22:35 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
61620

Ուսումնական տարվան ընդառաջ Sputnik Արմենիան այցելել է Երևանից 170 կմ հեռու գտնվող Շաղիկ գյուղ։ Ինչպես միշտ, այս տարի էլ դպրոցը կազմ–պատրաստ է՝ դասագրքերը ստացել են, դասասենյակները՝ մաքրել։ Բայց, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ դպրոցը միայն մեկ աշակերտ ունի։ 

Կարինե Հարությունյան

Շիրակի մարզի Շաղիկ գյուղում Արամին բոլոր ճանաչում են ու «լավ նայում»` դպրոցի միակ աշակերտն է։ 27 տնտեսություն ունեցող գյուղի դպրոցը նախորդ ուսումնական տարում 6 շրջանավարտ է ճանապարհել, փոխարենն ընդունել է մեկին՝ ակտիվ ու խելացի Արամին։

Вид на село Шагик Ширакской области
© Sputnik / Aram Nersesyan
Շաղիկ գյուղ, Շիրակի մարզ

Արամը պատմում է` երբ իմացել է, որ դասարանի միակ աշակերտն է, փոքր քիչ տխրել է, կուզեր ընկերներ ունենալ։ Սակայն 8-ամյա տղան ելքը գտել է` պատրաստվում է հարևան Գառնալիճ գյուղում գտնվող սիրած աղջկան` Մերիին համոզել, որ տեղափոխվի իրենց գյուղ։

Единственный ученик основной школы села Шагик Арам Овсепян
© Sputnik / Aram Nersesyan
Единственный ученик основной школы села Шагик Арам Овсепян

«Մեր գյուղում մանկապարտեզ չկա, ես կողքի գյուղի` Գառնալճի մանկապարտեզ էի գնում, որտեղ էլ ծանոթացա Մերիի հետ։ Արդեն հարցրել եմ` Մերին էլ ինձ է սիրում։ Պիտի գնամ ճշտեմ` գուցե իմ խաթր տեղափոխվի մեր գյուղ։ Այսինքն` եթե սիրում է ինձ, անպայման կգա, իսկ ինքն ասել է, որ սիրում է»,–պատմում է Արամն ու հավելում` Մերին կապույտ աչքեր ունի։

Дети из соседнего села в селе Шагик Ширакской области
© Sputnik / Aram Nersesyan
Հարևան գյուղի երեխաները Շիրակի մարզի Շաղիկ գյուղում

Արամը կարոտում է Մերիին, քանի որ արդեն մեկ տարի չի տեսել նրան, սակայն դա չի խանգարում, որ դպրոցում լավ սովորի։ Ամենից շատ Արամը սիրում է մաթեմատիկան և ռուսերենը. հաճախ է ուսուցչուհուն խնդրում մյուս դասերի փոխարեն էլ այդ երկու առարկաները պարապել։

–Ինձ ռուսերեն նախադասություն ասա, ես կթարգմանեմ հայերեն,–դիմում է ինձ։

–Я тебя люблю,–ասում եմ և սպասում։ Արամի պատասխանը չի ուշանում։

–Ես քեզի սիրում եմ,–ասում է տղան, ծիծաղում ու հավելում՝ քեզ չէ, Մերիին, էլի։

Вид на село Шагик Ширакской области
© Sputnik / Aram Nersesyan
Շաղիկ գյուղի համայնապատկերը

Արամը նախընտրում է քրոջ հետ դասերը պատրաստել, քանի որ մայրը երբեմն ջղայնանում է իր վրա և ավելի խիստ է, քան քույրը։ Իսկ այն առարկաները, որոնցից տանը չի գլուխ հանում, ուսուցչուհին օգնում է դասի ժամանակ դրանք սերտել։

Այս տարի երկրորդ դասարան տեղափոխվող Արամն ասում է, որ արդեն մեծ է` հասկանում է՝ եթե գյուղում չունի ընկերներ, ուրեմն` դասընկեր էլ չի ունենա։ Չնայած բոլոր դժվարություններին, Արամը Շաղիկը շատ է սիրում. որոշել է` մեծանա, այնպիսի գործ է անելու, որ փող հավաքի ու նախ` տուն կառուցի, հետո գործարան, որ մարդիկ աշխատեն, գյուղից չգնան, իսկ դպրոցում շատ աշակերտներ սովորեն։

Основная школа села Шагик Ширакской области
© Sputnik / Aram Nersesyan
Շիրակի մարզի Շաղիկ գյուղի հիմնական դպրոց

Ի դեպ, մեկ աշակերտ ունեցող դպրոցում այս պահին մեկ ուսուցիչ է աշխատում` Մարգարիտա Բեգինյանը։ Ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցչուհին ասում է, որ դպրոցն իր գոյության ընթացքում առաջին անգամ է, որ մեկ աշակերտ ունի։ Էլի են եղել տարիներ, երբ դպրոցում միայն ինքն է դասավանդել. Շաղիկ տանող ճանապարհը նորոգված չէ, և դժվար է գտնել այնպիսի մասնագետ, որը կհամաձայնի այդ քարքարոտ ճանապարհով ամեն օր գնալ-գալ։ Տեղացիները կատակում են` մինչև Գյումրի եկող ճանապարհը «բոլի մենի» է, դրանից հետո` 1.5 ժամ «դխկը–շխկը»։

Учительница основной школы села Шагик Маргарита Бегинян
© Sputnik / Aram Nersesyan
Մարգարիտա Բեգինյան, Շաղիկ գյուղի հիմնական դպրոցի ուսուցչուհի

«Մեր դպրոցի բոլոր շրջանավարտները բարձրագույն կրթություն են ստացել` ոչ ոք տնային տնտեսուհի չի դարձել։ Եղել են տարիներ` 19-20 աշակերտ ենք ունեցել ու պատահել է, որ  մեն–մենակ եմ աշխատել։ Բոլոր առարկաներն էլ դասավանդել եմ, և ուսումնական պրոցեսը երբեք կանգ չի առել։ Ինձ վրա շատ եմ աշխատում»,–ասում է Բեգինյանը։

Единственный ученик основной школы села Шагик Арам Овсепян
© Sputnik / Aram Nersesyan
Արամ Հովսեփյանը՝ Շաղիկ գյուղի հիմնական դպրոցի միակ աշակերտը

Դպրոցում երկու դասասենյակ կա` տարրական և միջին դասարանցիների համար նախատեսված։ Դասասենյակներն ապահովված են ջեռուցման համակարգով։ Դպրոցը միայն տանիքի նորոգման կարիք ունի, անձրևների ժամանակ սկսում է կաթկթալ։ Մի քանի սերունդ ճանապարհած մանկավարժը նշում է` դպրոցն ամեն գնով պետք է պահել` թեկուզ մեկ աշակերտով, քանի որ առանց դպրոցի գյուղը կամաց–կամաց կդատարկվի։ Առանց այն էլ գյուղում ապրող 27 ընտանիքներից ձմռանը 12-ն են մնում, մյուսները եղանակային պայմաններից (երբեմն բուք է անում) ելնելով լքում են գյուղը։  Բայցև, Շաղիկում կան ընտանիքներ, որոնք ոչ միայն իրենց, այլև իրենց երեխաների ճակատագիրը չեն պատկերացնում հարազատ գյուղից դուրս։

Единственный ученик основной школы села Шагик Арам Овсепян
© Sputnik / Aram Nersesyan
Արամ Հովսեփյանը՝ Շաղիկ գյուղի հիմնական դպրոցի միակ աշակերտը

«Շաղիկը մեկի համար յայլա է, մյուսի համար ամառանոց, բայց ես, օրինակ, իմ կյանքը չեմ պատկերացնում այլ բնակավայրում։ Ձմռանն արջի նման որջերն ենք մտնում` տնական ձվով ու լավաշով յոլա գնում, քանի որ գյուղում խանութ չունենք, բայց մեր գյուղն էլ այս է»,–պատմում է 8-ամյա Արամի մայրը` Աննա Հովսեփյանը։

Единственный ученик основной школы села Шагик Арам Овсепян
© Sputnik / Aram Nersesyan
Արամ Հովսեփյանը՝ Շաղիկ գյուղի հիմնական դպրոցի միակ աշակերտը

Հովսեփյանը երեք երեխա ունի` երկու տղա և մեկ աղջիկ. Արամից բացի, մյուս երկուսն էլ  Շաղիկի միջնակարգ դպրոցն են հաճախել։ Աղջիկն այժմ ամուսնացել է, մեծ տղան հարևան գյուղում շարունակում է կրթությունը` ավագ դպրոց է հաճախում, որպեսզի թատերական ինստիտուտ ընդունվի։ Հովսեփյանն ասում է`իր համար երեխաներին բարձրագույն կրթության տալը կարևոր է, քանի որ եթե ուզում են գյուղում ապրել, պետք է մտածեն հետոյի մասին։ Շաղիկում ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է, սակայն Հովսեփյանը հույս ունի, որ փոքր տղան` Արամը, կմեծանա և, օրինակ, հյուրատնային բիզնես կհիմնի։ 

Единственный ученик основной школы села Шагик Арам Овсепян с мамой Анной Овсепян
© Sputnik / Aram Nersesyan
Շաղիկ գյուղի հիմնական դպրոցի միակ աշակերտ Արամ Հովսեփյանը՝ մոր՝ Աննա Հովսեփյանի հետ

Իսկ մինչ Արամը կմեծանա, գյուղում անհամբեր սպասում են մեկ ուրիշի` Վազգենչոյի մեծանալուն։ Երբ հարցնում եմ` ո՞վ է լինելու հաջորդ դպրոցականը, և Արամը երկա՞ր է մենակ մնալու դպրոցում, տղայի մայրն ինձ թևանցուկ ուղեկցում է հաջորդ ապագա աշակերտի հետ ծանոթացնելու։ Արամի քրոջ մի քանի ամսական տղան` Վազգենչոն, տաք բարուրի մեջ անխռով քնած է` չիմանալով, որ ողջ գյուղն ու դպրոցն անհամբեր սպասում են իր մեծանալուն։

Единственный ученик основной школы села Шагик Арам Овсепян
© Sputnik / Aram Nersesyan
Արամ Հովսեփյանը՝ Շաղիկ գյուղի հիմնական դպրոցի միակ աշակերտը

Ըստ թեմայի

Որոշ աշակերտներ դպրոց կհաճախեն 3 օր. ծնողները մտահոգ են` ամեն ինչ թողնում են իրենց վրա
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
Նախարարը կոչ է անում աշակերտներին և ուսանողներին կամավոր ինքնամեկուսացման գնալ
ՄԻՊ–ը հարցադրումներ է ուղարկել ԿԳՄՍՆ դպրոցներում աշակերտների դիմակ դնելու առնչությամբ
թեգերը:
Ուսուցիչ, Աշակերտ, դպրոց, Գյուղ, Երևան, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ