14:24 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
76210

ԶՈւ գլխավոր շտաբի պետն ուղերձով է հանդես եկել` մանրամասներ ներկայացնելով մինչպատերազմյան իրավիճակի, ինչպես նաև պատերազմի օրերին իր աշխատանքի մասին։ Պատերազմի 4-րդ օրը Գասպարյանն ասել է, որ 2-3 օրերի ընթացքում պետք է կանգնեցնել պատերազմը։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Բոլորի համար շատ ծանր պայմաններով համաձայնագիրն ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Պետք է ընտրություն կատարվեր շատ վատի և ողբերգության միջև։ Իր ուղերձում հայտնել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը` անդրադառնալով պատերազմի ավարտն ազդարարող համաձայնագրի կնքմանը։

«Մենք նախընտրեցինք շատ վատը: Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն… Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պե´տք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն»,–ասում է Գասպարյանը։

Նա հայտնում է, որ որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար` պատասխանատվություն է կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար:

ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի զինուժի նոր գրոհի և զինվորների շրջափակման մեջ հայտնվելու լուրերը

Միաժամանակ, Գասպարյանը մանրամասներ է հայտնել դեռ պատերազմից առաջ իր իրականացրած քայլերի վերաբերյալ` հերքելով լուրերը, թե ԶՈւ–ի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։

Գասպարյանը վստահեցնում է, որ իր` ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին նշանակվելուց 4 օր անց` հունիսի 12-ին, ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև անվտանգության խորհրդին ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Նա ներկայացրել է առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:

Մասնավորապես, հայտնել է, որ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլև Թուրքիան: Հետևաբար, 2 պետությունների ռազմական ներուժին ՀՀ–ն չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն: Գասպարյանը հայտնում է` իր առաջարկն ընդունվել է, սակայն նրան հարց են ուղղել` ինչ կլինի, եթե չհաջողվի պատերազմից խուսափել։ Ի պատասխան Գասպարյանը նշել է, որ պարտադրված պատերազմում պետք է փորձել հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնել հակառակորդին մեծ կորուստներ և ստիպել հրաժարվել հետագա գործողություններից. երկարատև պատերազմից պետք է խուսափել` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Հենց այդ ժամանակ էլ բարձրացվել է նաև 100 000 կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:

Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը

«Ինչևէ, պատերազմից չկարողացանք խուսափել, և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման Արցախի ողջ ճակատով: Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ 2-3 օրերի ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»,–ասում է Գասպարյանը։

Նա զեկուցել է, որ պատերազմը չկանգնեցնելու դեպքում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ոչ բարենպաստ պայմաններ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը հավաստիացնում է` նմանատիպ գնահատականներ բազմաթիվ անգամ ներկայացրել է նաև վարչապետի հետ աշխատանքի ընթացքում, ինչպես նաև ԱԽ–ի նիստերում: Սակայն պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և հայկական կողմը պարտադրված շարունակել է մարտական գործողությունները:

Իր խոսքն ամփոփելով` Գասպարյանը նշում է, որ չպե´տք է հուսահատվենք ու պե´տք է շարունակենք մեր հայրենյաց սահմանների պաշտպանությունը, լրջորեն վերլուծենք և անենք հետևություններ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Ըստ թեմայի

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացումը 
Փաշինյանն ասաց` ինչ շրջադարաձային փոփոխություն կլինի եռակողմ հայտարարության արդյունքում
Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն առնվազն 6 մարդ է պատանդ վերցրել. Ալավերդյան
թեգերը:
Օնիկ Գասպարյան, ուղերձ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ