11:14 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
183901

Կարանտինային սահմանափակումներն աստիճանաբար չեղարկվում են, երկրները թույլատրում են օտարերկրացիների մուտքը։ Փորձագետները վերլուծել են, թե դա ինչպես կանդրադառնա Հայաստանից արտագաղթի ցուցանիշների վրա։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայաստանում արդեն մեկ ամսից ավելի ակտիվորեն քննարկվում է բնակչության հնարավոր զանգվածային արտահոսքը՝ Արցախյան պատերազմում պարտության, տնտեսական անկման և քաղաքական հիասթափությունների պատճառով։ Այս խոսակցությունները հատկապես սրվեցին այն բանից հետո, երբ որոշ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, հայտարարեցին օտարերկրացիների մուտքի սահմանափակումները չեղարկելու մասին։ 

Սահմանափակումների չեղարկումը կարող է հիմք դառնալ արտագաղթի համար. պատգամավոր

Որոշ փորձագետներ սահմանները բացվելուն պես զանգվածային արտագաղթ են կանխատեսում, իսկ մյուսները դա համարում են ճնշող իրավիճակ ստեղծելու փորձ և խորհուրդ են տալիս լուն ուղտ չսարքել։ Սոցիալական ցանցերում էլ մոտավորապես նույն տրամադրություններն են տիրում։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասաց, որ չնայած գործող իշխանությունների բազմաթիվ սխալներին, ձախողված տնտեսական իրավիճակին և երկրում քաղաքական գործընթացներին՝ զանգվածային արտագաղթ չի լինի։

Атом Маргарян
© Sputnik
Ատոմ Մարգարյան

Նրա կարծիքով՝ բոլոր նման կանխատեսումները չափազանցված են և առաջ են մղվում ընդդիմադիր ուժերի կողմից՝ իրավիճակը սրելու համար։

Դրա հետ մեկտեղ նա կարծում է, որ իշխանությունները որևէ գործողություն չեն ձեռնարկում զանգվածային արտագաղթը կանխելու համար, եթե այն, այնուամենայնիվ, սկսվի։

«Տնտեսական իրավիճակը ծայրահեղ չէ, որպեսզի բնակչության հսկայական արտահոսք լինի։ Եթե սահմանափակումները հանեն, տեղի կունենա աշխատանքային միգրանտների արտահոսք, բայց դա ժամանակավոր երևույթ է, և նրանք կվերադառնան»,-ասաց փորձագետը։

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը համաձայն է, որ առաջին հերթին արտագաղթում են աշխատանքային միգրանտները, սակայն չի կարծում, որ զանգվածային միգրացիայի վերաբերյալ մտահոգություններն անհիմն են:

Грант Микаел
Հրանտ Միքայելյան

Դրա հետ մեկտեղ, նրա համոզմամբ, բնակչության արտահոսքը երկարաժամկետ կլինի, և քաղաքացիները կհեռանան աստիճանաբար: Պատճառը կարող է լինել պատերազմի վերսկսման սպառնալիքը, տնտեսական անկումը, անորոշությունն ու ապագայի հեռանկարների բացակայությունը։

«Հասարակության միջին խավերի ներկայացուցիչները կլքեն երկիրը՝ ելնելով իրենց քաղաքական հայացքներից, Արցախի հարցում հիասթափությունից, բայց ամենաշատը կհեռանան նրանք, ովքեր ի վիճակի չեն իրենց ապահովել։ Մտավախություն կա նաև, որ կարտագաղթեն բանակում ծառայությունից խուսափելու համար, իսկ դա վերաբերում է հասարակության բոլոր շերտերին»,-ասաց նա։

Միքայելյանը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, արտագաղթի հիմնական երկրներ ավանդաբար կմնան Ռուսաստանը, ԱՄՆ-ն և բոլոր այն երկրները, որտեղ կան հայկական համայնքներ, տնտեսական հնարավորություններ, իսկ վիզա ստանալու հետ կապված խնդիրներ չկան:

Արտագնա աշխատանքի ճանապարհները բացվում են ժամանակավորապես ու փորձնական ծրագրով

Նրա համոզմամբ՝ արտագաղթը կանխելու և դրա տեմպերը նվազեցնելու համար իշխանությունները պետք է համալիր աշխատանք տանեն։ Անհրաժեշտ է, որ մարդիկ ապագայի հեռանկարներ տեսնեն, իրենց ապահով զգան, իսկ երկրում կայունություն լինի։ Դրա հետ մեկտեղ փորձագետը կարծում է, որ իշխանափոխությունը միգրացիոն իրավիճակի վրա կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական անդրադառնալ, ամեն ինչ կախված կլինի նոր իշխանության որակից։

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն իր հերթին վստահ է, որ արտագաղթի տեմպերի զսպման ծրագրերի իրականացումից իշխանություններն արդեն ուշացել են առնվազն 1-2 ամսով: Նրա խոսքով՝ պետությունը պետք է հոգատարություն ցուցաբերի ընտանիքների, մասնավորապես՝ սահմանամերձ գյուղերում ապրողների նկատմամբ, սոցիալական ծրագրեր իրականացնի, արտոնություններ տրամադրի տարբեր ոլորտներում և, իհարկե, ապահովի նրանց անվտանգությունը:

Этнограф Светлана Погосян
© Sputnik / Asatur Yesayants
Սվետլանա Պողոսյան

«Մարդիկ պետք է իրենց պաշտպանված զգան, պետք է բարձրանա բանակի հեղինակությունը, և բարեփոխումներ իրականացնելու միջոցով պետք է ցույց տալ, որ երկիրը պաշտպանող կա։ Նախկինում Հայաստանը համեմատաբար անվտանգ երկիր էր համարվում, իսկ հիմա, հատկապես սահմանամերձ շրջաններում, մարդիկ անվտանգությանը սպառնալիք են զգում, և դա լրջորեն անդրադառնում է հեռանալու նրանց ցանկության վրա»,-ասաց նա։

Ազգագրագետը վստահ է, որ բնակչության արտահոսքը կսկսվի մասամբ ապահովված քաղաքացիներից, քան որ տեղափոխվելու և նոր երկրում հաստատվելու համար միջոցներ են հարկավոր, իսկ հետո արդեն կհեռանան աղքատները և նույնիսկ շատ հարուստները։ Դրա հետ մեկտեղ նա կարծում է, որ տնտեսական իրավիճակը բոլոր երկրներում է բարդ, և դա կարող է զսպող գործոն լինել մոտակա մի քանի ամիսների համար։ 

Նոր պատերազմի վախ ու տնտեսական անկում․ Հայաստանում արտագաղթի հերթական ալիք կսկսվի՞

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականին Հայաստան է ժամանել 3,757,187 մարդ, մեկնել՝ 3,741,869 մարդ: Հետևաբար, մնացորդը 15,318 մարդով դրական էր։ 2019 թվականին Հայաստան է ժամանել 4,319,618 մարդ և մեկնել 4,309,112 մարդ։ Հետևաբար, մնացորդը դրական էր 10,506 մարդով։ 2020 թվականի տվյալները դեռ չկան, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսային սահմանափակումները՝ կարելի է ենթադրել, որ մնացորդը կրկին դրական կլինի:

 

Ըստ թեմայի

Հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին. Գարեգին Բ–ն պատգամ է հղել
Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան
Սահակաշվիլիի դասերը, կամ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»
թեգերը:
Հայաստան, արտագաղթ

Գլխավոր թեմաներ