05:54 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1949 0 0

Արմավիրում միայն սեպտեմբերի 1-ին ալկոհոլային թունավորումից 9 մարդ էր մահացել. մարդիկ դեռ շարունակում են հիվանդանոցներ դիմել։ Sputnik Արմենիան այցելել է Արմավիր, որտեղ ապրում է անհայտ ծագման օղու վաճառքի մեջ կասկածվող Աշոտ Հովսեփյանը, և զրուցել հարևանների հետ։

Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցը սեպտեմբերի 1-ից այլ կյանքով է ապրում` փողոցում ոստիկաններ են հայտնվել, իսկ հարևանները դրսում իրար հանդիպելիս որպիսությունը հարցնելու փոխարեն մեկը մյուսից հետաքրքրվում են` ի՞նչ նորություն կա Աշոտից։

Дом жителя города Армавира Ашота Овсепяна
© Sputnik / Asatur Yesayants
Աշոտ Հովսեփյանի տան մոտ

Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից, չխմեն այն։

Sputnik Արմենիան այցելել է Հովսեփյանի բնակության վայր` դեպքի առնչությամբ մանրամասներ իմանալու։ Հովսեփյանի տան մոտ ոստիկանությունն այժմ շուրջօրյա հսկողություն է իրականացնում։ Տղամարդու ընտանիքի անդամներին տեսնել չհաջողվեց։ Տանն են, բայց որևէ մեկի հետ շփվել չեն ուզում. զրուցեցինք հարևանների հետ։

Дом жителя города Армавира Ашота Овсепяна
© Sputnik / Asatur Yesayants
Աշոտ Հովսեփյանի տան մոտ

Հովսեփյանների հարևաններից Արմինե Պողոսյանը պատմեց` Աշոտ Հովսեփյանն ապրում է ընտանիքի` կնոջ և երեք երեխաների հետ։ Օղու գործը նորություն չէ Աշոտի համար` տարիներ առաջ նա տևական ժամանակ կոնյակի գործարաններից մեկում է աշխատել։

Дом жителя города Армавира Ашота Овсепяна
© Sputnik / Asatur Yesayants
Աշոտ Հովսեփյանենց տունը

«Աշոտը վերջին տարիներին առողջական խնդիրներ ուներ (շաքարային դիաբետ, լյարդի խնդիր), և տանն էր գործ անում։ 4-5 տարի է, ինչ տանը կոնյակ և օղի էր պատրաստում ու վաճառում։ Այս ընթացքում որևէ խնդիր չի եղել. անգամ պաշտոնյաներն են նրանից խմիչք գնել։ Բոլորն էլ գիտեին` Աշոտինը ընտիր օղի էր»,–ասաց տիկին Արմինեն։

Նրա խոսքով` հարևանի համար կարևորը ոչ թե իր ապրանքը վաճառելն էր, այլ մարդկային հարաբերությունը։ Տիկին Արմինեն նշեց` Հովսեփյանին Արմավիրում գրեթե բոլորն են ճանաչում, և բոլորն էլ նույն բանը կարող են ասել` հասնող մարդ էր։ Երբ որևէ մեկի տանը դժբախտ դեպք էր պատահում, արարողությունների համար անհրաժեշտ օղին Հովսեփյանն ուղղակի նվիրում էր. տիկին Արմինեի քրոջ մահվան արարողության ժամանակ հարևանը նույնկերպ աջակցել է նրանց։

«Եթե ճար ունենայի ու իմանայի, որ կարող եմ ինչ–որ կերպ օգնել նրան, մի վայրկյան անգամ չէի տատանվի։ Ի դեպ, մեր թաղերում էլ կան մարդիկ, որ խմիչքի հետ սեր ունեն. Սամոն, օրինակ, այդ օրերին Աշոտից օղի է գնել տվել ու խմել, բայց ոչինչ էլ չի եղել»,–ասաց տիկին Արմինեն` հավելելով, որ խրոնիկ հարբեցողներին Հովսեփյանը խմիչք չէր վաճառում։

Աշոտ Հովսեփյանենց տնից մի քանի տուն այն կողմ բնակվող Մինաս Ամիրխանյանն էլ պատմեց` Աշոտի հայրը նույնպես օղու գործ է արել, և բոլորն էին նրանցից խմիչք գնում, քանի որ պատրաստելիս որակին մեծ տեղ էր տալիս։ Ամիրխանյանն ասում է, որ ինքը նույնպես օգտվել է Աշոտի պատրաստած օղուց, կոնյակից, հաճախ այդ կոնյակից տղայի ընտանիքին է ուղարկել։

«Աշոտն այնպիսի մարդ է, որ ես ուղղակի վստահ եմ` նրա գլխին սարքել են։ Նա մեծատառով մարդ է, մարդկային վերաբերմունք ունի` ուշքն ու միտքը գործը չէ»,–ասաց Ամիրխանյանը։

Дом жителя города Армавира Ашота Овсепяна
© Sputnik / Asatur Yesayants
Աշոտ Հովսեփյանենց տուն

Հարևանը պատմեց, որ երբ ինքն էլ տանն օղի էր քաշում, կանչում էր Աշոտին որպես մասնագետ, և նա էր չափաքանակներն ասում, վերջնական ցուցումներ տալիս։ Ամիրխանյանի խոսքով` պետք չէ մտածել, որ Աշոտն «ընկել» է, ու դրա համար են հիմա լավն ասում նրա մասին. ոչ, պարզապես ոչ ոք չի կարող բացասական մի բառ ասել մեկի մասին, ով բոլորին օգնում էր, հասնում։

Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը

Մեկ այլ հարևան էլ` Անուշ Չվչյանն ասաց, որ Աշոտը մինչև չփորձեր, օղին չէր վաճառում մյուսներին, իսկ թե այս անգամ ինչպես այդպես ստացվեց` չգիտեն։ Կինն ասում է` մինչ օրս հարևաններով շոկի մեջ են և չգիտեն` ինչ անեն, որ օգնեն դժվար դրության մեջ հայտնված ընտանիքին։ «Նա երեք երեխա ունի, երկուսը` տղան ու աղջիկը, զույգ են` 21 տարեկան։ Բացի այդ, ևս մեկ` 4-րդ դասարանի տղա ունի։ Ո՞նց կարող է ընտանիք, նորմալ կյանք ունեցողը զգույշ չլինել։ Սա թյուրիմացություն է` ո՞վ իմանա, ինչ սպիրտ են վաճառել նրան։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե հոգեկան ինչ վիճակում է Աշոտն ինքը»,–ասաց Չվչյանը։

Дом жителя города Армавира Ашота Овсепяна
© Sputnik / Asatur Yesayants
Աշոտ Հովսեփյանի տան մոտ

Ի դեպ, հարևաններն ասում էին, որ ուզում են այցելել նրա կնոջը, երեխաներին, սակայն վերջիններս նույնպես ծանր վիճակում են հայտնվել և չեն ուզում որևէ մեկի հետ շփվել։ Հարևանների խոսքով` Աշոտ Հովսեփյանի տան բակում «սուրբ» կա, որտեղ գնում ու մոմ էին վառում, հիմա այդ պատրվակով անգամ չեն կարողանում տուն գնալ և իրենց օգնությունն առաջարկել։

Հ. Գ. Արդեն մոտենում ենք մեքենային, որ վերադառնանք, տեսնում ենք` Հովսեփյանենց տան բակում սնունդ առաքող մի մեքենա է կանգնում։ Տան դուռն արագ բացվում–փակվում է. ոստիկանները շարունակում են հսկել տունը։

Автомобиль службы доставки еды у дома жителя города Армавира Ашота Овсепяна
© Sputnik / Asatur Yesayants
Աշոտի Հովսեփյանի տան մոտ

Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրում ալկոհոլից թունավորվածների թիվն արդեն իսկ հասել է 25-ի։ Նրանց բոլորի վիճակը ծանր է։

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին` Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով, բարեբախտաբար, մահվան նոր դեպքեր չեն գրանցվել։ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Արմավիրում խմիչքից թունավորման քրեական գործով ևս երկու անձ է ձերբակալվել

Ըստ թեմայի

«Մահացու օղուց» ևս 200 լիտր է հայտնաբերվել Արմավիրում. տեսանյութ
Արմավիրում թունավորումից մահացածներից 2-ը քաղաքապետարանի աշխատակիցներ էին
ԱԻՆ-ը հրապարակել է Արմավիրում խմիչքից թունավորվածների և մահացածների անունները
թեգերը:
Արմավիր, օղի, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ