03:34 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD515.68
  • GBP725.87
  • EUR625.16
  • RUB7.18
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2082 0 0

Հիշատակի միջոցառումները կկայանան «Հիշատակի եռերգություն» համերգային ծրագրի շրջանակում, որի ժամանակ կկատարվեն 3 ռեքվիեմներ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, վաղ առավոտից երկկողմանի փակ կլինի «Հաղթանակի» կամրջից մինչև Լենինգրադյան փողոց հատվածը և Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակող տանող հատվածը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ առավոտյան ժամը 09։00-10։00 մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների այցերի պատճառով։

«Կխնդրեմ մեր քաղաքացիներին տվյալ ժամին կամ դրանից մի փոքր ավելի շուտ սահմանափակել այցելությունները դեպի Ծիծեռնակաբերդ, որպեսզի կուտակումներ չլինեն։ Գիտեք, որ մենք համավարակային իրավիճակում ենք և փորձում ենք նաև ավելորդ կուտակումներից խուսափել»,– ասաց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հիշատակի միջոցառումներին, Նիկոլ Փաշինյանի խորհրդականը նշեց, որ կառավարությունը հաստատել է «Հիշատակի եռերգություն» միջոցառումը, որի շարքում ապրիլի 23-ին` ժամը 23։00-ին, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կկատարեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգը նաև կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»։ Իսկ ապրիլի 24-ին, ժամը 19։15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբն ու պետական կամերային երգչախումբը կկատարեն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։

Հարությունյանը նշեց, որ վերջին միջոցառումը կազմակերպվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանո ներքո, դիվանագիտական ներկայացուցիչների համար։

Ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում քաղաքացիների համար կկազմակերպվի հուշարձանների ցուցադրություն` դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ։

Իսկ ապրիլի 21-ին Ցեղասպանության թանգարան–ինստիտուտում կկայանա «Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» ցուցադրությունը։

Միջոցառումները կավարտվեն ապրիլի 27-ին ծաղիկների վերամշակման արդեն ավանդական դարձած միջոցառմամբ։

Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի

թեգերը:
Արայիկ Հարությունյան, Ծիծեռնակաբերդ, Հայաստան

Գլխավոր թեմաներ