09:07 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
17210

Հայաստանի ժուռնալիստների միությունը ՀՀ նախագահին կոչ է անում օգտվել օրենքը չստորագրելու իր սահմանադրական իրավունքից։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ կոչ է ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Հայտարարությունը հրապարակվել է Facebook–ում։

Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։

«Այս փոփոխություններն ուղղակիորեն ուղղված են խոսքի ազատության և մամուլի դեմ ու տեղավորվում են զանգվածային լրատվության միջոցների, խոսքի ազատության հանդեպ գործող իշխանությունների քաղաքականության տրամաբանության շրջանակներում։ Վիրավորանքի ու զրպարտության համար նման՝ հայկական իրականության չափանիշերով աստղաբաշխական ծավալի տուգանքների սահմանմամբ ուղիղ հարված է հասցվելու առանց այդ էլ մեծ դժվարությամբ գոյատևող լրատվամիջոցներին՝ շատերին ընդհուպ կանգնեցնելով փակման սպառնալիքի առաջ»,– նշում է Հայաստանի ժուռնալիստների միությունը։

Ընդ որում, մամուլին ուղղակիորեն առնչվող այս փոփոխություններն ընդունվել են դատական համակարգը վերահսկելի դարձնելու՝ իշխանությունների անթաքույց ցանկության ու նախաձեռնությունների պայմաններում, ինչը նշանակում է, որ տեսանելի ապագայում՝ ունենալով կառավարելի դատարաններ, իշխանությունները կարող են օգտագործել այդ օրենքը՝ իրենց ոչ հաճո լրատվամիջոցներին դատարանների միջոցով լռեցնելու նպատակով։ Բացի այն, որ ընդունված փոփոխություններն ունեն ակնհայտ քաղաքական նպատակներ, դրանք հակասում են նաև ՀՀ Սահմանադրությանն ու եվրոպական մի շարք կոնվենցիաներին։

Ըստ Հայաստանի ժուռնալիստների միության` ընդունված օրենքին ընդդիմախոսությունն ամենևին չի նշանակում զրպարտության կամ վիրավորանքի խրախուսում, ինչի դեմ պայքարելու համար կարելի է և պետք է ընդունել այլ՝ մամուլի ազատությանը չվնասող իրավակարգավորումներ ու գործիքներ։ Մամուլի դեմ հերթական այս օրենքն ընդունվել է՝ առանց ոլորտի ներկայացուցիչների ու փորձագիտական հանրության տեսակետը հաշվի առնելու, ավելին՝ լրագրողական գրեթե բոլոր կազմակերպությունների շրջանում կա կոնսենսուս՝ օրենքի անընդունելիության ու վտանգավորության հարցի վերաբերյալ, ինչը, սակայն, չխանգարեց իշխող մեծամասնությանը վավերացնել խոսքի ազատության դեմ ուղղված հերթական նախաձեռնությունը։

«Խստագույնս դատապարտելով իշխանության կողմից խոսքի ազատության դեմ ուղղված խայտառակ այս օրենքը` Հայաստանի ժուռնալիստների միությունն արձանագրում է, որ տեսականորեն օրենքը կարող է ուժի մեջ չմտնել, եթե ՀՀ նախագահը չստորագրի այն և ուղարկի Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Հաշվի առնելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ վերջին շրջանի գործունեությունը և իշխանության ներկայացրած ցանկացած նախագիծ ստորագրելու պատրաստակամությունը, այդ հնարավորությունը թվում է չափազանց անիրատեսական։
Այդուհանդերձ, Հայաստանի ժուռնալիստների միությունը ՀՀ նախագահին կոչ է անում օգտվել օրենքը չստորագրելու իր սահմանադրական իրավունքից և կանխել ժողովրդավարության հիմնասյուներից մեկը համարվող խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված սույն նախաձեռնությունը»,– նշված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միությունն արդեն իսկ ընդունված օրենքի առնչությամբ դիմում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանին՝ քննարկելու համար առկա իրավական գործիքակազմով ու ընթացակարգերով օրենքի սահմանադրականության վիճարկման հնարավորությունները։

Փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը սպառնալիք կդառնա ԶԼՄ ոլորտի համար. հայտարարություն

Ըստ թեմայի

Այս տեսքով չպետք է ընդունվի. ՄԻՊ–ը ԶԼՄ մասնագետների հետ իմքայլականների նախագիծն է քննարկել
Լրագրողական ՀԿ-ները դատապարտում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումները
Տպավորություն է, թե իշխանությունը նպատակաուղղված արշավ է սկսել մամուլի դեմ. ՀԺՄ
թեգերը:
Ժուռնալիստների միություն, Արման Թաթոյան, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ