17:51 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
65110

Արտյոմ Զախարյանը «Ես եմ» ծրագրով էր զորակոչվել բանակ. նա պետք է 3 տարի ծառայեր, իսկ դրա դիմաց ստացած գումարով տուն էր ուզում գնել։ Այդ տունն Արտյոմի ընտանիքին հենց հիմա շատ պետք կգար, քանի որ նրանց հարազատ գյուղն այժմ թշնամուն է անցել։

Պատերազմի օրերին` 2020թ.–ի հոկտեմբերի 11-ին, զինծառայողները 3 մեքենայով Ա կետից Բ կետ են գնալիս եղել, սակայն Հադրութ-Ջաբրայիլ հատվածում թշնամին տեղորոշել է նրանց ու հայտնվել են ԱԹՍ-ի թիրախում։ Երեք «ԿԱՄազ»–ներում գտնվող 72 տղաներից որևէ մեկին չի հաջողվել փրկվել։ Այդ զինվորներից մեկը 19-ամյա Արտյոմ Զախարյանն էր, որը Մարտունի 3–ի երկու ամսվա ծառայող էր։

Արտյոմենց տանն ենք, ավելի ճիշտ` այնտեղ, ուր հիմա ժամանակավոր ապրում է նրա ընտանիքը, քանի որ հարազատ Ջիվանի գյուղն ու նրանց տունն այժմ թշնամուն են մնացել։ Հյուրասենյակում Արտյոմի հիշատակի անկյունն է. տղան մեղմ ժպտում է լուսանկարի շրջանակից, առջևում արհեստական ու բնական ծաղիկներ են և «Ծառայության համար» ստացած մեդալը։ Վերջ։ Նրա հետ կապված որևէ այլ հուշ չկա։ Ամեն ինչ մնացել է Ջիվանիում։

Уголок памяти погибшего военнослужащего Артема Захаряна
© Sputnik / Aram Nersesyan
Արտյոմ Զախարյանի հիշատակի անկյունը

«Պատկերացնո՞ւմ եք` 72 զինվորից ոչ մինը սաղ չի մնացել, լոխ զոհվել են։ Արտյոմիս մարմինն էլ անճանաչելի է եղել, չնայած զինգրքույկը գտել էինք պիջակի միջից։ Տղայիս մարմնի մի մասը Գորիսում, մյուսը` Երևանի դիահերձարանում էր. ԴՆԹ-ի միջոցով ենք գտել մասունքները։ Հուղարկավորությունն այս տարվա փետրվարին նոր եղավ»,–ասում է Արտյոմի հայրը` Ռոբերտը, ձեռքերը նյարդային տրորելով։

Отец погибшего Артема Захаряна, Роберт Кочарян
© Sputnik / Aram Nersesyan
Արտյոմ Զախարյանի հայրը

Հայրն ուզում է հուզմունքն ու զայրույթը թաքցնել` դադար է վերցնում, խորը շունչ քաշում, բայց աչքը չի կտրում որդու լուսանկարից։

Արտյոմը երեխաներից ավագն էր` մեկ եղբայր և երկու քույր էլ ունի։ Քանի որ տան մեծն էր, մտածել է` «Ես եմ» ծրագրով մեկնի ծառայության, որը ենթադրում է 3 տարվա ծառայություն, սակայն վերջում պետությունը 5 մլն դրամ պետք է հատկացներ։ Արտյոմն ուզում էր տուն գնել, հետո ընտանիք կազմել։ Հայրն ասում է` տղան որոշել էր զինվորական դառնալ` հետախույզ։

«Զոհվելուց հետո մի աղջիկ սկսեց մեզ զանգել ու գրել` միայն այդ ժամանակ իմացանք, որ սիրահարվել էր մեր տղային։ Բայց մինչ էդ ընկերություն չեն արել։ Արտյոմս երազում էր զինվորական դառնալ, բայց դե հավերժ զինվոր մնաց»,–ասում է հայրը։

Ի դեպ, պատերազմի օրերին ընտանիքը Ջիվանիից տեղափոխելուց հետո Արտյոմի հայրն էլ գյուղի ինքնապաշտպանական մարտերին է մասնակցել։ Ռոբերտն ասում է` 5 օր են պայքարել Ջիվանիի համար, դրանից հետո դուրս են եկել գյուղից, քանի որ թշնամին արդեն շատ մոտ էր։

«3 երեխաներիս ի՞նչ անեմ». հայրն ու որդին զոհվել են նույն օրը` պաշտպանելով սեփական գյուղը

Արտյոմի մայրը` Լուսինե Զախարյանը, պատմում է, որ իր համար շատ դժվար էր պատերազմի օրերին, քանի որ մի կողմից պետք է երեխաներին չհուսահատեցներ, մյուս կողմից` ինքն իրեն էր հուսահատ զգում, քանի որ ամուսինն ու որդին «վտանգի բերանն» էին։

Мать погибшего Артема, Лусине Захарян
© Sputnik / Aram Nersesyan
Արտյոմ Զախարյանի մայրը

«Երբ տնից հեռանում էինք, միայն Արտյոմիս պլանշետը վերցրինք` այն հույսով, որ շուտով հետ ենք վերադառնալու։ Բայց կյանքում ամենակարևորը կորցրի` դեռ տուն ու տեղս հեչ, բայց տղայիս տեղն ինչպե՞ս է լցվելու»,–ամուսնու հայացքում մխիթարություն փնտրելով` ասում է տիկին Լուսինեն։

«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա

Կինն, ի դեպ, առողջական խնդիրներ ունի` երիկամներից մեկը հեռացրել են, որպես 3-րդ կարգի հաշմանդամ մի քանի տարի թոշակ է ստացել, հետո «կտրել են»` ասելով, որ մյուս երիկամը լավ է աշխատում։ Տիկին Լուսինեն պատերազմի օրերին Երևանում ևս մեկ վիրահատություն է տարել (կանացի խնդիրներ է ունեցել)։ Մինչև պատերազմը Ջիվանիում ամուսինն աշխատել է` վարորդ է եղել, իսկ ինքը տան գործերով է զբաղվել` շատ անասուններ են ունեցել, կաթնամթերք են վաճառել։

  • Արտյոմ Զախարյանի մայրը` Լուսինեն
    Արտյոմ Զախարյանի մայրը` Լուսինեն
    © Sputnik / Aram Nersesyan
  • Արտյոմ Զախարյանի հայրը` Ռոբերտը
    Արտյոմ Զախարյանի հայրը` Ռոբերտը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Արտյոմ Զախարյանի քույրը
    Արտյոմ Զախարյանի քույրը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Արտյոմ Զախարյանի ծնողներն ու քույրը
    Արտյոմ Զախարյանի ծնողներն ու քույրը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Արտյոմ Զախարյանի քույրը
    Արտյոմ Զախարյանի քույրը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 5
© Sputnik / Aram Nersesyan
Արտյոմ Զախարյանի մայրը` Լուսինեն

Հիմա ընտանիքը սպասում է տուն ստանալուն, որպեսզի գոնե իմանան` որտեղ են ապրելու, որ աշխատանք փորձեն գտնել։ Տիկին Լուսինեն ասում է` որտեղ ուզում է` թող տուն տան, միայն թե «սահմանի բերան» չլինի, քանի որ երեխաների համար շատ է վախենում։ Կինն ասում է, որ փոքր տղան, որը 17 տարեկան է արդեն, եղբոր զոհվելուց հետո շատ է փոխվել ու հիասթափվել` ոչնչով զբաղվել չի ուզում։

«Մեզ համար արդեն լավ չի, գոնե երեխաներիս համար մի լավ բան լինի»,–շշուկով ասում է Լուսինեն։

Տիկին Լուսինեն նշում է` մի օր հաստատ հարազատ գյուղ են վերադառնալու, որ որդու` Արտյոմի հոգին խաղաղվի։

«Տղաս ո՜նց կցնծար հիմա». հերոսաբար զոհված Հրայրի մահից 6 ամիս անց ծնվել է նրա առաջնեկը

Ըստ թեմայի

«Հայրենիքի պաշտպանն իրեն անպաշտպան է զգում». ո՞ւր է ձգվում ինքնասպանությունների պատճառը
«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը
«Մեզ բոլորիս ծախեցին». Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխող 2 քույրերի պատմությունը
թեգերը:
Մարտունի, Զոհ, Արցախյան պատերազմ, Պատերազմ

Գլխավոր թեմաներ