03:05 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
87810

Խաշթառակում թունավորված 5 երեխաներն առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցից։ Նույն ընտանիքի մյուս 2 երեխաներից մեկի վիճակն էլ կարծես թե կարգավորվում է։ Sputnik Արմենիան հետաքրքրվել է, թե որտեղ են ապրելու փոքրիկները, ինչպես է լուծվելու նրանց կրթության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 5 երեխաները դուրս գրվելուց հետո խնամքի կենտրոն կտեղափոխվեն։ Sputnik Արմենիային լուրը հայտնեցին Տավուշի մարզպետարանից` հավելելով, որ այս պահին քննարկումներ են ընթանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը ձեռքի փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկի` 6-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, երեխաների պապիկը ձերբակալվել է։ Բացի այդ, հաջորդ օրը` օգոստոսի 19-ին, նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել են Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման է ենթարկվել։ Հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել։

«Երեխաների ճակատագրի հարցով մարզպետարանն աշխատում է և՛ խնամքի կենտրոնների, և՛ նախարարության համապատասխան բաժնի հետ։ Մինչև երեխաների լիարժեք կազդուրվելն ու հիվանդանոցից դուրս գրվելը պարզ կլինի` նրանք ուր են գնալու։ Միանշանակ է, որ այս պահին չեն վերադառնալու տուն»,–ասացին մարզպետարանից։

Իսկ թե կոնկրետ որ խնամքի կենտրոն կտեղափոխվեն 5 փոքրիկները, այս պահին պարզ չէ. ամեն ինչ հայտնի կդառնա մինչև նրանց վերջնական ապաքինումը։

Հարցին, թե արդյոք տատիկը չի՞ զբաղվի երեխաների խնամքով, մարզպետարանից պատասխանեցին` հետագայում հնարավոր է, բայց ոչ այս շրջանում։ Մարզպետարանը, համենայն դեպս, լավագույն տարբերակն է փորձում գտնել երեխաների հետագա ճակատագրի համար։

Տավուշի մարզպետարանից տեղեկացրին նաև` երեխաները խնամքի որ կենտրոնում էլ լինեն, նրանց հետ հոգեբաններ ու համապատասխան մասնագետներ կաշխատեն։

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ հայտնեց` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գտնվող բոլոր 5 փոքրիկների վիճակը բավարար է։

«Երեխաները գտնվում են համալսարանական հիվանդանոցի մասնագետների հսկողության ներքո»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերվում է նրանց դուրս գրելուն, ապա առաջիկա օրերին կքննարկվի նաև այդ հարցը։

Ի դեպ, Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեխաների տատիկը` Էմմա Հ.-ն, հրաժարվել է երեխաների խնամքով զբաղվել։ Նա ասել է, որ նրանք չարաճճի են, դժվար է ղեկավարել այդքանին։ Ավելին, մի շարք մարդիկ (նաև ՀԿ–ների ներկայացուցիչներ) անհրաժեշտ իրեր են գնել, որպեսզի նրանց տունը կարգի բերեն, մաքրեն, բայց կինը մերժել է` ասելով, որ մի քանի օրերի ընթացքում ինքն անձամբ դա կանի։ Ընտանիքի տունը բարեկարգելու համար նույնպես բարեգործներ կան, որ պատրաստ են վերանորոգման, տան իրերի թարմացման հարցով զբաղվել, միայն թե ընտանիքը ոտքի կանգնի։

Նշենք, որ երեխաներից մեկը` 9-ամյա Նարեկը, սովորում էր Խաշթառակի դպրոցում, որի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու երեխայի կրթության հարցը։

Սամվել Սիմոնյանը հայտնեց, որ եթե երեխաները տեղափոխվեն «ՍՕՍ» մանկական գյուղ, ապա դրան կից գործում է Իջևանի թիվ 3 դպրոցը, որտեղ էլ Նարեկը կշարունակի կրթությունը։ «Մարզպետարանում այդ հարցի առնչությամբ նույնպես քննարկում է եղել, որին նաև ես եմ մասնակցել։ Այս պահին Իջևանի թիվ 3 դպրոցում նոր աշակերտներ ընդունելու համար տեղի խնդիր կա, բայց մարզպետը հանձնարարեց այս ընտանիքի երեխաներին բացառություն անել»,–ասաց Սիմոնյանը` հավելելով, որ նրանք առանց ուսման չեն մնալու։

Բացի Նարեկից, ընտանիքում երկու 6-ամյա երեխա էլ կա` Նարեն և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում անգիտակից վիճակում գտնվող 6-ամյա տղան։ Նրանք նույնպես դպրոց հաճախելու հնարավորություն կունենան։

Հիշեցնենք, որ Տավուշում ծեծի ենթարկված երկու երեխաները` 4 և 6 տարեկան տղաները, ապրում են բազմանդամ` 12 հոգանոց ընտանիքում, 2 սենյականոց փոքր տանը։ Երեխաների մայրը` Մարիաննա Հ.-ն, հոգեկան առողջության խնդիրներ ունի. առողջական խնդիրներ ունեն նաև երեխաներից մի քանիսը։ Փոքրիկների պապը կալանավորվել է, իսկ վերջինիս դուստրը` ոչ։

Ծեծված երեխաներից 4 տարեկան տղայի մոտ դրական փոփոխություն կա, իսկ 6 տարեկանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում։

Ըստ թեմայի

Երիտասարդը կալանավորվել է 6-ամյա երեխայի հանդեպ սեքսուալ գործողություններ կատարելու համար
Գյումրու «Երեխաների տան» 6 երեխայի և 7 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Արմավիրում բախվել են Toyota Vitz–ն ու շտապօգնության մեքենան․ տուժածներից 3–ը երեխաներ են
Երազանքի թևերով. ինչպես լոռեցի երեխաների կախազարդերը կյանքի կոչեցին նրանց երազանքը
թեգերը:
երեխա, Խաշթառակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ