10:55 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1508)
213 0 0

Թատրոններն այս օրերին փորձում են հանդիսատեսի հետ կապը պահել առցանց հարթակի միջոցով։ Սակայն թատերական գործիչներն արդեն ուզում են աշխատանքի վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հայաստանի թատերական գործիչները պատրաստ են քիչ քանակությամբ հանդիսատես ընդունել, միայն թե կարողանան վերսկսել բնականոն աշխատանքը։ Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ թատրոնների միջանցքներում կատարյալ լռություն է, չկա հանդիսատեսի աղմուկը, և չնայած թատրոնների գերակշիռ մասն անցել է առցանց ցուցադրությունների, սակայն հանդիսատեսի բացն այդկերպ չի լրացվում։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ երեկ նիստ են արել ու որոշել նամակով դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Թատերական գործիչները նախարարությանը խնդրել են միջնորդել, որ պարետատունը աշնանից թույլատրի թատրոնների աշխատանքը։

«Եթե տրանսպորտը, սրճարանները, խանութները բացվել են, ինչո՞ւ է դեռ արգելվում թատրոնների աշխատանքը։ Պատրաստ ենք ընդունել հանդիսատեսին` սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Պարետատունը յուրաքանչյուր թատրոնի համար պետք է հանդիսատես ընդունելու առանձին քանակ սահմանի, և սկսենք աշխատանքը»,– ասաց Ղազանչյանը։

Նրա խոսքով` Պարոնյանի անվան թատրոնում, օրինակ, այս օրերին քիչ թվով դերասաններով, սակայն փորձեր արել են։ Ղազանչյանը վստահ է` թատրոնների բացվելուն պես` հանդիսատեսը շտապելու է ներկայացման, քանի որ կարոտը երկուստեք է։

Մնջախաղի ժանրն, օրինակ, այնպիսին է, որ եթե դերասանը տանը փորձ անելու հնարավորություն չունենա, ապա հետո բեմ վերադառնալու համար երկար աշխատանք է պետք։ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց` թատրոնի աշխատակիցներից մեկն օրերս «տրավմա է ստացել», քանի որ տանն է պարապում։ 

Դադասյանի խոսքով` հենց այս շրջանում շատ կարևոր է բեմ վերադառնալը։

«Մենք պատրաստ ենք 30-40 հոգու համար էլ խաղալ, քանի որ դա թե՛ դերասանների, թե՛ հանդիսատեսի համար է անհրաժեշտ։ Մշակութային կյանքի, առավել ևս թատրոնների ակտիվացումը կարևոր է այս օրերի դժվարությունները հաղթահարելու համար»,– ընդգծեց նա։

Դադասյանը նշեց նաև, որ չնայած այս ընթացքում փորձ է արվում հանդիսատես–թատրոն կապը պահպանել առցանց ներկայացումների միջոցով, սակայն կենդանի շփումը բոլորովին այլ է։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դերասան Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց` թատրոնն ակտիվ գործունեություն է ծավալում առցանց հարթակում։ Այժմ «Հուշերի քառուղիներ» ծրագիրն է իրականացվում, որի միջոցով թատրոնի այժմյան դերասանները ներկայացնում են նախկին աշխատակիցներին` մեծ արվեստագետների։

Մկրտչյանը հուսով է, որ առցանց հարթակում ակտիվությունը կնպաստի դերասան-հանդիսատես կապին։

Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին

Իսկ ինչ վերաբերում է բեմ վերադառնալուն, ապա, ըստ Մկրտչյանի, իհարկե, բոլորն են ուզում դա, սակայն եթե պարետատունը կարծում է, որ դեռ պետք է սպասել, ուրեմն պահանջը պետք է կատարել։

«Եթե 10 օր կտրվում ենք բեմից, թատրոնից, մեր առօրյան խախտվում է, սակայն իրավիճակը սա է, ի՞նչ կարող ես անել»,– ափսոսանք հայտնեց Մկրտչյանը։

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանն էլ ասաց, որ օգոստոսի կեսերին նախատեսում են իրենց նոր կառուցվող թատրոնի տանիքում ներկայացում բեմադրել։ Գրիգորյանի դիտարկմամբ` այդպիսով նաև հանդիսատեսին կծանոթացնեն թատրոնի նոր շենքին։

«Եթե ռեստորանները գործում են, թատրոնների աշխատանքը նույնպես պետք է վերականգնվի։ Հիմա` այս դժվարին օրերին, մշակույթն առավել քան անհրաժեշտ է։ Զուր չէ, որ Համազգայինը ստեղծվեց 1991-ին, երբ պատերազմ էր Հայաստանում, նույնպես Պարոնյանի թատրոնը ստեղծվեց 1942–ին»,– հիշեցրեց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ հենց դժվարին շրջանում է կարևոր ստեղծագործողի դիրքորոշումն ու մարդկանց դեպի լույսն ուղղորդելը։

«Հայ ֆեստը» գալիս է ձեր տուն․ փառատոնի ներկայացումները բացօթյա կլինեն

Ի դեպ, օրեր առաջ ինչպես թատերական գործիչները, այնպես էլ հանդիսատեսը ֆլեշմոբ էին սկսել` սոցցանցերում տեղադրելով ներկայացումներից որևէ նկար` #ներկայացում_եմ_ուզում, #կրիր_դիմակ_փրկիր_մշակույթը հեշթեգերով։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1508)

Ըստ թեմայի

Ինչպես Մոնրոյի կորցրած թաշկինակը Փարիզի թատրոնը փրկեց կորոնավիրուսի պատճառով սնանկանալուց
Իվանիշվիլիի շնորհիվ. Փաշինյանին հրավիրել են Թբիլիսիում հայկական թատրոնի շենքի բացմանը
Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները
Մանթաշյանի գործակալը նամակ է գրել Դրեզդենի օպերային թատրոնի տնօրենին. վեճը շարունակվում է
թեգերը:
դերասան, թատերական ներկայացում, Ռեստորան, կորոնավիրուս, Թատրոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ