ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
«Մաղթում եմ ձեզ շուտափույթ ապաքինում։ Այդ վարակը սահմաններ, կարգավիճակ չի ճանաչում, բայց մենք կհաղթենք գլոբալ համերաշխությամբ և այդ պայքարից դուրս կգանք ավելի ուժեղացած», – Twitter-ի իր էջում գրել է Զուրաբիշվիլին։
.@Arm_President, wishing you a speedy recovery! This virus knows no boundary, no status but we will defeat this crisis through #GlobalSolidarity and come out stronger.
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) January 5, 2021
Հիշեցնենք` հունվարի 5–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա այժմ ինքնամեկուսացել է և աշխատում է հեռավար։
Նշենք նաև, որ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում ընտանիքի ու թոռնիկների հետ, իսկ հունվարի 3-ին Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: