12:15 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Ֆուտբոլ

Եվրո-2016. Ամեն ինչ առջևում է

© CinDLin
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում կայացան խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները: Պարզ դարձավ, որ երկու խաղից հետո փլեյ օֆի ուղեգիր են ապահովել արդեն երեք թիմեր՝ Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան: Այս առումով որևէ անակնկալ չկա: Բայց թե որ թիմերը կտիրեն մյուս 13 ուղեգրերին, դեռևս հարց է:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Իհարկե կան ֆավորիտներ, բայց նկատենք, որ առաջնությունում նաև կան անակնկալներ: Պորտուգալիայի հավաքականը երկու ոչ-ոքիից հետո բավականին ռիսկային գոտում է հայտնվել: Հաճելիորեն զարմացնում է Իսլանդիայի հավաքականը: Եթե իսլանդացիները վերջին տուրում կարողանան հաղթանակի հասնել Ավստրիայի ընտրանու նկատմամբ, ապա նոր պատմական արդյունքի կհասնեն ու կշարունակեն պայքարը Եվրո-2016-ում: Շատ լավ հեռանկարներ ունի նաև Ուելսի հավաքականը` չնայած երկրորդ տուրում կրած պարտությանը: Իսկ հիմա այն մասին, թե ինչ իրավիճակ է տիրում խմբերում:

A խմբում արդեն պարզ է, որ Ֆրանսիան դուրս է եկել հաջորդ փուլ: Բայց ինչպիսի դասավորություն կստանան թիմերը խմբային վերջին խաղից հետո, դժվար է ասել: Երրորդ տուրում իրար դեմ մրցելու են Ֆրանսիայի և Շվեյցարիայի հավաքականները: Ոչ-ոքի արդյունքը երկու թիմերին էլ ձեռնտու է, և նման արդյունքի դեպքում, անկախ մյուս հանդիպման արդյունքից, այս երկու թիմերը դուրս կգան մրցաշարի հաջորդ փուլ: Ուշագրավ է Ռումինիայի և Ալբանիայի հավաքականների դիմակայությունը, այստեղ շատ լարված պայքար է սպասվում: Ընդ որում` տվյալ դեպքում ոչ-ոքին ոչ մի թիմին էլ ձեռնտու չէ:

B խմբում 1/8 եզրափակչի մասնակիցների անունները հայտնի կդառնան միայն երրորդ տուրի հանդիպումներից հետո: Անկասկած, Անգլիայի հավաքականի հաղթանակը Ուելսի նկատմամբ «Երեք առյուծների» հավաքականին շատ լավ հնարավորություններ տվեց խմբից դուրս գալու համար: Վերջին խաղում Անգլիան մրցելու է Սլովակիայի հետ: Իհարկե, հաղթանակը բոլոր խնդիրների լուծումն է: Իսկ եթե ոչ-ոքի՞ գրանցվի այս խաղում, և Ուելսն էլ հաղթի Ռուսաստանին, կամ հակառակը: Կարճ ասած` այս խմբում ամեն ինչ խճճված է, ու չի բացառվում, որ երրորդ տուրի հանդիպումներից հետո ստիպված կլինենք հաշվել որոշ թիմերի միջև կայացած և՛ հանդիպումների արդյունքները, և՛ նույնիսկ խփած ու բաց թողած գնդակները:

C խմբի առաջատարը՝ Գերմանիայի հավաքականը, վերջին տուրում մրցելու է խմբում վերջին տեղում գտնվող Ուկրաինայի ընտրանու հետ: Ընդ որում` ուկրաինացիները երկու անընդմեջ պարտությունից հետո աշխարհի չեմպիոնի նկատմամբ հաղթանակի դեպքում միայն խմբից դուրս գալու տեսական հնարավորություն կունենան: Բայց հաշվի առնելով թիմերի ցուցադրած խաղն ու կարգը՝ շատ դժվար է հավատալ, որ նման ելքն այդ խաղում հնարավոր է: Մյուս կողմից էլ` ֆուտբոլ է, ու ամեն ինչ հնարավոր է: Սակայն բոլոր կողմ ու դեմ պահերը հաշվի առնելով` կարելի է եզրակացնել, որ Գերմանիայի հավաքականը խմբից դուրս է գալու առաջին կամ երկրորդ տեղով:Ընդ որում` երկրորդ տեղով, միայն այն դեպքում, եթե ոչ-ոքի խաղա կամ պարտվի Ուկրաինային, իսկ Լեհաստան-Հյուսիսային Իռլանդիա խաղում կողմերից մեկը հաղթի: Այստեղ էլ նշենք, որ Հյուսիսային Իռլանդիայի թիմը լրացուցիչ գործոնների հաշվարկից խուսափելու համար պետք է հաղթի լեհերին: Հակառակ դեպքում ոչ-ոքի արդյունքը, առավել ևս լեհերի հաղթանակը անմիջապես 1/8 եզրափակիչի ուղեգիր կպարգևի Լեհաստանի հավաքականին:

D խմբում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն արդեն պայքարելու է խմբում առաջին տեղի համար, որովհետև վատագույն դեպքում երկրորդ տեղն ապահովված է: Կարելի է ասել, որ խմբի կենտրոնական խաղում մրցելու են խմբի երկու ֆավորիտները՝ Իսպանիան և Խորվաթիան: Այս մրցավեճում ոչ-ոքի արդյունքը թիմերին անմիջապես փլեյ-օֆ է դուրս բերում: Իսպանիայի հաղթանակի դեպքում չեխերը հնարավորություն են ստանում Թուրքիայի նկատմամբ հաղթանակի դեպքում միավորներով հավասարվել Խորվաթիային, ու հաշվի առնելով այս երկու թիմերի միջև գրանցված 2:2 հաշիվը` նորից լրացուցիչ հաշվարկ է սպասվում:

E խմբում Բելգիայի հավաքականի վստահ հաղթանակը Իռլանդիայի ընտրանու նկատմամբ ապացուցեց, որ բելգիացիները շատ մեծ ներուժ ունեն: Բայց շվեդներն էլ արդեն նահանջելու տեղ չունեն, ու այս թիմերի խաղում տրվելու է վերջնական պատասխանը, թե թիմերն ինչպես են դասավորվելու այս խմբում: Իսկ Իտալիայի հավաքականն արդեն 1/8 եզրափակչի խաղին է նախապատրաստվելու, չնայած դա ոչ մի կերպ չի նշանակում, որ Իռլանդիայի հավաքականին «Սկուադրա աձուրայի» հետ խաղում միավորը կամ միավորները կարող են հեշտությամբ տրվել:

Ամենախճճված իրավիճակն, իհարկե, F խմբում է: Այստեղ երկու խաղից հետո առաջատարը Հունգարիայի հավաքականն է: Բայց բոլոր չորս թիմերն էլ հնարավորություն ունեն 1/8 եզրափակիչ դուրս գալ: Վերջին տուրում պորտուգալացիները մրցելու են հենց մադյարների դեմ, ու կասկածից վեր է, որ Ռոնալդուի թիմը կաշվից դուրս է գալու հաղթանակի հասնելու համար: Հակառակ դեպքում նույնիսկ ոչ-ոքի արդյունքը կարող է Պորտուգալիայի թիմի համար վերջին խաղը լինել Եվրո-2016-ում: Նույնը վերաբերում է նաև Իսլանդիայի և Ավստրիայի հավաքականներին: Միայն և միայն հաղթանակն է հնարավորություն տալիս կողմերին շարունակել առաջնությունում իրենց ելույթը:

Ինչպես տեսնում ենք, Եվրո-2016-ն աստիճանաբար մտնում է վճռորոշ փուլ, ու այս պահի դրությամբ դեռ դժվար է խոսել մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդի մասին, չնայած արդեն նման թիմերի շրջանակն ուրվագծվում է: Ինչ-որ բան հուշում է, որ առաջնությունում դեռ անակնկալներ լինելու են: Մենք էլ մեր հարցերի պատասխաններն աստիճանաբար կստանանք շատ մոտ ապագայում:

Գլխավոր թեմաներ