15:53 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները Մոլդովայում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնության ֆավորիտներից են, և հենց նրանք միմյանց հետ կմրցեն կիսաեզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի-Sputnik. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Մոլդովայում մասնակցում է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հայ մարզիկներն արդեն կիսաեզրափակչում են և այսօր կմրցեն Իռլանդիայի հետ, մինչ այդ խաղը հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը պատասխանել է armsport-ի հարցերին։

- Պարոն Գյոկչյան, Հայաստանի հավաքականը B ենթախմբում գրավեց II հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Որքանո՞վ արդարացան Ձեր սպասելիքները:

— Մենք ունեցանք 3 տարբեր հանդիպումներ: Առաջին խաղում հաղթեցինք փորձառու կազմ ունեցող Մոլդովային, որի հարկի տակ հանդես գալով՝ մեր թիմը կարողացավ վստահ հաղթանակ տոնել: Մենք լավ էինք ուսումնասիրել Մոլդովայի թիմին, լավ գիտեինք, թե ինչ է մեզ սպասում: Մեր ուենցած ինֆորմացիան բավարար էր, որ մենք հաջող հանդես գայինք այդ խաղում:

Իսկ ահա 2-րդ մրցավեճում մենք զիջեցինք Անդորրային, որը մեզ անակնկալի բերեց: Մենք ծանոթ չէինք Անդորրայի հավաքականին, քանի որ նրանց մասնակցությամբ վերջին շրջանի խաղերը դիտելու ոչ մի հնարավորություն չունեինք: Անդորրան այս առաջնության 1-ին խաղում ոչ հիմնական կազմով խաղաց Ուելսի դեմ, և մենք դարձյալ չկարողացանք հասկանալ, թե ինչպես պետք է խաղալ Անդորրայի դեմ: Խաղը ցույց տվեց, որ Անդորրան շատ լավ թիմ ունի, որը իսպանական բասկետբոլ է ցուցադրում: Նրանք միասին խաղալու լավ փորձ ունեն և շատ լավ են հասկանում միմյանց: Անդորրային հաջողություն ապահովեցին 3 միավորանոց հաջող նետումները: Մեր 3 միավորները չստացվեցին:

Երրորդ խաղում մեծ հաշվով հաղթեցինք Ուելսին: Այս խաղում խաղալու հնարավորություն ստացան հիմնականում այն տղաները, ովքեր առաջին 2 խաղերում քիչ ժամանակ էին ստացել:

- Արդյո՞ք խմբային փուլից հետո ունեք նոր հավաքական:

— Անշուշտ, ամեն խաղից հետո կան փոփոխություններ, քանի որ հավաքականը կազմավորման փուլում է: Մեկ ամիսը շատ քիչ ժամանակ է, որ բոլոր խաղացողները սկսեն ինչպես հարկն է հասկանալ իրար: Բրայանտ Դանստոնն էլ միացավ շատ ուշ և ընդամենը մի քանի մարզումից հետո սկսեց խաղալ հավաքականում:

Մենք հունիսին պետք է ավելի շատ ընկերական խաղեր անցկացնեինք, սակայն դա այդքան հեշտ չէ, քանի որ շատ երկրներում հունիսին արձակուրդ է: Արդյունքում մենք խաղացինք միայն Իրանի հավաքականների հետ, ինչպես նաև Հայաստանի երիտասարդականի հետ: Այս պահին դա առավելագույնն էր, որ կարողացանք անել: Անդորրայի հետ խաղը միակն էր, որում մենք հաշվի մեջ սկսեցինք զիջել, և թիմը հայտնվեց բարդ իրավիճակում, իսկ ահա նախորդ խաղերում նման բան չէր եղել, քանի որ միշտ առջևում էինք եղել հաշվի մեջ: Ուժեղ մրցակիցների դեմ ընկերական խաղերը հենց դրա համար են, որ տեսնես, թե թիմն ինչպես է արձագանքում բարդ իրավիճակներին:

Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ խաղից խաղ տղաները հմտանում են։

— Առջևում Իռլանդիայի հետ խաղն է: Իռլանդացիները խմբային փուլում միայն հաղթանակներ են տոնել: Արդյո՞ք մրցակիցն այդքան ուժեղ է, թե՞ խումբն էր ավելի թույլ:


— Իռլանդիան բավականին լավ թիմ ունի, որտեղ հանդես են գալիս նաև ԱՄՆ-ում հանդես եկող բասկետբոլիստներ: Իհարկե, մեր խումբն ավելի բարդ էր, սակայն չի կարելի ասել, թե Իռլանդիան հաղթանակներ է տոնել, քանի որ հեշտ մրցակիցներ ուներ: Իռլանդիան, ինչպես և Հայաստանը, այս մրցաշարի ֆավորիտներից է:

Մենք լրջորեն ուսումնասիրում ենք Իռլանդիային, վերլուծում ենք նրանց վերջին հանդիպումները և համապատասխան հետևություններ անում:

- Հանդիպումները ուղիղ եթերով հեռարձակվում են Հայաստանում և այլ երկրներում: Ի՞նչ արձագանքներ եք ստացել այս օրերին:

— Սկզբում շատերի համար անսովոր է եղել տեսնել Հայաստանի հավաքականին ուղիղ եթերում, բայց 3-րդ խաղից հետո արդեն զգացվում է, որ շատերն ապրումների մեջ են, վերլուծում են հանդիպումները, անհամբեր սպասում են հաջորդ խաղին: Հայկական բասկետբոլի համար սա շատ կարոր տարի է, և տղաները հասկանում են, որ պատասխանատվությունը շատ մեծ է: Թիմի մոտ սկզբում շատ մեծ լարվածություն կար, բայց աստիճանաբար ամեն ինչ անցնում է:

- Մոլդովայում բնակվող հայերն էլ անտարբեր չեն հանդիպումների նկատմամբ։

— Քիշինևում առաջնության մեկնարկից առաջ մեզ այցելեցին համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի հյուպատոսը, ապա խաղերին սկսեցին այցելել հայ մարզասերները, որոնց աջակցությունը շատ կարևոր է մեզ համար: Այս հավաքականը խաղում է հայության համար: Հավաքականում են տղաներ, ովքեր սիրում են Հայաստանը, սիրում են իրենց հայրենիքը:

Գլխավոր թեմաներ