15:50 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Չատինյանը որպես կասկադյոր մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի նկարահանումներին` փոխարինելով Վլադիմիր Վիսոցկուն, Գուրգեն Թոնունցին և այլոց։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Երևանի ավագանու այսօրվա նիստում «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց հայ լեռնագնաց, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Աշոտի Չատինյանին։

Ավագանու նիստում ելույթով հանդես եկավ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, որը գլխավորում է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը:

«Հայ լեռնագնաց, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե) պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Աշոտի Չատինյանին 60 և ավել տարի մարզչամանկավարժական գործունեություն ծավալելու կապակցությամբ, սերունդներ կրթելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մարզական գործունեության, լեռնագնացության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար շնորհվում է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում»,–ասաց նա։

Ազնավուրը, Խանջյանը, Լուկաշենկոն... ինչ սկզբունքով են ընտրվել Երևանի պատվավոր քաղաքացիները

Նշենք, որ այս տարվա նոյեմբերի 20-ին լրանում է Աղվան Չատինյանի 94-ամյակը: Աղվան Չատինյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 20-ին Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում:

Չատինյանը վերջին լուրջ վերելքն իրականացրել է 1961 թվականին՝ խաչ-վերելք կատարելով Ուշբա լեռ: Նախքան 1961 թվականը շատերն էին փորձել խաչ-վերելք կատարել, բայց չէր ստացվել:

Ուշբա լեռան 1-ին վերելքն իրականացվել է 1935 թվականին: Այս վերելքների վերաբերյալ ֆիլմ է նկարահանվել, որի ցուցադրման առթիվ նշվել է. «Հերոս կլինի այն մարդը, ով խաչ կանի»: Տարիներ անց այդ հերոսը դարձավ Աղվան Չատինյանը:

Աղվան Չատինյանն ունի հրատարակված մոտ 100 աշխատանք, որպես կասկադյոր մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի նկարահանումներին («Անձամբ ճանաչում եմ», «Ուրվականները հեռանում են լեռներից», «Թռիչք անդունդի վրայով», «Սգավոր ձյունը», «Ուղղահայաց»)` փոխարինելով հանրաճանաչ դերասաններ Վլադիմիր Վիսոցկուն, Գուրգեն Թոնունցին և այլոց։

Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ