10:52 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
55330

«Թավշյա հեղափոխությունը» որոշ հայ ընտանիքների Հայաստան վերադարձրեց։ Նրանք ավելի լավ Հայաստանում ապրելու հույս ունեին։ Հեղափոխությունից 3 տարի անց հայրենիք եկած ընտանիքներից մեկն անելանելի վիճակում է։ Նրանց համար պետությունից միայն օդում կախված խոստումներն են մնացել։

2018 թվականը Լիանա Գևորգյանի ու նրա ընտանիքի համար ճակատագրական եղավ։ Նրա ամուսինը` Արտակը, տեսնելով «թավշյա հեղափոխության» ժամանակ հայ ժողովրդի ցնծությունը, ոգևորվելով իշխանափոխությունից, ընտանիքին սկզբում մեկ շաբաթով Մոսկվայից Հայաստան բերեց։ Մեկ շաբաթ անց նա հայտարարեց, որ մնում են հայրենիքում։

Կինը հիշում է, թե ամուսինն ինչքան ոգևորված էր «թավշյա հեղափոխությունից», ոնց էր հավատում, ասում էր` պետք է երկիրը շենացնենք, ի վերջո Հայաստանը հայերի համար է, ու պետք է այնտեղ ապրել։

Լիանայի համար Հայաստանում նոր կյանք սկսելը դժվար էր, քանի որ նրա ողջ մանկությունն ու երիտասարդությունն անցել էր Մոսկվայում։

Տարիներ առաջ էր հանդիպել Արտակին, որն արտագնա աշխատանքի էր մեկնել Մոսկվա։ Նրանք ընտանիք են կազմել ու 3 երեխա ունեցել. զավակներն այժմ 8, 5 և 4 տարեկան են։  

Ամուսնությունից հետո այնտեղ վարձով են ապրել, ամեն ինչ նորմալ էր, քանի որ ամուսինը մթերային խանութ էր բացել, իսկ ինքն աշխատում է թատրոնների հետ` միջոցառումներ էր կազմակերպում։

«Ինձ համար շատ բարդ էր Արտակի` Հայաստանի վերադարձի որոշման հետ համակերպվելը, որովհետև հարազատներս, ընկերներս այնտեղ էին, այստեղ ոչ ոք չունեի։ Մի քանի օր հետո ամուսինս գնաց Մոսկվա, էնտեղ մեր բնակարանն ու խանութը հանձնեց ու վերադարձավ»,–պատմում է կինը։

Հայաստան գալուց հետո Արտակը երկար ժամանակ աշխատանք է փնտրել, բայց ապարդյուն։ Հետո որոշել է «Մոգո» վարկային կազմակերպությունից ավտոմեքենա վերցնել ու տաքսի քշել։

Լիանան, չնայած երկու բարձրագույն կրթությանը, ևս աշխատանք չի կարողացել գտնել, ասում է` ամեն հնարավոր տեղ ինքնակենսագրականը թողել է, խոստացել են զանգել, սակայն, իմանալով, որ մանկահասակ երեխաներ ունի, չեն կանչել։

«Ամուսինս նոր էր հունի մեջ ընկել, արդեն կարողանում էր գումար վաստակել, երբ կորոնավիրուսի համավարակը սկսվեց։ Մարդիկ փակվեցին տանը, ոչ ոք տաքսի չէր նստում, շատ դժվար էր մեզ համար։ Հայաստանում միակ առավելությունն այն էր, որ վարձով չէինք բնակվում, ամուսնուս հայրական տունն այստեղ է` Հրազդանում։ Այդ ընթացքում մեզ մեր ընկերներն ու բարեկամներն էին գումարով օգնում, որ երեխաներս քաղցած չմնային»,–պատմում է Լիանան։

Ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում, կամ ո՞րն էր Փաշինյանի և հեղափոխության «պլան Ա»-ն

Ընտանիքի վիճակն ավելի է բարդանում, երբ սկսվում է Արցախյան վերջին պատերազմը։ Տան միակ աշխատողին, երեք անչափահաս երեխաների հորը պատերազմ են տանում։

«Արտակին հենց սեպտեմբերի 27–ին, վայենկոմատից զանգեցին կանչեցին։ Ամուսինս ժամկետային ծառայության ժամանակ գնդացրորդ է եղել։ Բացատրեց, որ երեք անչափահաս երեխա ունի և տան միակ աշխատողն է, միևնույնն է, ասեցին` պետք է գնա։ Արտակին տարան Քարվաճառ։ Ու այդ ժամանակ իմ կյանքն իսկապես դժոխքի վերածվեց։  Տանն ուտելու ոչինչ չունեինք, գումար չկար, մեզ պետական ոչ մի կառույցից չեն օգնել»,– պատմում է կինը։

Լիանայի խոսքով` ամուսնու բարեկամները, իրենց  հարևաններն ու ծանոթ մարդիկ են իրենց այցելել, մեկը սնունդ է բերել, մյուսը` հիգիենայի պարագաներ։

«Անգամ ավտոբուսի գումար չունեի, որ երեխայիս դպրոց տանեի։ Այն վարորդները, որ ծանոթ էին մեզ, զիջում էին, գումար չէին ուզում, ովքեր էլ տեղյակ չէին` վիրավորում էին... հետո ամաչեցի ու որոշ ժամանակ աղջկաս դպրոց չտարա։ Դասարանի ծնողներից մեկը զանգեց, ասեց, որ Հրազդանի քաղաքապետարանը սնունդ է բաժանում, գնա, միգուցե քեզ էլ տան։ Վերկացա, գնացի, ասեցին, որ միայն «Փարոսի» անդամներին են տալիս և Արցախից եկածներին։ Բացատրեցի, որ իմ ամուսինն էլ է պատերազմ գնացել, իմ երեխաներն էլ են ուտել ուզում, ասացին` կներեք, ոչ մի բանով չենք կարող ձեզ օգնել»,–ասում է Լիանան։

Իսկ ամենավատն այն է, որ ավտոմեքենայի վարկը պատերազմի օրերին չմուծելու համար վարկային կազմակերպությունից եկել են, մեքենան տարել։

Լիանայի ամուսինը պատերազմի ողջ ընթացքում եղել է Քարվաճառում, իսկ եռակողմ հայտարարության ընդունումից 2 շաբաթ անց եկել տուն` հոգեբանական ծանր վիճակում։

Բայց այժմ գումար աշխատելու միակ տարբերակը` ավտոմեքենան, այլևս չկա։ Արտակը ստիպված է ընկերներից 1-2 ժամով մեքենա խնդրել, քշել, որ կարողանա սեփական երեխաների օրվա հացի խնդիրը լուծել։

Այս ընտանիքում «դժոխքն» այսքանով չի ավարտվում։ Օրեր առաջ անջատել են տան հոսանքը, շուտով գազն ու ջուրն էլ կանջատեն` կոմունալ վճարումները չկատարելու համար։ Այժմ ընտանիքն ունի սնունդի, գումարի և, իհարկե, աշխատանքի կարիք։

Հեղափոխության պլյուսներն ու մինուսները. շատ հետաքրքիր կլիներ` այս հարցերն ուղղվեին հայերին

«Գիտեմ, հիմա մարդիկ կասեն, շատերը պատերազմից  անձեռք, անոտք են եկել, գնացեք աշխատեք, ապրեք, բայց այսօր իմ երկրում ինձ աշխատանք չեն տալիս, մի՞ թե պատերազմն ավարտվեց ու էլ ոչ մեկին օգնություն պետք չէ», –ասում է Լիանան։

Արտակն այսօր կտրականապես խոսել չի ցանկանում, եթե 3 տարի առաջ ոգևորված էր, հիմա տասնապատիկ հիասթափված է, ասում է` մեկ է, ոչ մի օգնություն էլ չի լինելու, իզուր է դիմելը։

Արտակը կնոջը ժամանակ առ ժամանակ խոստովանում է, որ մեղքն իրենն է, պետք չէր հավատալ, բայց Մոսկվա վերադառնալու ու ամեն ինչ զրոյից սկսելու համար հիմա գումար չկա, պարտքերն էլ շատ են...

Ըստ թեմայի

ՀՀ–ում ֆեյք ամենահետաքրքիր արտանետումը լավ ու վատ հեղափոխությունների մասին էր․ փորձագետ
«Եթե այդքան վատն էինք, ինչո՞ւ էիք պաշտպանում հեղափոխությունը»․ Փաշինյանը՝ ԲՀԿ-ին
Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ
թեգերը:
ամուսին, Կին, Մոսկվա, Արցախյան պատերազմ, ընտանիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, «Թավշյա հեղափոխություն»

Գլխավոր թեմաներ