09:52 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
196111

Այս տարի հանրապետության տարբեր շրջաններում մեղուների անկման զանգվածային դեպքեր են եղել։ Մեղվապահները վստահ են՝ հիվանդությունը նման մեծ ծավալի սպանդ չի անում, մեղուները թունավորված են։

Ձմեռը նորմալ անցավ, գարունը մահացու դարձավ. այսպես կարելի է բնութագրել այն, ինչ եղավ Գնել Ղլեչյանի մեղուների հետ։ Ասում է՝ ձմռան ամիսներն են բարդ համարվում, սովորաբար մեկ-երկու ընտանիքի կորուստ է լինում, այս տարի ուրախացել էր՝ 100 տոկոս արդյունք էր գրանցել։ Ապրիլի սկզբին հասկացավ՝ ուրախանալու համար դեռ շատ վաղ էր։ Արզնու ամառանոցային գոտում գտնվող մեղվափեթակների հարևան ծիրանանոցի սրսկումից հետո կորուստները սկսվեցին։

«Մեղուները կա՛մ գնում էին, չէին վերադառնում, կա՛մ բժժած էին գալիս, հետո անկումը սկսվեց,- ցավով պատմում է մեղվապահն ու ավելացնում, որ գրեթե 70 տոկոս կորուստ է ունեցել, 20 մեղվափեթակից 6-ն են մնացել։ – Այն էլ ճգնաժամային դժվար այդ շրջանում սա գումարային մեծ կորուստ է։ Արդեն գիտեմ, որ վաճառքի բերք այս տարի չեմ ունենալու, այն, ինչ ստանամ, մեղուների վերականգնման համար է օգտագործվելու»։

Ասում է՝ հարևանի այգու սրսկման մասին չի իմացել, երկրորդ սրսկումից առաջ այգետերը զգուշացրել է, ժամանակին միջոցներ են ձեռնարկել, նոր կորուստներից խուսափել են։ Բայց և հավելում է՝ առաջին անգամը չէր, որ այգին սրսկվում էր, բայց նման բան առաջին անգամ պատահեց։ Հետաքրքիրն այն է, որ 10 հա-ից ավելի տարածք զբաղեցնող սրսկված ծիրանանոցում էլ մեկ հատիկ ծիրան չի հասունացել։

Առաջինը չէր, ցավոք վերջինն էլ չի լինի. մեղուներին թունավորողները

Ապրիլին սոցցանցերի գյուղատնտեսական մասնագիտական խմբերում, հետո նաև մամուլում աղմուկ բարձրացավ. Արմավիրի Նորավան և Լուկաշին գյուղերում մեղուների մասսայական անկում է։ Լաբորատոր փորձաքննությամբ պարզվեց՝ մեղուները պարազիտային կամ ինֆեկցիոն հիվանդություն չեն ունեցել։ Զանգվածային ակնման պատճառը թունավորումն էր։ Մասնագետները եզրակացրին՝ մեղուները թունավորվել են առվույտի դաշտերը թույնով սրսկելու հետևանքով։

Упадок пчел в Армавире
© Photo : provided by Mariam Yenokyan
Սատկած մեղուներ

Նորավանի բնակիչ Մարիամ Ենոքյանը 25 տարվա մեղվապահ է, ամուսնու ընտանիքն այս գործով է զբաղվում 1947 թվականից։ Ասում է՝ որոշակի քանակով անկման դեպքեր ամեն տարի են լինում, բայց իրենց ընտանեկան 70 և ավելի տարիների փորձով՝ անկման այսպիսի ծավալներ դեռ երբեք չէին եղել։ Խնդիրը սկսվեց ապրիլին. դա այն ժամանակահատվածն է, երբ այգետերերը սրսկում են անում տարբեր վնասատուների դեմ։

Ուրբաթը շաբաթից շուտ եկավ. տուրիզմի ոլորտին «ռեանիմատոլոգներ» են պետք

«Սրսկող մեքենան ուրիշ տեղից էր եկել, միանգամից հեկտարներով սրսկել այնպիսի դեղամիջոցներ, որոնց վրա գրված է՝ դրանք չեն թույլատրվում մեղվանոցների և ձկնաբուծարանների հարևանությամբ կիրառել։ Մարդիկ կան, մինչև 90 տոկոս կարուստ են ունեցել։ Ես տեսանյութեր եմ նկարել, որոնցում մեղուների անկման 7-8-րդ օրն է արդեն, իսկ առաջին օրերին դույլերով էինք մեղու թափում»։

Տիկին Մարիամի խոսքով՝ մեղուների կորուստը միայն ապրիլով չի ավարտվել։ Մեղվաընտանիքները մինչև հիմա «խելքի չեն գալիս», մեղվապահների կորուստները հիմա էլ են շարունակվում։ Անձամբ ինքը մեղուների անկումից անմիջապես հետո անցել է մեղվափեթակների վերականգնման։ Ամեն տարի գարնանը 1000-2000 դոլար գումար վաստակում մեղուների վաճառքից, իսկ այս տարի մեղվի գնորդ ինքը դարձավ։

Առաջին խնդիրը թունաքիմիկատներն են, երկրորդը՝ մեղվապահներին սրսկման մասին ժամանակին չզգուշացնելը։

Օրենքը կա, բայց խախտողների համար պատժամիջոցները չկան

Յուրաքանչյուր տարեվերջին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ է ստանում հանրապետությունում գրանցված մեղվափեթակների թվի վերաբերյալ։ Պատասխանատուները նշում են՝ տարեցտարի թվի լուրջ փոփոխություն չի լինում՝ 228-230 հազար։

Նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի խոսքով՝ այնպես չէ, որ դաշտը օրենսդրական առումով բաց է՝ «Մեղվաբուծության մասին» օրենքը կա, որը սահմանում է մեղվապահների իրավունքներն ու պարտականությունները։

Բարձրակարգ «հյուրանոց» մեղուների համար, կամ գորիսեցի պապիկի հնարամտությունը

Ըստ օրենքի՝ թունաքիմիկատներ կամ ագրոքիմիկատներ օգտագործող անձինք պարտավոր են քիմիական մշակում սկսելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ անձամբ գրավոր կամ զանգվածային լրատվության միջոցներով մշակման ենթակա գյուղատնտեսական և անտառային բույսերի տարածքից 5 կիլոմետրից պակաս հեռավորության վրա գտնվող մեղվանոց ունեցող անձանց և լիազոր մարմնին տեղեկացնել աշխատանքների սկզբի և ավարտի մասին:

Օրենքի սահմանումը հստակ է, մնում է՝ այգետերերն այնքան գիտակից ու պատասխանատու լինեն, որ մեղուների թունավորման պատճառ չդառնան։

«Անգամ սրսկման ժամերը կապ ունեն, եթե գործընթացը պահպանվի, վնաս ոչ ոք չի կրի»,- մեկնաբանում է Ալեքսանյանն ու ավելացնում, որ մարզպետարանների և ՏԻՄ-երի միջոցով իրազեկման աշխատանքներ են իրականացնում, բացատրում ամեն բան։

Մեղվապահները համաձայնում են՝ օրենքը կա, բայց իրավախախտների համար պատժամիջոցների հարցն է բաց մնում։ Կա՛մ պետք է տուգանքներ սահմանվեն, կա՛մ թունաքիմիկատներ վաճառողներին պարտավորեցնեն՝ մեղուներին չսպանել։

Մեկին օգնում է, մյուսի՝ տունը քանդում. թունաքիմիկատների առեղծվածը

Թունաքիմիկատների շուկայի վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմինը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է (ՍԱՏՄ)։ ՍԱՏՄ-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը նշում է՝ այս տարի ահազանգ ոչ միայն Արմավիրից են ստացել, այլև Արարատից։

«Մեր մասնագետները ստուգել էին, թե ինչ թունաքիմիկատներ են օգտագործվել։ Դրանց վրա նշված էր մեղուների համար հակացուցումը, բայց դրանք արգելված թունաքիմիկատներ չէին։ Նշանակում է՝ այստեղ ՏԻՄ-երի խնդիրն է, իրենք պետք է աշխատեն գյուղացիների հետ, իրազեկեն, որ սրսկում կատարելուց առաջ զգուշացնեն տարածքի մեղվապահներին, նրանք էլ համապատասխան միջոցներ ձեռնարկեն»,- մեկնաբանում է Հարությունյանն ու շարունակում բացատրել։

Կա թույլատրելի թունաքիմիկատների ցանկ։ Տեսչական մարմինը պարբերաբար ստուգայցեր է իրականացնում, պիտանելիության ժամկետանց կամ ոչ թույլատրելի թունաքիմիկատներ հայտնաբերելիս՝ դրանք ոչնչացվում են։ Նախորդ տարի բավականին մեծ խմբաքանակ է շուկայում հայտնաբերվել և ոչնչացվել։ Բայց խնդիրը միայն բուն թունաքիմիկատը չէ, գյուղացիները հաճախ այն ճիշտ չեն օգտագործում։

«Մենք հաճախ ահազանգ ենք ստանում, որ թունաքիմիկատից բույսերը վառվել են։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ պատճառը թունաքիմիկատի սխալ կիրառությունն է։ Երբեմն չենք էլ կարողանում հասկանալ, թե ինչ է օգտագործել. ասում է՝ խանութում տվեցին։ Անունը չգիտի, օգտագործել է, տուփը դեն նետել»։

Հարությունյանն ընդգծում է՝ պետք է մասնագետներին դիմել, խորհրդակցել՝ բնությանն օգնելու փոխարեն չվնասելու համար։

Հ.Գ. Եթե մեղուները ոչնչանան, չորս տարի անց մարդիկ էլ կմահանան։ Ալբերտ Էյնշտեյնը պնդում էր՝ առանց մեղուների չի լինի փոշոտում, չեն լինի բույսեր, չեն լինի կենդանիներ, մարդն էլ չի լինի։

Ըստ թեմայի

Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը
Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին
թեգերը:
մեղու, Արզնի, Արմավիր, Հայաստան

Գլխավոր թեմաներ