09:04 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
134610

Արցախում սկսված պատերազմի առաջին իսկ օրերից հատուկ նշանակություն են ձեռք բերել հայրենասիրական երգերը։ Հայոց ազգային-ազատագրական շարժումներից ոչ մեկն առանց երգերի չի անցել։ Հիմա էլ դրանք հնչում են բառացիորեն ամենուր։

«Զոհվել չկա, տղե՛րք», «Գինի լի՛ց», «Հայեր, միացեք»․․․ այս երգերն այսօր ոչ միայն ամբողջովին փոխարինել են ամենամոդայիկ ու հայտնի համաշխարհային հիթերին, այլև դուրս են մղել տարածված «ռաբիսը»։

Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ո՞ր հայը հայրենասիրական երգերից բացի այլ բան կլսի, երբ հայրենիքը պատերազմի մեջ է։ Ահա և երգերը հնչում են բառացիորեն ամենուր՝ հեռուստաէկրաններից, գրասենյակներում, ավտոբուսներում և տաքսիներում և, իհարկե, առաջնագծում։

Հայոց ազգային-ազատագրական շարժումներից ոչ մեկն առանց ժողովրդական երգի չի անցել։ Դրանք լայն տարածում գտան հատկապես 90-ականների Արցախյան պատերազմի ու Ապրիլյան քառօրյա պատերազմի շրջանում, որից հետո ազգային ինքնագիտակցության կտրուկ աճ տեղի ունեցավ։ Նույն երևույթը դիտարկում ենք նաև այս օրերին։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույզում պատմեց ժողովրդական երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, հայրենասիրական երգն իրոք կարող է մի ողջ ազգ համախմբել։

«Մարտի դաշտում այն ոգեշնչում է մարտիկներին։ Դրա շնորհիվ մենք հաղթել ենք և հենց հիմա էլ հաղթում ենք։ Բայց դրա ուժը նաև այն է, որ այն ի վիճակի է միավորել ամբողջ ազգը»,-ասաց նա։

Հայրենասիրական երգն առանցքային դեր ունի հայ ժողովրդի ինքնության պահպանման և սերունդների դաստիարակության գործում։ Հետաքրքիր է, որ այդ երգերի միայն մի մասն է ժողովրդական․ շատ երգերի տեքստեր գրված են անհատների կողմից, բայց ժամանակի ընթացքում ժողովրդական են դարձել։

Այդպիսին են, օրինակ, գուսան Հայկազունի (երգահան Գագիկ Նազարյան) ստեղծագործությունների մեծ մասը։ Դրանցից են «Հայեր, միացե՛ք», «Գետաշեն», «Պատերազմ եք գնում, հպարտ գնացե՛ք» երգերը, ստեղծված, ի դեպ, 1992թ․-ին։

Երգերում պատմություն կա

«Հայ ժողովրդական երգի մեջ շատ կարևոր գիծ կա, որը պատմություն է փոխանցում։ Այդ ստեղծագործությունները կարևոր տեղեկատվություն են պարունակում ու պատմում են 451թ․-ի Ավարայրի ճակատամարտի, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ֆիդայական շարժումների, Արցախյան շարժման, Անդրանիկի, Գևորգ Չաուշի մասին և այլն»,-ասում է Արսեն Գրիգորյանը։

Երգչի խոսքով՝ հայկական հնչողությամբ երգերը ժողովրդի հետ պետք է ապրեն անընդհատ, այլ ոչ թե ինչ-որ առիթով, լինի դա ազգային տոն թե պատերազմ։

«Երկար տարիներ ես պայքարել եմ հենց այն բանի համար, որ մեր երգերը դուրս մղեն մեզ համար օտար հնչողությամբ ռաբիս երաժշտությունը»,-ասում է նա։

Հայ աշուղների կամ կոմպոզիտորների ստեղծագործությունները պետք է զբաղեցնեն արևելյան մոտիվներով երաժշտության տեղը, կարծում է Գրիգորյանը։ Արցախի ներկայիս պատերազմից հետո դա հատկապես կարևոր է։

Երգերում ուժ և սեր կա

Միևնույն ժամանակ, կարծում է հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր Ասյա Բերբերյանը, ցանկացած ժողովրդական երգ այս կամ այն ժողովրդի ինքնագիտակցության և անգամ խառնվածքի արտացոլանքն է։ Դա զգացվում է թե՛ ռիթմիկայի, թե՛ մեղեդայնության մեջ։

«Հայկական հայրենասիրական երգերի առանձնահատկությունն այն է, որ դրանց մեջ սեր է դրված։ Քանի որ մենք ստեղծող ազգ ենք։ Մենք ագրեսիվ ժողովուրդ չենք, մենք պաշտպաններ ենք։ Եվ մեր ուժը, մեր հզորությունը հենց այդ արժեքներն են՝ սերն ու բարությունը, այդ պատճառով էլ մենք հակառակորդից ուժեղ ենք»,-ասում է նա։

Բերբերյանն օրինակ է բերում «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երգի բառերը․ «Ես սիրում եմ իմ երկիրը․․․ Մեր երգերով ուրախ ու տաք, կապրենք խաղաղ երկնքի տակ»։

Մասնագետը կարծում է, որ հայկական հայրենասիրական երգերի հիմնական ազդեցությունն այն է, որ դրանք յուրաքանչյուրին ստիպում են իրեն ամբողջ ազգի մասնիկ զգալ։ Այս տեսանկյունից դրանք կարելի է հոգեթերապևտիկ անվանել, քանի որ փրկում են վախից և միայնությունից։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

«Մենք տեղ չունենք նահանջի». ռուս երգչուհի Չիչերինան երգում է Արցախի պաշտպանների համար
«Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի». Սևակ Խանաղյանը նոր երգ է ներկայացրել
«Ընկեր ջան, գինի լից». մարտի գնացողները երգում են ու լավ տրամադրությամբ վարակում բոլորին
թեգերը:
Արցախ, հայ, Պատերազմ, երգ

Գլխավոր թեմաներ