ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Զորացած Սուրբ Զատկի բերկրալի տոնի խորհուրդով և մեծ Ավետիսով՝ այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտություն ունենք համախմբվածությամբ, հավատով և մեծ նվիրումով լծվելու մեր Հայրենիքի վերականգնման և զորացման գործին: Սուրբ Հարության տոնին նվիրված իր ուղերձն այսպես է սկսել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Մենք ապրում ենք դժվարին ու տագնապալի ժամանակներ, մեր ժողովուրդն անցնում է փորձությունների միջով, սակայն Հարության լույսը մեզ պետք է ավելի իմաստուն, շրջահայաց ու հաստատակամ դարձնի մեր որոշումներում և գործողություններում»,–ասվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Նա կոչ է արել աջակից և հովանի լինել միմյանց և հատկապես մեր այն հայրենակիցներին, որոնք կորստի խոր ցավ ունեն իրենց օջախներում և սրտերում:
ՀՀ նախագահը նշել է, որ պետք է հանդուրժող լինենք միմյանց հանդեպ և մեկտեղենք մեր ուժերը Հայաստանում, Արցախում և սփյուռքում, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, ամոքել ցավերն ու բուժել վերքերը, ապացուցենք, որ մենք կարող ենք ապաքինվել անգամ ամենածանր հարվածներից և կրկին բռնել հաղթանակի ճանապարհը:
Հիշեցնենք` այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Զատիկ` նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։
Զատիկը շարժական տոն է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածում։
Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով. տեսանյութ