09:06 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
52010

Որտեղի՞ց է ի հայտ եկել Գագիկ Ծառուկյանի` առյուծների հանդեպ սերը։ Գուցե նավթարդյունաբերող Ավետիս Ղուկասյանի՞ց, որը Թբիլիսիում մի արտասովոր տուն էր գնել։ Ավելի մանրամասն` Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միկարիձեի նյութում։

Թիֆլիսցի ճարտարապետ Պաուլ Շտերնը, որը ճարտարագիտական տարատեսակ հնարքների սիրահար էր, նախագծելով առանձնատունը, առյուծների քանդակներ «նստեցրեց» դարպասի դիմաց։ Առյուծներն այդպես նստած մնացին մինչև նոր ժամանակներ։ Հետո իշխանափոխություն տեղի ունեցավ, ազգայնացում, և տունը կոմունալ բնակարանի վերածվեց։ Գիշատիչները փոխեցին իրենց բնակության վայրն ու որոշակի ժամանակ պահպանում էին կենդանաբանական այգու մուտքը։ Քաղաքային նոր իշխանությունները կենդանաբանական այգին ավելի բնական միջավայր համարեցին առյուծների համար, քան Պլեխանովի պողոտան։

Տան վերակառուցումից հետո, որն ավարտվեց 2010 թվականին, առյուծները վերադարձան հայրենի օջախ։ Ավելի ստույգ` նախկին տարածք վերադարձան նրանց հետնորդները, ավելի երիտասարդները։ Նրանց քանդակեցին նախկինների տեսքով։ Սակայն, ի տարբերություն նրանց նախնիների, նորերը չգիտես ինչու անհամաչափ էին ստացվել։

Дом Аветиса Гукасяна на Михайловском проспектe в Тбилиси
© Sputnik / Ekaterina Mikaridze
Առյուծներով տունը

Ավելի տրամաբանական կլիներ, որ հենց հներին վերադարձնեին, բայց առյուծները վաղուց անհետացել էին կենդանաբանական այգու «նստավայրից»։ Թե ուր են գնացել և ում ձեռքով, հայտնի չէ։ Այժմ նրանց տեղը զբաղեցնում են կատվազգիների ընտանիքի այլ ներկայացուցիչները` վագրերը։

Ռեստավրացիան ավարտվեց 9 տարի առաջ։ Տունը վերականգնելու ժամանակ բանվորները վնասեցին ջրամատակարարման համակարգը, և հիմա նկուղում միշտ ջուր է կուտակվում։ Երկրորդ հարկում բնակարանի վաճառքի մասին հսկայական հայտարարություն է փակցված։ Տանտերերը քաղաքում չեն։ Հարևաններն ասում են, որ բնակարանն արդեն տասը տարի է` վաճառքի է դրված։

Կնոջ համար նվերն ու չարաբաստիկ կտակը

Պաուլ Շտերնը մի քանի տարի է աշխատել տան հատակագծի վրա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև նախատեսում էր առանձնատունը նվիրել կնոջը։ Շտերնը տան սկզբնական հատակագիծը կազմել էր 1889 թվականին։ Մեկ տարի անց արդեն եղած հատակագծին ավելացրեց փողոց դուրս եկող տաղավարների, երկաթյա ցանկապատի և դարպասների գծագրերը։ Իսկ 1893 թվականին կազմեց բակաշենքի գծագիրը, որն այդպես էլ մնաց թղթի վրա։

«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

Թե ինչ եղավ հետո, անհայտ է։ Շտերնի նախնական ծրագրերը խափանվեցին ինչ–ինչ հանգամանքների պատճառով, և նա հանկարծ վաճառեց տունը։ Գնորդը Բաքվից Թիֆլիս եկած նավթագործ Ավետիս Ղուկասյանն էր։ Մեծահարուստն այդ տուն տեղափոխվեց կնոջ` Աննայի և միակ դստեր` Թամարի հետ։ Ղուկասյանը ֆինանսավորում էր մի շարք ուսումնական նախագծեր։ Տներ, դպրոցներ էր կառուցում, օգնում աղքատներին։ Օրինակելի հավատացյալի պես մեծ նվիրատվություններ էր անում եկեղեցուն։ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ) Թիֆլիս կատարած այցի ժամանակ հենց Ղուկասյանի տանն է հյուրընկալվել։

Дом Аветиса Гукасяна на Михайловском проспектe в Тбилиси
© Sputnik / Ekaterina Mikaridze
Ավետիս Ղուկասյանի տունը

Պատմության շարունակությունը մի փոքր սարսափ է առաջացնում։ Զուր չեն ասում, որ մեր մտքերն ու խոսքերը նյութականանալու հատկություն ունեն, և մեր յուրաքանչյուր ասածը կարող է մեր դեմ շրջվել։ Այդպես էլ եղավ այս ընտանիքում։

Դեռ կյանքի օրոք Ավետիք Ղուկասյանը կտակ կազմեց, որում կտակներին հատուկ ոճով ասվում էր. «Ես` Բաքվի առաջին գիլդիայի վաճառական Ավետիս Բալայի Ղուկասյանս, գտնվելով առողջ բանականության և ամուր հիշողության մեջ, իմ մահվան դեպքում անում եմ հետևյալ կարգադրությունները»: Այնուհետև թվարկվում է կտակատարների և միակ դստեր' Թամարի, մինչև նրա չափահաս դառնալը, խնամակալների անունները: Առաջին կտակատար և խնամակալ է նշանակում իր կնոջը` Աննա Հովհաննեսի Ղուկասյանին, եղբորորդուն` Պողոս Հովսեփի Ղուկասյանին, և աներորդի` Մնացական Հովհաննեսի Խունունցին, որոնց պատվիրում է իր մահվանից հետո մեկ տարվա ընթացքում որոշել իր ունեցած ամբողջ հարստությունը, որը կարգավորելուց հետո առաջնորդվել կտակում նշված կարգադրությունների համաձայն։

Ըստ կտակի` նրա մահից հետո 600 հազար ռուբլի պիտի փոխանցվեր Մայր աթոռ սուրբ Էջմիածնին, 10 հազար ռուբլի` Փարիզի հայկական դպրոցին, 5 հազար ռուբլի` Երուսաղեմի հայկական եկեղեցուն և 6 հազար ռուբլի` հրատարակչությանը։ Գործարարը նախատեսել էր նաև Ավետիք Ղուկասյանի անվան բարձրագույն ուսումնական հաստատություն կառուցել Հայաստանում։

Дом Аветиса Гукасяна на Михайловском проспектe в Тбилиси
© Sputnik / Ekaterina Mikaridze
Ավետիս Ղուկասյանի տունը

Մնացած գումարը` շուրջ 1.5 մլն ռուբլի, նա ժառանգել էր կնոջն ու դստերը` Թամարին։ Սակայն կտակում մի էական մանրուք կար։ Նշվում էր, որ եթե դուստրը մինչև չափահաս դառնալն ամուսնանա այլ ազգի ներկայացուցչի հետ, ոչինչ չի ստանա։ Իսկ դստեր վաղաժամ վախճանի դեպքում գումարը կարող են փոխանցել հայկական եկեղեցուն։ Հայրն իր կտակով փորձանք բերեց ընտանիքի գլխին։

Շուշիի նավթային հսկան կյանքից հեռացավ 1902 թվականին։ Նրա կինն ու դուստրը մահացան չպարզված հանգամանքներում 1914 թվականին։ Վարկածներից մեկի համաձայն` կանայք նավաբեկության զոհ դարձան։ Ասում են, Ղուկասյանները սեփական նավ ունեին, որը կանգնում էր Բաթումի նավահանգստում և կրում էր Թամարի անունը։

Ողջ ունեցվածքը, ինչպես և կտակի մեջ էր գրված, անցավ հայկական պատրիարքարանին։ Ընտանիքին հուղարկավորեցին Թբիլիսիի հայոց վանքի բակում գտնվող ընտանեկան գերեզմանատանը։ Սակայն 37 թվականին Բերիայի հրամանով վանքն ավերվեց, իսկ գերեզմանները ոչնչացվեցին։ Որոշ տեղեկությունների համաձայն` ազգայնացումից առաջ տունը պատկանում էր Ավետիք Ղուկասյանի զարմիկին։ Ավելի ուշ այնտեղ բնակեցրին ՆԿՎԴ–ի (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) աշխատակիցներին։

Միայն թե չքանդվի. Թիֆլիսի հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի

Ըստ թեմայի

Ինչպես հայ նկարիչը Թբիլիսիի այցեքարտը դարձավ
Հայկական հետքը Վրաստանում
Ներսիսյան ճեմարանը` Թիֆլիսի հայ մտավորականության դարբնոցը
թեգերը:
տուն, Թբիլիսի

Գլխավոր թեմաներ