ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Անհայտ կորած զինծառայողների ծնողներն այսօր ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Ակցիայի մասնակիցների խոսքով` ընտրություններից անցել է 8 օր, բայց ոչ մի դրական փոփոխություն չկա։
«Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են, ընդհակառակը մեր հողում մեր տղերքին են ծեծում, տեսե՞լ եք այդ տեսանյութը, ընդամենը 2 օր առաջ մեր տղաներին ծեծեցին, ջարդեցին, զենքերը վերցրին, ասում էին ադրբեջանցիները դուրս են գալու մեր տարածքից, տեսնում ենք, որ մի բան էլ առաջ են գալիս»,–ասում է ծնողներից մեկը` Արևշատյան Էդիկը։
Ծնողներից մյուսն էլ նշում է, որ եկել են կառավարության շենքի մոտ, որպեսզի ժողովուրդը տեսնի անհետ կորած զինծառայողների ծնողների վիճակը։
«Քիչ առաջ ՀՀ վարչապետի օգնականն իջավ, կոնկրետ չասեց, թե մեզ կընդունեն, թե ոչ, բայց մենք սպասելու ենք, մինչև մեզ ընդունեն»,–ասաց նա։
Ծնողները պնդում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի պատասխանն իրենց չգոհացնի ավելի խիստ միջոցների են դիմելու։ Այս պահին բողոքի ակցիան ՀՀ կառավարության դիմաց շարունակվում է։
«Շտապելու տեղ չունենք». ինչ են պատրաստվում անել գերիների հարազատները
Հիշեցնենք, որ հունիսի 23-24–ին Շիրակի մարզից գերի ընկածների հարազատներն էին նստացույց իրականացրել կառավարության դիմաց։ Նրանք հանդիպում էին ունեցել կառավարությունում, որից հետո որոշել էին դադարեցնել նստացույցը։ Գերին ընկած տղաներից մեկի եղբայրը տեղեկացրել էր, որ եթե իրենց առաջադրած պայմանները չկատարեն, իրենք կվերսկսեն նստացույցը։