ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսով հիվանդ 120 պացիենտ այս պահին սպասում են հիվանդանոց տեղափոխվելու: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս թիվը միշտ լինելու է, որովհետև քաղաքացիներն ախտորոշվում են, բժշկի կողմից գնահատվում են, հետո տեսնում են՝ որ բժշկական կենտրոնում տեղ կա, որպեսզի տեղափոխեն այդ ԲԿ»,- ասաց նախարարը:
Նշենք, որ հունիսի 11-ին Արսեն Թորոսյանի հրապարակած պաշտոնական տվյալներով հիվանդանոց տեղափոխվելուն սպասող հիվանդների թիվը 32 էր, այլ կերպ ասած՝ մեկ օրում նրանց թիվը 4 անգամ աճել է՝ այսօր արդեն հասնելով 120-ի:
Թորոսյանի խոսքով` առաջնահերթ հոսպիտալացվում են ծանր հիվանդները: Նշված 120 քաղաքացիների մեջ, ըստ նախարարի, ծանր հիվանդներ չկան:
Նա վստահեցրեց, որ տեղի բացակայության հիմքով ծանր հիվանդի հոսպիտալացումը մերժելու դեպքեր Հայաստանում չեն եղել:
Թորոսյանը նաև հայտնեց, որ ՀՀ ոչ բոլոր հիվանդանոցներն են զբաղվում ու զբաղվելու կորոնավիրուսի բուժմամբ, քանի որ, նրա մեկնաբանմամբ, ճիշտ չէ վարակիչ հիվանդությունը բոլոր հիվանդանոցներ մտցնելը:
Աշնանը կորոնավիրուսը կնահանջի՞. նախարարը ստիպված է տխրեցնել
Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում: Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։