03:15 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
34260

Պատերազմի մասնակիցներից շատերը պրոթեզավորման կարիք ունեն։ Զինհաշմանդամների մի մասը պետական հավաստագրերի հիման վրա կպրոթեզավորվի, բայց կան տղաներ, որոնք հրաժարվում են պետական միջոցներով պրոթեզավորվելուց։

Արցախյան երկրորդ պատերազմում ծանր վնասվածքներ ստացած տղաներին լիարժեք կյանքին վերադարձնելու համար Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում փետրվարին պրոթեզարան կբացվի, որտեղ պրոթեզավորող ինժեներներ կաշխատեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ Լուսինե Պողոսյանը։ Նրա խոսքով՝ գերմանական հայտնի OTTO BOCK ընկերության հետ արդեն ունեն պայմանավորվածություն և ծրագիր։

«Մեր մասնագետները պարբերաբար Գերմանիա կգնան ուսուցման և վերապատրաստման համար։ Արտասահմանցի մասնագետները փաստում են, որ մեկ պրոթեզը կարելի է պատրաստել շատ արագ` 1-3 օրում։ Իսկ այժմ ՀՀ-ում ունենք դեռ այն խնդիրը, երբ պրոթեզարանը 15 -30 օր, երբեմն էլ ավելի ուշ է պացիենտին պրոթեզ տրամադրում»,–ասաց բժիշկը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում գուցե շատերը պրոթեզարաններ կկառուցեն, խնդիր չէ, բայց կա պրոթեզավորող ինժեների սպասարկում, երբ նա ֆիզիոթերապևտի հետ շաբաթը երկու անգամ անում է իր գնահատումներն ու շտկումները և էականորեն արդյունավետ դարձնում վերականգնողական բուժումը։

Главный врач реабилитационного центра Защитника Отечества Лусине Погосян (14 января 2021). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Լուսինե Պողոսյան

«Տղաները հաճախ են հարցնում, թե պրոթեզները որքանով կփոխարինեն իրենց ձեռքերին կամ ոտքերին, ուզում են լսեն, որ դա դառնալու է իրենց մարմնի մի մասը։ Ցավոք, այդպես չի լինում, ճիշտ բուժումն ու լավ պատրաստված պրոթեզը միայն բարձրացնում են տղաների կյանքի որակը, և նրանք սովորում են ապրել դրանց հետ»,-ասում է բժիշկը։

Реабилитационный центр Защитника Отечества, где проходит лечение участник карабахской войны, солдат-срочник Сейран Согоян (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Նշենք, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը պետական ֆինանսավորում չունի։ Այստեղ տղաների կարիքները հոգում են կենտրոնի ֆինանսավորումն ապահովող հասարակական կազմակերպության միջոցներով։

Հասկանալու համար, թե պետությունն ինչ է անում զինհաշմանդամների որակյալ պրոթեզավորումն իրականացնելու համար, Sputnik Արմենիան դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Ըստ նախարարության նախնական գնահատման` պրոթեզավորման կարիք ունեն շուրջ 117 անձինք, որոնք պատերազմում վիրավորվել են և ունեն վերին ու ստորին վերջույթների պրոթեզավորման կարիք:

Նախարարության տրամադրած հավաստագրի շրջանակում վերին վերջույթի մեկ պրոթեզի ֆինանսավորման առավելագույն շեմը 2 545 000 դրամ է, իսկ ստորին վերջույթինը` 1 795 000 դրամ:

Պրոթեզները նախարարության հավաստագրերի հիման վրա տրամադրում են որակավորված կազմակերպությունները: Համապատասխան պայմանագիրը կնքելուց հետո կազմակերպություններն իրականացնում են անձի պրոթեզավորումը:

Իսկ եթե անձի վերջույթը ինչ-ինչ պատճառներով կրկին ամպուտացվել է և նոր պրոթեզ է հարկավոր, ապա պետք է դիմի բուժատեխնիկական հանձնաժողով: Հուսանք` գոնե այս դեպքում անհարկի ձգձգումներ չեն լինի, և զինհաշմանդամների սպասարկումը կիրականացվի բարձր մակարդակով։

Հայաստանում պրոթեզավորման գործընթացի մասին գրեթե ամեն ինչ գիտի դժբախտ պատահարի հետևանքով արդեն 18 տարի ձեռքերը կորցրած 30-ամյա Արտյոմ Առաքելյանը։ Նա սեփական օրինակով փաստում է, որ պրոթեզները հաճախ են սպասարկման, վերանորոգման ու փոփոխման կարիք ունենում։

Արտյոմի խոսքով` վերին վերջույթների (ձեռքերի) պրոթեզները, որոնք Հայաստանում տրամադրվում են պետպատվերի շրջանակում, չափազանց սահմանափակ են իրենց ֆունկցիոնալությամբ, շարժումները թույլ են տալիս կատարել ընդամենը մի քանի գործողություն, որոնք մարդու առօրյա կյանքի գործողությունների փոքր մասն են կազմում։ Այդ պրոթեզները նաև որակական առումով են խիստ խոցելի։ Բացի այդ, միայն 4 տարին մեկ կարելի է դիմել բժկասոցիալական փորձաքննության գրասենյակ (ԲՍՓԳ)` նոր պրոթեզներ ստանալու ակնկալիքով։

«Պրոթեզները շատ ավելի վաղ են շարքից դուրս գալիս, ու կանգնում ես փաստի առաջ։ Հենց հիմա էլ իմ աջ պրոթեզը (ստացել եմ 1 տարի առաջ) արդեն տևական ժամանակ անսարք վիճակում է, ու վերանորոգման համար պետք է դիմեմ ԲՍՓԳ»,-ասում է Արտյոմը։

Նրա խոսքով՝ ամենօրյա շահագործման պատճառով տեխնիկան մաշվում է, փչանում,իսկ որակապես թույլ տեխնիկան շատ ավելի արագ է շարքից դուրս գալիս։Այսինքն` պրոթեզ օգտագործող ցանկացած շահառու ունի մշտական սպասարկման կարիք։

Потерявший обе руки в последствии несчастного случая Артем Аракелян
© Photo : provided by Artyom Arakelyan
Արտյոմ Առաքելյան

Զինհաշմանդամների շրջանում, ցավոք, դեռ կա այն թյուրըմբռնումը, որ եթե պրոթեզը պատվիրեն արտասահմանից և այն թանկ լինի, ապա մեկընդմիշտ կմոռանան կրկին պրոթեզավորվելու մասին։ Հենց այդ պատճառով է, որ տղաներից շատերը նախընտրում են միջոցներ հայթայթել և պրոթեզ պատվիրել արտասահմանից, մինչդեռ հարց է ծագում` ի՞նչ են անելու, երբ մի քանի ամիս անց ինչ-որ մաս խափանվի։

«Միգուցե մտածում են կփաթեթավորեն, կուղարկեն արտասահման, կվերանորոգեն, հետ կուղարկել, լավ, իսկ վստա՞հ են, որ ճանապարհին չի կորչի»,-ասում է Արտյոմը։

Նա վստահ է, որ Հայաստանում պետք է լինի որակյալ պրոթեզարան, որտեղ կաշխատեն լավ մասնագետներ և տեղում կլուծեն պրոթեզների հետ կապված բոլոր խնդիրներն ու իրենց կազատեն ավելորդ քաշքշուկից։

Հավելենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` Հայաստանում պետական հավաստագրերի հիման վրա վերին և ստորին վերջույթների և ակնագնդի պրոթեզներ են տրամադրում «Ինտերօրթո» ՍՊԸ–ն, «Կամար» ՓԲԸ–ն, «Օրթեզ» ՍՊԸ–ն, «ԲԱՐՐԻ ԹՐԵՅԴ» ՍՊԸ–ն, «ԱՉՔ» ՍՊԸ–ն։

2020-ի տվյալներով` պետական հավաստագրերի հիման վրա ստորին վերջույթի համար տրամադրվել է 802 պրոթեզ, վերին վերջույթի 41, ակնագնդի 146 պրոթեզ։

Ըստ թեմայի

Զինհաշմանդամների համար IT ոլորտում անվճար դասընթացներ կիրականացվեն
«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը
Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ