ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 560–ով և հասել 20 268-ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 802 մարդ, կատարվել է 95 754 թեստավորում, առողջացել են վարակվածներից 9002–ը։ Գրանցվել է մահվան 350 (+18) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 114 է (+1)
Հունիսի 20-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 19 708 էր։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Մարդիկ «Դեքսամետազոն» են գնում կորոնավիրուսից փրկվելու համար. նախարարության արձագանքը
Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։