10:06 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
28810

Sputnik Արմենիան զրուցել է հոգեբանի հետ, պարզելու համար՝ պե՞տք է արդյոք ընտանեկան միջավայրում նշել Նոր տարին, և ինչպես է երկրի վիճակն անդրադառնում երեխաների վրա։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Ամանորյա տոներն այս տարի Հայաստանում սովորականի պես չեն անցնի․գլխավոր տոնածառը չի զարդարի Հանրապետության հրապարակը, քաղաքում տոնական միջոցառումներ և զարդարանքներ նույնպես չեն լինի։

Դա ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հայ հասարակության շրջանում, քանի որ քաղաքացիների մի մասը կարծում է, որ այնուամենայնիվ չարժե երեխաներին զրկել տոնից, իսկ մյուս մասը վստահ է` իշխանությունների ընդունած որոշումը տեղին է։

Sputnik Արմենիան զրուցել է հոգեբան Աննա Գալստյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է սգի մթնոլորտն անդրադառնում երեխաների հոգեբանական վիճակի վրա, և արժե՞ արդյոք ընտանեկան միջավայրում տոնել Ամանորը։

Հոգեբանը ծնողներին միանշանակ խորհուրդ տվեց տանը տոնածառ զարդարել և երեխաների համար տոն կազմակերպել՝ չնայած ճնշված վիճակին և երկրում տիրող տխուր մթնոլորտին։

Մանուկները հիմնականում զգացմունքներով են առաջնորդվում, ուստի տոնական օրերին առավել կարևոր է նրանց մի փոքր ուրախության և երջանկության զգացողություն պարգևել՝ ավելի լավ ապագայի վստահություն ներշնչելու համար․չէ՞ որ Նոր տարվան բոլորն են սպասում։ Այս համատեքստում հոգեբանն օրինակ բերեց երկու մայրերի, որոնցից մեկը ցրտին երեխային հագցնում է, կերակրում, անում բոլոր անհրաժեշտ քայլերը, իսկ երկրորդը նրա համար թանկարժեք խաղալիքներ, գեղեցիկ հագուստ է գնում, մի խոսքով՝ անում է այն ամենը, ինչ երեխան է ուզում ։ Եվ չնայած  առաջինի հոգածությունն ադեկվատ մայրական արձագանքի տեսք ունի, երկրորդի երեխան այնուամենայնիվ ավելի երջանիկ կլինի։

«Տարին բարդ էր։ Երեխաներն առանց այդ էլ սթրես են ապրել։ Երկրում լարված իրավիճակը, բազմաթիվ կորուստների սուգը, մեծերի տրամադրությունն ազդում է փոքրերի վրա և ճնշում նրանց։ Ճիշտ չէ երեխաներին թախիծի մեջ ընկղմելը։ Այս օրերին նրանք համեղ ուտելիքների են սպասում, նվերների ու զարդարված տոնածառի։ Կարելի է ընտանեկան տոն սարքել՝ առանց ավելորդությունների, որպեսզի երեխայի ամանորյա սպասումներն արդարացվեն»,-ասաց Գալստյանը։

Հոգեբանն ընդգծեց, որ տոնը հատկապես պետք է մարտական գործողություններում զոհվածների և տուժածների երեխաներին, քանի որ այդ ընտանիքներում ցավն ու սուգը առանց այդ էլ շատ են։ Հասկանալի պատճառներով տանը այդ երեխաների համար տոնածառ չեն զարդարի, բայց կարելի է նրանց հանդեսների կամ ամանորյա ներկայացումների տանել, անպայման նվերներ տալ։

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ

Գալստյանը կարծում է, որ կառավարությունն ուղղակի պարտավոր է այդ երեխաներին ամանորյա հեքիաթ և պաշտպանվածության զգացողություն պարգևել։

 «Պատերազմում զոհվածների երեխաներին ամանորյա հեքիաթն ավելի անհրաժեշտ է, քան մյուսներին։ Նրանք առանց այդ էլ մեծ ցավ են վերապրել։ Սթրեսը հանելու համար նրանց հետ պետք է աշխատել։ Իհարկե, դա կարող են անել հոգեբանները՝ որևէ խաղային կամ արտ-թերապիայի միջոցով, բայց նման իրավիճակներում առաջին հերթին պետք է աշխատել ծնողների և ընտանիքի անդամների հետ։ Միայն երեխաների հետ փոխգործակցությունը ցանկալի արդյունքի չի հանգեցնի»,-կարծում է Գալստյանը։

Փորձագետը հարազատներին խորհուրդ է տալիս երեխաներին պատմել պատերազմի ու դրա հետևանքների մասին։  Բացատրել, որ շատ տարիներ առաջ մենք հաղթել ենք պատերազմը, խոսել մեր ժողովրդի ձեռքբերումների, պատմության լուսավոր էջերի, նշանակալի մարդկանց մասին։ Ասել, որ մենք դեռ շատ հաղթանակներ կունենանք, և դրա համար պետք է ավելի ուժեղ ու խելացի դառնանք։

Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի ամուսիններին կորցրած կանայք վերապրեն իրենց սուգը, դուրս հանեն զգացմունքները, այլապես դա կարող է ագրեսիայի վերածվել։ Երեխաներին չի կարելի լիովին պատսպարել վշտից, բայց կարևոր է, որպեսզի այդ «հաղորդակցումը» շատ երկար ու չափազանց էմոցիոնալ չլինի։ Իսկ ծնողի մահվան մասին պետք է առավելագույն նրբանկատությամբ հայտնել։ Եթե երեխան դեռ փոքր է, ցանկալի է մահվան սահմանում տալ, օրինակ՝ «գնաց ուրիշ աշխարհ»։ Բայց դա պետք է այնպես անել, որպեսզի երեխայի մոտ սպասման զգացում ի հայտ չգա։

Գալստյանը նաև խորհուրդ է տալիս մինչև որոշակի տարիքը պահպանել Ձմեռ պապի մասին հեքիաթը, քանի որ նրան հավատալը երեխաներին թույլ է տալիս ավելի բարի լինել ու հավատալ հրաշքների։ Դրա հետ մեկտեղ նա կոչ է անում երեխաներին չսպառնալ զրկել նվերից, եթե իրենց վատ պահեն։ , Երբ երեխան սկսում է կասկածել Ձմեռ պապի գոյությանը, փորձագետը նաև խորհուրդ է տալիս նրան պատմել ճշմարտությունը, բայց այնպես, որպեսզի հրաշքների հանդեպ հավատը չկորի։

Առանց երգ ու պարի, բայց Ձմեռ պապով․ Ամանորին հայաստանյան հանգստավայրերում ազատ տեղ չկա

«Կատարվածի համար երեխաները մեղավոր չեն։ Պետք չէ նրանց զրկել տոնից, հեքիաթից և ապագայի դրական սպասումներից»,-եզրափակեց նա։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է չզարդարել երկրի գլխավոր տոնածառը, քանի որ Հայաստանի բազմաթիվ ընտանիքներում Արցախյան պատերազմի հետևանքով զոհեր կան, և ժողովուրդը սգում է նրանց մահը։ Որոշվել է նաև չզարդարել քաղաքը։ Սակայն, ինչպես և միշտ, թատրոնների մեծ մասում մանկական հանդեսներ և ամանորյա ներկայացումներ կկազմակերպվեն։

Ըստ թեմայի

Գյումրիում էլ տոնածառ չեն դնի, միակ զարդարանքը կլինի գրությունը
Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ապամոնտաժվեց․ մարդիկ չեն ուզում տեսնել Աննա Հակոբյանին
թեգերը:
տոն, երեխա, տոնածառ, Ամանոր

Գլխավոր թեմաներ