06:40 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
95410

Հայրենիքի պաշտպանությանը կարելի է մասնակցել նաև առանց զենք վերցնելու։ Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի արվեստագետներն այս օրերին համախմբվեցին մի գաղափարի շուրջ`  իրենց ստեղծած գործերն անարժեք կդառնան, եթե հայրենիք ու խաղաղություն չլինի։

Մենք չունենք նավթ, փոխարենն ունենք հարուստ պատմություն, մշակույթ, որոնց հիմքի վրա էլ արվեստն ենք զարգացնում։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին մեր հայրենակից արվեստագետների, ստեղծագործողների կարողությունները ևս ուղղվեցին հայրենիքին։

Երիտասարդ նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը մոտ մեկ տարի է՝ Կանադայում է բնակվում։ Կորոնավիրուսի համավարակը Մարիամի՝ հայրենիք վերադառնալու ծրագրերը ժամանակավորապես խափանեց, հայրենիքից հեռու լինելն ավելի ցավոտ դարձրեց պատերազմը, որը փոխեց նաև առաջնահերթությունները։ Որոշեց հայրենիքին օգնել` ինչով կարող է։

Проданный натюрморт художницы Мариам Мухдусян
© Photo : Mariam Mughdusyan
Մարիամ Մուղդուսյանի նկարներից

«Վաճառքի հանվեցին իմ թե՛ Տորոնտոյում, թե՛ Երևանում գտնվող նկարները։ Արդեն 5-6 նկար վաճառվել է, մի քանիսի շուրջ բանակցությունները շարունակվում են»,- պատմում է Մարիամն ու նշում, որ վաճառքն արագացնելու համար նկարների արժեքը 50-70 տոկոս զեղչում է։

Проданный натюрморт художницы Мариам Мухдусян
© Photo : Mariam Mughdusyan
Մարիամ Մուղդուսյանի նկարներից

Մարիամն իր օգնության չափի մասին խոսել չի ուզում։ Ասում է` կարևորն այն է, որ այս օրերին յուրաքանչյուրն աջակցի` ինչպես կարող է. ֆիզիկական, նյութական, թե  հոգևոր` էական չէ։

Проданный натюрморт художницы Мариам Мухдусян
© Photo : Mariam Mughdusyan
Մարիամ Մուղդուսյանի նկարներից

Լիլիթ Աթոյանը հագուստի դիզայներ-մոդելավորող է։ Այս օրերին տեսնելով, թե ինչպես են ստեղծագործողներն ակտիվորեն ամեն ինչ անում հայրենիքին օգնելու համար, որոշել է իր ներդրումն ունենալ։ Աշխատանքից դուրս սիրելի զբաղմունքը հասարակ մատիտով դիմանկարներ անելն է։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում տեսել է Արիության մեդալի արժանացած հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանի լուսանկարը։ Նա թշնամական 12 տանկ էր շարքից հանել ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը:

Լիլիթը որոշել է նկարել նրա դիմանկարն ու աճուրդի հանել։

Портрет героя Арсена Габриеляна художницы Лилит Атоян
© Photo : Lilit Atoyan
Արսեն Գաբրիելյանի դիմանկարը

«Սկզբում մտածում էի՝ քանի որ միայն սև մատիտով եմ աշխատում, միգուցե հետաքրքիր չի լինի, բայց մեծ արձագանք գտավ աշխատանքս»,- պատմում է նա։

Աճուրդն ավարտվել է 150 հազար դրամով, սակայն գնորդը միտքը փոխել է ու չի գնել նկարը։ Փոխարենը Կալիֆոռնիայում բնակվող մեր հայրենակցուհիներից մեկն է կապ հաստատել Լիլիթի հետ։ Աղջիկը 210 ԱՄՆ դոլար է վճարել դիմանկարի համար, իսկ նրա ապահովագրական ընկերությունը կրկնապատկել է գումարն ու արդյունքն ավելին է եղել, քան սպասվում էր։     

«Պարզվեց՝ այդ աղջկա ընտանիքն այստեղ բարեկամներ ունի, զոհված զինվոր ունեն, ուստի խնդրեց, որ դիմանկարը հենց իրեն՝ Արսենին փոխանցեմ»,–ասաց Լիլիթը։

Նա արդեն խոսել է հերոսի հետ, ասում է՝ փառք Աստծո, լրիվ առողջ է։ Հաջողությունից ոգևորված՝ Լիլիթը նոր դիմանկարներ է անելու։ Առհասարակ, այս օրերին դիմանկարների ինչքան պատվեր ունենա, ամբողջ գումարը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Մասնագիտությամբ պատկերազարդող գրաֆիկ–դիզայներ Նվարդ Երկանյանն արդեն 5 տարի է՝ բնակվում է Ֆլորենցիայում, WHY Graphic Design Festival-ի համահիմնադիրն է։ Նվարդին հաջողվել է համախմբել աշխարհի տարբեր կողմերում ապրող ստեղծագործողներին ու ստեղծել միասնական հարթակ, որտեղ կցուցադրվեն նրանց գործերն ու վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Գաղափարը ծնվել է պատերազմի հենց առաջին օրերին։     

«Նույն օրերին շատ ուրիշ արվեստագետներ նույն նախաձեռնությամբ հանդես եկան՝ իրենց անձնական էջերում հայտարարելով, որ նույնպես ուզում են իրենց աշխատանքների վաճառքի ողջ հասույթը նվիրատվություն անել հիմնադրամին: Քանի որ այս օրերին լրահոսը շատ արագ է լցվում նորություններով և գրառումներով, արվեստագետների գրառումները կորչում էին լրահոսում: Ինձ հետ կապ էին հաստատում մի շարք գնորդներ՝ հարցնելով, թե արդյո՞ք կան ուրիշ արվեստագետներ՝ ումից կարելի է աշխատանք գնել և դրանով օգնել Արցախի և Հայաստանի քաղաքացիներին»,- պատմում է Նվարդը։

Նա նշում է` հենց այդ ժամանակ էլ հասկացել է, որ համախմբող կայքի անհրաժեշտություն կա։ Գաղափարը ներկայացրել է «Artsakh Awareness visual content» փակ խմբում, որի անդամ դիզայներների խումբն աշխատում է մեդիայում որակյալ վիզուալ նյութեր ստեղծելու ուղղությամբ:

Նվարդի գաղափարն ընդունվեց, ընդամենը 1-2 օրվա մեջ կայքն արդեն պատրաստ էր։ Այս պահին արդեն այնտեղ մոտ 100 ստեղծագործող է ներկայացված, նրանց թիվն օր–օրի ավելանում է։ Նրանք հիմնականում հայ արվեստագետներ են Հայաստանից և սփյուռքից, բայց հատուկենտ օտարազգիներ էլ կան։        

Կայքը, սակայն, վաճառքով չի զբաղվում, այն ընդամենը կատալոգի դեր է կատարում։ Պոտենցիալ գնորդներն այստեղ ծանոթանում են արվեստագետների աշխատանքներին, ուղիղ կապ հաստատում նրանց հետ, կազմակերպում վաճառքը, գումարի նվիրատվությունը և աշխատանքի փոխադրումը:

Скрин сайта forartsakh.art
© Photo : forartsakh.art
Արվեստագետների կայքը

Նվարդն ինքը առ այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 1500 եվրո, որը կրկնապատկվել է այլ հիմնադրամի միջոցով, իսկ 700$ գնորդները փոխանցել են ուղղակիորեն հիմնադրամին:        

«21-րդ դարի պատերազմը միայն զինվորների պատերազմ չէ: Հիմա առաջնագծում են նաև գիտությունը, մշակույթը, արվեստը… Այսօր ամեն մեկս շատ անելիք ունենք: Ամեն մարդ իր յուրօրինակ հմտություններն ունի` թե՛ մասնագիտական, և թե՛ բնածին տրված կարողություններ։ Պետք է ճիշտ գնահատել ամեն մեկի ռեսուրսներն՝ ուղղելով դրանք մեր ապագայի կայունությանը և խաղաղության հաստատմանը»,- ասում է Նվարդն ու ավելացնում՝ ծանր աշխատանք է սպասվում։

Պետք է, որ ամեն մեկն իր տեղում լինի, գտնի իր պես մարդկանց և նվիրվի իր կարողությունների սահմանում ուժեղ երկիր կառուցելու գործին անկախ պատերազմի տևողությունից, քանի որ պատերազմից հետո էլ ավելի շատ գործ ունենք անելու:

Երեք շաբաթում 4.5 միլիոն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
թեգերը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, Արվեստ, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ