00:13 05 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
206 0 0

Իրանի քաղաքացիներից մեկի խոսքով` իրենց երկրում խնդիրը հիմնականում տարիքային շեմի հետ է կապված, բայց շատ այլ խնդիրներ էլ կան։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Իրանցիներ շարունակում են Հայաստան գալ պատվաստվելու նպատակով։ Պատկերն ակնհայտ է դառնում Երևանի պատվաստումային շրջիկ կետերին մոտենալիս։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Հյուսիսային պողոտայում տեղակայված, կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնող կայանի մոտ, որտեղ վաղ առավոտից հերթեր են։ Մեր թղթակիցը տեղում զրուցել է Իրանից ժամանած քաղաքացիների հետ։

«Մենք հերթում սպասում ենք, որպեսզի պատվաստվենք կորոնավիրուսի դեմ։ Ցավոք սրտի, մեր երկիրը մեզ նման հնարավորություն չի ընձեռել, այդ է պատճառը, որ եկել ենք Հայաստան պատվաստվելու»,–ասաց նրանցից մեկը։

Իրանի քաղաքացու խոսքով` Իրանում խնդիրը հիմնականում տարիքային շեմի հետ է կապված, բայց շատ այլ խնդիրներ էլ կան։

«Այնտեղ դեռ պատրաստ չեն մեր տարիքային խմբի անձանց պատվաստել։ Այստեղ էլ հերթերն են շատ։ 4 օր է` հերթում սպասում եմ, փորձում եմ պատվաստվել։ Ես այսօր պետք է հայրենիք վերադառնայի, բայց իմ հաշվարկով այսօր էլ չեմ հասցնի պատվաստվել»,–ասաց իրանցին։

Նրա խոսքով` հիվանդանոցներից մեկը խոստացել էր պատվաստել իրեն, սակայն հայտարարել են, որ օրենք է փոխվել, այլևս չեն կարող իրենց սպասարկել։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին հայտնել էր, որ օտարերկրացիների պատվաստման տոկոսն աննշան է: Սակայն պարբերաբար սոցիալական ցանցերում հայտնվում են շարժական կետերի մոտ պատվաստման իրենց հերթին սպասող իրանցիների հերթերը։ Բացի այդ, Ավանեսյանն ասել էր, որ հուլիսի 15-ից օտարերկրացիները կկարողանան պատվաստվել Հայաստանում, եթե առնվազն 10 օր գտնվեն երկրում: Նա ընդգծել էր, որ այսուհետ օտարերկրացիները չեն կարողանա պատվաստանյութ ստանալ պոլիկլինիկաներում։ Նրանց պատվաստելու են բացառապես շարժական կետերում։

Փետրվարի 9-ին Իրանում սկսվել է կորոնավիրուսի դեմ բնակչության անվճար կամավոր պատվաստումը ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով: Բացի այդ, օգտագործվում են չինական «Sinopharm» ընկերության, հնդկական «Bharat Biotech» ընկերության և բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության դեղամիջոցները։

Հայաստանում պատվաստումն իրականացվում է «Սպուտնիկ V», «AstraZeneca» և «ԿորոնաՎակ» դեղամիջոցներով։ Անվճար և կամավոր հիմունքներով պատվաստվում են 18 տարեկանից բարձր անձինք։

Ըստ թեմայի

71 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում
Քերոբյանը մտածում է բժշկական զբոսաշրջության մասին. նրան ոգեշնչել են իրանցիների հերթերը
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, պատվաստումներ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ