ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. IT ոլորտի որոշ մասնավոր ընկերություններ պատրաստակամ են զինհաշմանդամների վերամասնագիտացման համար կրթական անվճար ծրագրեր իրականացնել։ Կառավարության նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նշենք, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման` պրոթեզավորման կարիք ունեն պատերազմի մասնակից շուրջ 115 անձ։
«Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած այն տղաները, որոնք կարող է` տեղաշարժի խնդիրներ ունենան, կարող են դիտարկել IT ոլորտում կրթություն ստանալու հարցը։ Նախարարությունը նույնպես ունի վերամասնագիտացման ծրագրեր, որտեղ կնախատեսվեն նաև զինհաշմանդամների համար դասընթացներ»,–ասաց Արշակյանը։
Նա հայտնեց, որ նախարարության վերամասնագիտացման ծրագրի շնորհիվ բազմաթիվ մարդկանց համար հնարավորություն կստեղծվի կրթություն ստանալ։
Վիրավոր զինվորները կկարողանան քայլակ կամ սայլակ ստանալ առանց հաշմանդամության կարգի
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։
Այն ենթադրում է, որ զինհաշմանդամներին կտրամադրվի ավելի որակյալ պրոթեզ` ավելի կարճ ժամանակում։ Նախագիծը կընդունվի վաղը՝ գրավոր ընթացակարգով։
«Տղաները խոստացել են արագ ապաքինվել». վիրավոր զինծառայողների Ամանորը. լուսանկարներ