13:04 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
74020

Անուշ Իսախանյանն արդեն 18 տարի ծառայում է ռազմական ավիացիոն համալսարանում։ Նա Sputnik Արմենիային պատմել է իր ընտանիքի և իր ծառայության մասին։

Բուժկետը ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտների սիրելի վայրերից է։ Այստեղ չգրված օրենք կա. ինչ ասվել է բուժկետում, այնտեղ էլ մնում է ու չի հանրայնացվում։ Այս կանոնները դրել է համալսարանի բուժծառայության պետ, մայոր Անուշ Իսախանյանը։

Начальник медслужбы военно-авиационного университета имени маршала Арменака Ханферянца Ануш Исаханян
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի բուժծառայության պետ, մայոր Անուշ Իսախանյան

«Կուրսանտներին մեր զավակների նման ենք վերաբերվում. իսկ նրանք մեզ հետ անկեղծ են։ Երբեմն նրանք գալիս են ու ասում, որ ուզում են քնել, քանի որ անքուն գիշեր է եղել ու հոգնած են։ Մենք էլ անհրաժեշտության դեպքում ընդառաջում ենք»,–պատմում է մայորը։

Начальник медслужбы военно-авиационного университета имени маршала Арменака Ханферянца Ануш Исаханян
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի բուժծառայության պետ, մայոր Անուշ Իսախանյան

Իսախանյանը խիստ է, բայց բարի։ Նա շատ զուսպ է ու կազմակերպված, ու դա երևում է շատ լավ արդուկված համազգեստից, որի օձիքին ինքնաթիռ է ամրացված, իսկ կրծքին` խաչ։

Значок на лацкане формы начальника медслужбы военно-авиационного университета имени маршала Арменака Ханферянца Ануш Исаханян
© Sputnik / Aram Nersesyan
Անուշ Իսախանյանի համազգեստը

Արդեն 18 տարի է` նա համալսարանում է ծառայում ու դա իր հետքն է թողել նրա կեցվածքի ու պահվածքի վրա։ Իսախանյանին համալսարան են հրավիրել ինտերնատուրան ավարտելուց հետո։ Ուսման տարիներին մի անգամ նա տեսավ բուժվողի շնորհակալ հայացքը ու հասկացավ, որ ուզում է` իրեն էլ այդպես նայեն։ Բայց դրան զուգահեռ` միշտ երազել էր համազգեստ կրել ու ծառայել զինված ուժերում։ Ճակատագրի բերումով նրան հաջողվեց համատեղել բժշկությունն ու ծառայությունը։ Ու արդեն մի քանի սերունդ կուրսանտներ նայում են նրան ճիշտ նույն հայացքով, որով նայում էր այն պացինետը բժշկին։

«Ծառայության ընթացքում դժվարությունները շատ չէին։ Սկզբում տղամարդիկ թերահավատությամբ էին վերաբերվում զինվորական կանանց, բայց հիմա վերաբերմունքը փոխվել է. կուրսանտ աղջիկները տղաներին հավասար են ընդունվում ու նրանցից էլ լավ սովորում», – նշեց բուժծառայության պետը։

Ինքը համոզված ֆեմինիստ է ու վստահ է, որ բազում հարցերում կինը գերազանցում է տղամարդուն։ Մի ժամանակ կարծում էր, որ կամքի ուժն ու բնավորությունը հայրիկից է ժառանգել, բայց տարիներ անց հասկացավ, որ մայրիկից է։ Նա մենակ է մեծացրել իրեն ու իր ավագ եղբայրներին, բայց երբեք դեմ չի եղել, որ երկուսը բանակում ծառայեն, իսկ երրորդը միշտ հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցի։

Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ

Իսախանյանի կարծիքով` հենց ծնողների դաստիարակության շնորհիվ է, որ ինքն իր արժանի տեղն է գտել ԶՈւ–ում։ Նա հիշում է, որ հայրը իրենց համար արգելված գրականություն էր կարդում, պատմում Գարեգին Նժդեհի ու Անդրանիկ Օզանյանի մասին։ Անգամ ընտանեկան ալբոմի առաջին լուսանկարը Օզանյանինն էր։ Առաջին պատերազմից հետո հենց այդ ալբոմի լուսանկարներն էլ իբրև մանկության մասունք նվիրում էին արցախցի բարեկամներին, որոնք կորցրել էին ամեն ինչ։

Начальник медслужбы военно-авиационного университета имени маршала Арменака Ханферянца Ануш Исаханян
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի բուժծառայության պետ, մայոր Անուշ Իսախանյան

Ցավոք, այդ պատերազմում նա կորցրեց հորը, որը զոհվեց դստեր ծննդյան օրը` հայրենի Թալիշը պաշտպանելիս։ Այդ օրվանից Իսախանյանը չի նշում իր ծննդյան օրը, բայց շնորհակալ կուրսանտները մի տարբերակ գտնում են նրա աշխատասենյակ ծաղկեփունջ տանելու։

«Կյանքիս ամենածանր օրը 2016 թվականի ապրիլի երկուսն էր։ Մենք 1992թ.–ին անցել էինք դրա միջով ու գիտեինք շարունակությունը։ Ամեն անգամ պատերազմի բոթով մարմնիս մի մասը վերանում է։ Այս վերջինը առանձնահատուկ ցավոտ էր։ Հորս շիրիմը մնաց Թալիշում»,–ասում է նա։

Իսախանյանը չի պատկերացնում իր կյանքը քաղաքացիական կյանքում։ Աշխատավայրում է լինում ժամանակից մեկ ժամ շուտ, երբեմն էլ մնում է ողջ գիշեր, եթե որևէ մեկը վատառողջ է։ Կոլեկտիվի հետ ընկերական հարաբերություններ են. առավոտյան սուրճն աշխատավայրում են խմում ու քննարկում օրվա պլանները։

Իսկ ընտանիքում մեծանում է նրա պոտենցիալ մրցակիցը. կրտսեր դուստրը որոշել է մոր տեղը զբաղեցնել ու այլ աշխատավայր չի ուզում ունենալ։ Մայորին դա միայն ուրախացնում է, քանզի կարծում է, որ երեխաներին կարողացել է դաստիարակել այնպես, ինչպես իրեն են դաստիարակել։ 

«Իմ երեխաներին երդվել եմ տվել, որ եթե ոչ այսօր, ապա վաղը Թալիշն ու ոչ միայն այն, մերն են լինելու, ու մենք Շուշիում ենք ապրելու։ Աղջկաս (նկարչուհի է,–խմբ.) կտավ եմ պատվիրել` Ղազանչեցոց վանքը, որ Շուշիում մեր տանը կախենք»,-նշում է նա։

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը հիմնադրվել է 1993թ․-ին։ 27 տարվա ընթացքում բուհը բազմաթիվ մասնագետներ է պատրաստել․ օդաչուներ, ՀՕՊ օպերատորներ, կապավորներ։ Այդ թվում եղել են բազմաթիվ կանայք, որոնք այսօր ծառայում են Հայաստանի տարբեր մարզերի ռազմական ստորաբաժանումներում։

«Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ...». Շուշիում նույն օրը զոհված եղբայրների պատմությունը

Ըստ թեմայի

Կոմանդոսին սպանեց Շուշին հանձնելու ցավը․ մարտական ընկերները՝ Արցախի լեգենդար հերոսի մասին
Առաջիններն իրենց ոլորտում, կամ ովքեր են գիտության մեջ հեղափոխություն արած հայուհիները
Հերոս՝ անհայտ մարտական ուղով. Սամվել Աթոյանի ընտանիքն ուզում է գտնել նրա ընկերներին
թեգերը:
Անուշ Իսախանյան, նկար, Կին, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Շուշի

Գլխավոր թեմաներ