05:12 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
187811

Որոտան–Արփա–Սևան համակարգի խնդրի մասին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել էր իշխանափոխությունից գրեթե անմիջապես հետո։ Բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը 2018թ–ին հայտնել էր, որ Որոտան–Արփա թունելով 2004թ–ից մինչ օրս մեկ անգամ է ջուր հոսել` փորձարկման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցը կառավարությունը հետ է վերցնում նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի (հասարակության մեջ ավելի հայտնի «Թունելի Հակոբ») ընտանիքին պատկանող ընկերությունից։Այս որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգն իր սպասարկման, շահագործման և պահպանման համար անհրաժեշտ շենք-շինություններով, դրանց զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասերով, ինչպես նաև հիմնական և շրջանառու այլ միջոցներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը»,– ասված է կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման նախագծում։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորում է Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի, Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման անհրաժեշտությամբ։

Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցը  Հակոբ Հակոբյանի ընտանիքին պատկանող «Արփա–Սևան» ընկերությանը հավատարմագրային կառավարման էր հանձնվել 2004 թվականից` 5 տարի ժամկետով։ Հետո պայմանագիրը մի քանի անգամ երկարաձգվել է, և վերջին պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին։ Իսկ 2022 թվականի հունվարի 1-ից, փաստորեն, Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցն արդեն կփոխանցվի Ջրային կոմիտեին պատկանող «Ջրառ» ՓԲԸ–ին։

Որոտան–Արփա–Սևան համակարգում առկա խնդրի մասին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել էր իշխանափոխությունից գրեթե անմիջապես հետո։ Բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը 2018թ–ի օգոստոսի 5-ին Sputnik Արմենիային հայտնել էր որ Որոտան–Արփա թունելով 2004թ–ից մինչ օրս մեկ անգամ է ջուր հոսել` փորձարկման ժամանակ, դրանից հետո այն ընդհանրապես չի շահագործվել, իսկ Արփա–Սևանը թունելով տարեկան շուրջ 100 մլն խմ ջուր է տեղափոխվում Սևանա լիճ, մինչդեռ դրա թողունակությունը տարեկան 250-450 մլն խմ է։

«Լիդիանը» Արփայից ջրառ կատարելու թույլտվություն է ստացել

Փոխարենը հիդրոհանգույցը դեռ չշահագործված` մի քանի տարին մեկ դրվել է վերանորոգման։ 2004թ.–ին 67 016 945 989 ՀՀ դրամով կառուցված թունելն առաջին անգամ վերանորոգվել է բացումից 3 տարի անց` 2007–ին։ Վերանորոգման ծրագրի համար Աբու–Դաբի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ հատկացվել է ավելի քան 18 մլրդ դրամ, որից 11.8 մլրդ-ը 3 տոկոս տոկոսադրույքով տրամադրել է Աբու Դաբի հիմնադրամը, 911  790 000 ՀՀ դրամը` կառավարությունը։ Թե ում գրպանն են հոսել այս տարիների ընթացքում այդ գումարները, հարցն առ այսօր անպատասխան է։ Բնապահպանները, սակայն, վստահեցնում են, որ թունելում ոչ մի տեսանելի շինաշխատանք այդ տարիների ընթացքում չի կատարվել։

Ավելին, նրանց գնահատմամբ` թունելով դեպի Սևան ջուր բաց չի թողնվել այդ ջրից առատորեն օգտվող մեծ ու փոքր ՀԷԿ–երի պատճառով։ Թունելի տերերը Սևանի համար նախատեսված ջուրը տրամադրել են նրանց բիզնեսի զարգացմանը։

2018թ.–ի  հունիսի 25-ին «Արփա–Սևան» ԲԲԸ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Հակոբ Հակոբյանն իրեն պատկանող բոլոր բաժնետոմսերը նվիրել է որդուն` Պարույր Հակոբի Հակոբյանին, ով հիմա ընկերության գլխավոր տնօրենն է և բաժնետոմսերի 55.79%–ի սեփականատերը։

Հիշեցնենք` Արփա–Սևան հիդրոթունելի շինարարությունը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին` 1960-ականներին: Շինարարությունը տևել է 1963-1981թթ.։

2020 թվականին Սևանի ջրի մակարդակը 9 սանտիմետրով բարձրացել է

48.3 կմ երկարությամբ թունելը կոչված է Կեչուտի ջրամբարից Արփա և Եղեգիս գետերով տարեկան մինչև 450 միլիոն խմ ջուր տեղափոխելու Սևանա լիճ` ապահովելով լճի մակարդակի բարձրացումն ու էկոլոգիական հավասարակշռությունը։

թեգերը:
Սևան, Սևան–Հրազդան կասկադ, թունել, ջուր, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)

Գլխավոր թեմաներ