08:33 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1958)
426 0 0

Երևանում պատվաստման շրջիկ կետերի մոտ իրանցիների երկար հերթեր են գոյացել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչու նրանք չեն պատվաստվում հայրենիքում։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Մի քանի օր է` Երևանի փողոցները Իրանից ժամանած հյուրերով են ողողված, ինչը մի փոքր անսովոր է տարվա այս ժամանակահատվածի համար։ Սովորաբար Հայաստան իրանցիների նման հոսք է լինում մարտի կեսերին, երբ նրանք զանգվածաբար այստեղ են գալիս Նովրուզը տոնելու։

Очередь иранцев для вакцинации на Северном проспекте (12 июля 2021). Ереaан
© Sputnik / Aram Nersesyan
Իրանցիների հերթը պատվաստման համար Հյուսիսային պողոտայում

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին Զբոսաշրջության կոմիտեից, Հայաստան այս տարվա մարտին 4953 Իրանի քաղաքացի է ժամանել, իսկ հունիսին` 8597, այսինքն գրեթե կրկնակի ավել։ Պատճառն ամենևին էլ միայն համավարակից հետո բացված սահմաններն ու զբոսաշրջային սեզոնը չեն։ Ներկայիս հոսքի մեծ մասը արևոտ Հայաստան է եկել ոչ թե մատչելի հանգիստ վայելելու ու բազում տպավորություններ ստանալու, այլ կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստելու համար։

Հադի անունով իրանցին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ զբոսաշրջիկների համար անվճար պատվաստման մասին տեղեկացել է մամուլից և որոշել անմիջապես ընտանիքով գալ այստեղ։ Նրա խոսքով` Իրանում պատվաստման հետ կապված խնդիրներ կան` պատվաստվել կարող են միայն խոցելի խմբերը` 60-ից բարձր տարիքի մարդիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցողները։

Ընդ որում նույնիսկ տեղական արտադրության դեղամիջոցը չի բավականացնում, իսկ բրիտանա–շվեդական AstraZeneca կամ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով բնակչության բոլոր խմբերին պատվաստելու մասին մնում է միայն երազել։

«Կան մարդիկ, որոնք առաջարկում են անօրինական պատվաստվել օտարերկրյա դեղամիջոցներով։ Բայց նախ վստահություն չկա, որ դեղամիջոցը կեղծ չէ, երկրորդը` մեկ դեղաչափը մոտ 30 դոլար է։ Սերտիֆիկատ ստանալու մասին բնականաբար խոսք անգամ չկա։ Իսկ այստեղ մենք հստակ իսկական պատվաստանյութ ենք ստանում և անհրաժեշտության դեպքում կարող են արտերկիր մեկնել»,– իր մտքերը ներկայացրեց մեր զրուցակիցը։

Иностранные туристы и местные жители стоят в очереди за вакцинацией у мобильной точки на Северном проспекте
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Իրանցիների հերթը պատվաստման համար Հյուսիսային պողոտայում

Հադին պատմեց, որ պատվաստվել է առաջին իսկ օրը։ Նրա մայրն ու երկու քույրերը սկզբում որոշեցին գնումների գնալ։ Մինչև կանայք գնումներ էին կատարում, պատվաստման շրջիկ կետի մոտ մի քանի մետր հերթ էր գոյացել, պատմում է նա։ Այնպես որ ընտանիքը ստիպված եղավ սպասել մի քանի ժամ։ 

Հենց այդ օրն էլ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց հունիսի 15-ից զբոսաշրջիկների համար պատվաստման կանոնների վերանայման մասին։ Այժմ զբոսաշրջիկներին կորոնավիրուսի դեմ կպատվաստեն այն պայմանով, որ նրանք Հայաստանի տարածում կգտնվեն ոչ պակաս, քան 10 օր։

«Մենք պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացանք, Հայաստանում 4 օր անցկացրինք և կվերադառնանք արդեն 2 ամիս անց երկրորդ դեղաչափը ստանալու համար։ Ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ այստեղ մի քանի օր կանցկացնենք»,– պատմեց Հադիի մայրը` Հանին։

Ավանեսյանը չի բացառում, որ որոշ խմբերի համար պատվաստումը պարտադիր դառնա

Կինն ավելացրեց, որ իրենք Երևանի կենտրոնում բնակարան են վարձել մոտ 50 դոլար օրավարձով։ Բացի այդ, օրական երկու անգամ սնվում են սրճարանում` դրա վրա 40 դոլարից քիչ գումար ծախսելով։ Այսինքն օրական Հայաստանում բնակվելու համար շուրջ 100 դոլար է պահանջվում։ Նա նաև պատմեց, որ 5 հոգանոց ընտանիքը, ավտոմեքենայի վառելիքը ներառյալ, շուրջ 450-500 դոլար կծախսի Երևան գալու համար։

Որոշ ընտանիքներ, սակայն, ինքնաթիռով են գալիս և մնում այստեղ մեկ շաբաթից ավել, քանի որ հասկանալի չէ, թե քանի օր կարող է տևել պատվաստմանը սպասելը։ Իրանցի Ռահիմը հերթում երեք օր է սպասել։ Օրերից մեկը նա սպասել է առևտրի կենտրոններից մեկում գտնվող շրջիկ կետում, մյուս երկուսը` Հյուսիսային պողոտայում։ Վերջին օրը լուսաբացին գնացել է Մաշտոցի պողոտա, սակայն հերթն այստեղ արդեն բավական երկար էր։ Արդյունքում նա կարողացել է պատվաստվել Կասկադում. հենց այդտեղ այդ պահին մարդիկ քիչ են եղել։

Очередь за вакцинацией у мобильной точки по прививке от коронавируса на Северном Проспекте (6 июля 2021 год). Еревaн
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Իրանցիների հերթը պատվաստման համար Հյուսիսային պողոտայում

Ռահիմը Երևան է եկել պատվաստվելու համար, քանի որ աշխատանքի բնույթով հաճախ է Եվրոպա գործուղման մեկնում։

«Իրականում մենք հյուր ենք, և անվճար պատվաստումը ինքնին մարդասիրության դրսևորում է։ Բայց գործընթացը կարելի էր այնպես կազմակերպել, որ մարդիկ այրող արևի տակ ժամերով հերթ չկանգնեին։ Կարելի է, օրինակ, հերթագրվել հաջորդ օրը կոնկրետ ժամի համար, այդ դեպքում գործընթացն ավելի հարթ կընթանա»,– ասաց նա։

Պատվաստման շրջիկ կետերի մոտ մեծ հերթեր են գոյանում ոչ միայն ցերեկվա ժամերին, այլև գիշերը։ Համացանցում կադրեր են հայտնվել, որոնց վրա երևում է` ինչպես են իրանցիները գիշերում Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում՝ իրենց հերթը բաց չթողնելու համար։ Գործը նրան է հասել, որ սպասողների միջև վեճեր են առաջանում, բանը երբեմն հրմշտոցի է վերածվում։ Սակայն իրանցիների հոսքը դրանից չի պակասում։ Ընդ որում նրանց պատվաստում են բացառապես AstraZeneca դեղամիջոցով, որը Հայաստանը ձեռք է բերում 4,5 դոլար մեկ դեղաչափի համար արժեքով։

Թեև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հերթերը միայն ոգեշնչում են, և նա այս փորձը լավ առիթ է համարում բժշկական տուրիզմի զարգացման մասին մտածելու համար, սակայն քաղաքացիներից և հասարակական գործիչներից շատերին հերթերը` առավել ևս գիշերային, արդեն նյարդայնացնում են։

Иностранные туристы и местные жители стоят в очереди за вакцинацией у мобильной точки на Северном проспекте
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Իրանցիների հերթը պատվաստման համար Հյուսիսային պողոտայում

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, օրինակ, առաջարկել է մայրաքաղաքը բեռնաթափելու և մարզերի տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով շրջիկ կետերը դուրս բերել Երևանից։ Պատասխանատու կառույցները դեռ նրա առաջարկին չեն արձագանքել։

Հիշեցնենք, որ Հայաստանում զանգվածային պատվաստման գործընթացը մեկնարկել է ապրիլի 13-ին, մինչև տարեվերջ նախատեսվում է պատվաստել շուրջ 700 հազար մարդու։ Հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 108 107 պատվաստում է արվել։ 77449 դեպքում առաջին դեղաչափն է պատվաստվել, 30658–ի` երկրորդ։

Կարևորը՝ արագ․ Մոսկվայում պատվաստում են աշխատանքային միգրանտներին

Պատվաստումն իրականացվում է երեք դեղամիջոցներով` «Սպուտնիկ V», AstraZeneca և Coronavac։ Պատվաստվել կարող են 18 և բարձր տարիքի մարդիկ, անվճար և կամավոր հիմունքներով։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1958)

Ըստ թեմայի

Ինչ բարդացումներ կարող են լինել պատվաստումից հետո, և ինչ է պետք անել այդ դեպքում
ԱՄԷ–ն համարվել է կորանավիրուսի դեմ ամենաշատ պատվաստումներն իրականացրած երկիրը
Իրավիճակը վերահսկելի է. նախարարը ներկայացրել է պատվաստումների վիճակագրությունը
թեգերը:
Երևան, պատվաստումներ, Իրանի Իսլամական Հանրապետություն, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ