16:58 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
768 0 0

Հրշեջ–փրկարար դառնալը հեշտ չէ. լինում են դեպքեր, որ կես ճանապարհից մարդիկ հետ են կանգնում իրենց որոշումից։ Արմեն Գևորգյանն ու Արայիկ Հակոբյանը որոշել են ու միասին մի ամբողջ ճանապարհ անցել։

Հեռավոր 1980-ականներին երկու ընկեր` Արմեն Գևորգյանն ու Արայիկ Հակոբյանը, որոշեցին հրշեջ–փրկարար դառնալ և ընդունվեցին ԽՍՀՄ ՆԳՆ Խարկովի հրշեջ տեխնիկական ուսումնարան։ Ուսումնարանն ավարտելուց հետո, սակայն, Գևորգյանն աշխատանքի անցավ Գյումրիում, իսկ Հակոբյանը` Երևանում։ Տասնյակ տարիներ անց նրանց ճանապարհները հատվեցին, ու այժմ երկուսն էլ աշխատում են Երևանում` Արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Начальник управления МЧС Армен Геворкян (слева) и старший инструктор департамента пожарно-спасательной службы МЧС РА Акопян (3 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գևորգյանն ու Արայիկ Հակոբյանը

Այսօր ԱԻՆ աշխատակցի օրն է, և Sputnik Արմենիան զրուցել է ԱԻՆ–ի երկու հնաբնակների` 38 տարվա աշխատանքային փորձ ունեցող Փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանի ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ Արայիկ Հակոբյանի հետ։

Հրշեջի գործը երակներում, կամ ինչու են փրկարարներին Գյումրիում «գիժ» կոչում

Արմեն Գևորգյանը պատմեց, որ այդ մասնագիտությունն է ընտրել, քանի որ մեծ եղբայրը հրշեջ–փրկարար էր։ Եղբորից ոգեշնչված` որոշել է նրա ճանապարհով գնալ։

«1985-ին նշանակվեցի Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատում որպես հերթափոխի պետ. դրանից կարճ ժամանակ հետո այդ աշխատանքից ինձ դժվար էր դուրս բերել։ Ավելին, 1988-ի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ հաստատապես համոզվեցի` ճիշտ մասնագիտություն եմ ընտրել»,–ասաց Գևորգյանը։

Начальник управления МЧС Армен Геворкян (слева) и старший инструктор департамента пожарно-спасательной службы МЧС РА Акопян (3 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գևորգյանն ու Արայիկ Հակոբյանը

Հրշեջ–փրկարարն իր աշխատանքի մեջ ծանր դեպքեր շատ է տեսել` մահեր, խոշոր հրդեհներ, սակայն ամենադժվարը հենց երկրաշարժի օրերին աշխատելն է եղել։ Նրա խոսքով` ցավալին այն է, որ եթե ունենային այն տեխնիկան, ինչ հիմա, 1988-ին շատ կյանքեր կփրկվեր։

Начальник управления МЧС Армении Армен Геворкян (справа) со своими сотрудниками (3 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գևորգյանն աշխատակիցների հետ

Սակայն Գևորգյանն ասում է, որ փրկարարը դժվարություններից, սարսափելի տեսարաններից երբեք չի խուսափում, և անգամ տարիների ընթացքում քերծվածք-այրվածք ստանալը դառնում է սովորական երևույթ։ Ավելին, քանի որ հրշեջ–փրկարարների աշխատանքային գրաֆիկն անկանխատեսելի է, տան անդամները սովորել են նրանց երկար բացակայություններին։

Օրվա կադր. փողոցային երաժիշտը շոկոլադե սալիկ է նվիրում ԱԻՆ ենթասպային և շնորհավորում նրան

Գևորգյանը հիշեց` նախորդ տարի կնոջ ծննդյան օրը երեկոյան, երբ արդեն պետք է հյուրերը գային, իրեն լուր են տվել, որ Խոսրովի անտառում խոշոր հրդեհ է բռնկվել։ Գևորգյանը մեկնել է դեպքի վայր և 2-3 օր այնտեղ անցկացրել։

«Երկու տղա ունեմ, որոնք էլ կնոջս ծննդյան օրը փոխարինել էին ինձ. ոչ մի սարսափելի բան չկա, կինս էլ ըմբռնումով է մոտենում։ Տանն ինձ լավ են հասկանում` երկու տղաներս էլ ուսադիր են կրում»,–ասաց Գևորգյանը` հավելելով, որ վերջին շրջանում միայն հայրն է ասում, որ հանգստի գնալու ժամանակն է։

Երկար տարիների փորձ ունեցող հրշեջ–փրկարարը 57 տարեկան է և գիտի, որ ամեն ինչ իր վերջն ունի, և եթե մի օր զգա, որ ուժերն այլևս չեն ներում համակարգում աշխատելու համար, թոշակի գնալու դիմում կգրի և իր տեղը կզիջի ավելի երիտասարդներին։

Армен Геворкян, начальник управления МЧС Армении (3 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գևորգյան

Գևորգյանի ընկերը` Արայիկ Հակոբյանը, ինչպես արդեն ասացինք, նույնպես 38 տարվա աշխատանքային փորձ ունի։ Նա պատմեց` սկզբում որոշել էր իրավաբան դառնալ, սակայն քանի որ իր հայրն ու Գևորգյանի հայրն ընկերներ են, իսկ Գևորգյանն արդեն իսկ որոշել էր հրշեջ–փրկարար դառնալ, ինքն էլ է մտափոխվել ու ընկերոջ հետ Խարկովի հրշեջ տեխնիկական ուսումնարանն է ընդունվել։

«Հիմա լինում են դեպքեր, որ Գևորգյանի հետ ենք լինում դեպքի վայրում։ Իհարկե, ընկերական հարաբերություններն օգնում են, քանի որ իրար կես բառից հասկանում ենք` ինչ է անհրաժեշտ անել, և շատ արագ կազմակերպվում է ամեն ինչ։ Նման դեպքերից մեկն էլ 2013-ին «Սպայկայում» բռնկված խոշոր հրդեհն էր, երբ իրար աչքի պոչով նայելիս էլ պարզ էր երկուսիս համար, թե ինչ պիտի անենք»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` աշխատանքի ընթացքում շատ բան է սովորել, որոնցից ամենակարևորն այն է, որ փրկարարը պետք է սրտացավ լինի։ Հակոբյանն ասում է` պատասխանատվությունը, գիտելիքը կարևոր երևույթներ են իրենց գործում, բայց միաժամանակ պետք է նաև սրտացավ լինես, որովհետև մարդկային կյանքերի հետ գործ ունեն։

Старший инструктор департамента пожарно-спасательной службы МЧС РА Акопян (3 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արայիկ Հակոբյանը

Հրշեջ–փրկարար դառնալու համար խիզախությունը պարտադիր պայմաններից մեկն է, և դա ուղղակի խոսք չէ. Հակոբյանը պատմեց` քիչ չեն եղել դեպքեր, երբ ծանր կանչեր սպասարկելուց հետո աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ 2018-ին, օրինակ, երբ Մարալիկից դեպի Բարձրաշեն լեռնային հատվածում մարտական ինքնաթիռ էր ընկել, փրկարարները գիշերն աշխատել էին այդ հատվածում։ Երբ լույսը բացվել էր, և փրկարարներից մեկը տեսել էր, որ գիշերը զոհված անձնակազմի մարմինների վրայով է քայլել (զոհված տղաների վրա բազմաթիվ իրեր կային), վերադարձել և աշխատանքից ազատվելու դիմում էր գրել։

Սակայն հրշեջ–փրկարարների կյանքում նաև հետաքրքիր դեպքեր են լինում. Հակոբյանը ծիծաղով է նշում, որ «ամենապատասխանատու» պահերից մեկն այն է եղել, երբ զոքանչն է զանգել ու օգնության կանչել։ «Զոքանչիս ոտքն էր կոտրվել, պետք է հիվանդանոց տանեին նրան։ Ես մեր աշխատակիցներին դիմեցի, ու եկան–տարան զոքանչիս։ Կարևորը` զոքանչս շատ գոհ էր մնացել»,–ասում է Հակոբյանը։

Ավագ հրահանգիչը երկու աղջիկ ունի. անկեղծանում է` իր ունեցած փորձից ելնելով էլ նրանցից որևէ մեկին չէր ուզի տեսնել փրկարար ծառայությունում. այլ հարց կլիներ տղայի դեպքում։Երկու ընկերները` Հակոբյանն ու Գևորգյանը, ավելի շատ իրենց փորձն են փոխանցում նորեկներին, քանի որ որքան էլ սովորես, կան մանրուքներ, որոնց մասին կարող ես իմանալ միայն տարիների ընթացքում կուտակվող փորձի արդյունքում։

Հրշեջ–փրկարարների հետ զրույցն ընդհատվում է ահազանգով. պետք է շտապել դեպքի վայր...

Начальник управления МЧС Армен Геворкян (слева) и старший инструктор департамента пожарно-спасательной службы МЧС РА Акопян (3 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գևորգյանն ու Արայիկ Հակոբյանը

Ըստ թեմայի

Զավեշտալի զանգեր և զվարճալի կանչեր․ մեկ օր հայկական «911» ծառայության առօրյայից
Երևանում փրկարարները փրկել են շան ձագին` նրան հանելով վերելակի հորանից. լուսանկար
«Փրկարարը հերոս է և վերջ». Ֆելիքս Ցոլակյանի տեսաուղերձը
Առանց ձեզ մեր երկիրը կարող է կանգնել աղետների առաջ. Փաշինյանը շնորհավորել է փրկարարներին
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ