ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է` վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում:
«Մասնավորպես, այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երևանի և Կոտայքի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Եթե տանը ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պետք է պահպանել առնվազն 1.5 մ հեռավորություն: Բացօթյա տարածքներում պետք է կրել դիմակ, հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից:
Տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս (խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանել ձեռքերը կամ լվալ ձեռքերն օճառով:
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից
Առհասարակ, անհրաժեշտ է հաճախակի լվալ ձեռքերը, անհնարինության դեպքում` մշակել 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչով: Իսկ սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես պետք է կապվել պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:
Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 1563 նոր դեպք, և 38 մարդ էր մահացել։