացել, ինձ հարազատներս են պահել։ Երբ առաջին ամուսնուցս 3 ամսական հղի էի,17 տարեկան էի, բաժանվեցինք։ Նախկին ամուսինս դեղ էր առել, որ խմեմ, տղաս չծնվի։ Ստեփանը, որ ամուսնուս ծանոթներից էր, իմացել էր մեր պատմությունը ու թույլ չէր տվել, որ իմ Ալեքսին հայրը սպանի»,- ձայնը դողալով ասաց Արաքսյան։

Այդ օրվանից Ստեփանն իր թևի տակ է առել Արաքսյային ու դեռ չծնված Ալեքսին։

«Ես միշտ ասում եմ, որ երեք երեխա ունեմ ու Ալեքսն էլ է իմը։ Հա, ես միլիոնատեր չեմ, օրվա հացով ապրող մարդ եմ, բայց իմ ընտանիքին սոված չեմ պահում։ Մի օր գյուղում եմ շինարարություն անում, մի օր ուրիշ տեղ են կանչում։ Մենք լավ տուն չունենք, ճիշտ է, բայց սրտներս մաքուր է, ճակատներս՝ պարզ»,-վստահ ասաց հայրը։

Ընտանիքն այս պահին անում է ամեն ինչ, որ Ալեքսն օր առաջ տուն վերադառնա։

Քանի որ այս պատմությունը լայն տարածում է գտել, շատ կարևոր էր լսել բոլոր կողմերին, այդ թվում` պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

Մեզ հետ հեռախոսազրույցում Զոհրաբյանը պատմեց, թե ինչպես է իմացել խնդրի մասին և ինչ է մտածում այդ առնչությամբ։

«Ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ բացառել, որ ոմն Հերմինեն կարող է նման մանիպուլացիաներ անել։ Հերմինե անունով կնոջ չեմ ճանաչում։ Բայց ես Խարբերդում բազմաթիվ ծանոթներ ունեմ, որոնցից մանրամասներ եմ ճշտել այդ ընտանիքի վերաբերյալ, ըստ որոնց` երեխան պահվում էր անմարդկային պայմաններում։ Կարծում եմ` ճիշտ կլինի, որ մինչև ամեն ինչի բացահայտումը երեխան մնա խնամքի կենտրոնում»,–ասաց նա։

Նշենք, որ անձամբ խոսել ենք հարևաններից մի քանիսի հետ։ Երբ հարցուփորձ էինք անում ընտանիքի մասին և հարևաններին հարցրինք` արդյո՞ք հայրը հարբեցող է և Ալեքսին բռնության է ենթարկում, հարևաններից մեկը մեզ ամոթանք տվեց, մյուսը մեղադրեց, թե ինչի ենք բարդացնում այդ ընտանիքի` առանց այդ էլ դժվար պայմանները։ Երրորդը խորհուրդ տվեց մեկ շաբաթ ապրել հարևանությամբ ու համոզվել, որ այդ ամենը հորինված պատմություններ են։

Նշենք, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը մեզ հավաստիացրեց, որ այժմ ոստիկանները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները, կատարվում է հետաքննություն, որն ամեն ինչ իր տեղը կդնի։

Դեպքից հետո Շենգավիթի թաղապետարանից ընտանիքի համար խալիներ, մահճակալներ, վարագույրներ են բերել, որպեսզի փոքր–ինչ բարելավեն կիսաքանդ տան կենցաղը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները դեպքի առնչությամբ ցուցմունք են վերցրել ընտանիքի անդամներից։ Գործը վարող քննիչը Ստեփանին հավատացրել է, որ ամեն ինչ լավ կլինի և 20 օր հետո Ալեքսն արդեն տանը կլինի։

Մենք կհետևենք այս պատմության շարունակությանն ու կհայտնենք հանգուցալուծման մասին։ Իսկ այն բարի կլինի, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

«Ալեքսը խորթ հորը տեսավ, ասաց` արի փախնենք». Հերմինեն վստահեցնում է, որ ընտանիքը ստում է

Ըստ թեմայի

Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում
Արցախի գյուղերից մեկի երեխաներն արևոտ եղանակին բաց երկնքի տակ են դաս անում. լուսանկարներ
«Արյան կանչով». ինչպես ամերիկացի լրագրողը հասավ Մուսալեռ և գտավ տատի գյուղը
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, ընտանիք, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ