03:14 22 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Հասմիկ Գրիգորյան

Կողոպուտ բրազիլական ձևով. Ռիոյում գողացել են հայերի փողը և մեղալը

Личный архив А.Григорян
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Մեր թղթակիցները սեփական փորձով համոզվել են, որ Բրազիլիան մի երկիր է, որտեղ ոչ միայն «անտառներում ապրում են շատ վայրի կապիկներ», այլև փողոցներում օրը ցերեկով կարելի է դառնալ ավազակների զոհը։

Ռիոյի օլիմպիական խաղերը Sputnik Արմենիայի համար լուսաբանել են լրագրողներ Անի Մեջլումյանը և Հասմիկ Գրիգորյանը։ Նրանց խոսքով` գործուղումը Բրազիլիա օլիմպիական մեդալների նման երկու երես ունի։

Վիրտուալ կողոպուտ

Հիշելով իր ուղևորությունը` Անի Մեջլումյանը տեղին համարեց Օստապ Բենդերի «Ոչ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ» հայտնի արտահայտությունը։ Այսինքն` սա երազանքի քաղաք չէ։ Նրա խոսքով` առաջին օրվանից Ռիոյում լսել են սարսափելի պատմություններ փողոցային ավազակների մասին։ ՄՕԿ ներկայացուցիչները մշտապես զգուշացրել են, որ լրագրողները հետևեն իրենց պլանշետներին, նոութբուքերին և հեռախոսներին։

Ани Меджлумян
Անի Մեջլումյան

«Այնպես էր ստացվում, որ մեր պայուսակները միշտ դատարկ էին։ Ամեն ինչ պահում էինք մեր ձեռքում, որպեսզի անհրաժեշտ իրը միշտ ձեռքի տակ լիներ»,- հիշում է Անին։

Բայց դժբախտությունը նրա հետ փողոցում չպատահեց։ Երբ Անին հրաժեշտ տվեց հայրենիք վերադարձող հայ մարզիկներին և վերադարձավ, նկատեց, որ մեկ րոպեի ընթացքում իր հաշվից հանել են 1000 դոլար։

«Ընդ որում` փողերը հանել են մաս-մաս` 100, 200, 300 դոլար և այլն։ Բանկում պարզեցի, որ այդ բոլոր գործողությունները կատարվել են ԱՄՆ-ում` Ֆլորիդայում։ Դա շատ տարօրինակ է, բայց ավելի տարօրինակ էր բանկի աշխատակիցների զարմանքը»,- պատմում է Անի Մեջլումյանը։

Անին ապշել էր. բրազիլական խարդախները տեխնոլոգիապես այնքան «գրագետ» էին, որ կարողացել էին «կլոնավորել կամ սքանավորել» այն քարտը, որից նա օգտվել էր Ռիոյի բանկոմատներում։

Նրա խոսքով` նման դեպքեր պատահեցին հատկապես Ռիոյում վերջին օրերին գտնվող հյուրերի մոտ, երբ բոլոր մրցումներն ավարտվել էին։ Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պատմել էր, որ իր գերմանացի ընկերներից մեկից ճիշտ նույն կերպ գողացել են փողերը։ Վրացի ձյուդոիստից այդ եղանակով գողացել են 17 000 եվրո։ Այնպես որ այդ դեպքերի ֆոնին Անին հասկացավ, որ հեշտ է ազատվել։ Ի տարբերություն Անիի` մրցավարները Միհրան Հարությունյանից ցինիկաբար ոսկե մեդալ էին խլել…

Կողոպուտ բրազիլական ձևով

Մեր մյուս թղթակիցը` Հասմիկ Գրիգորյանը, հիշում է, որ մեդիա կենտրոնում ամեն օր քննարկվել են ոչ միայն մարզական, այլև քրեական նորությունները։ Մեծ աղմուկ էր բարձրացրել մի պատմություն. բելգիացի ձյուդոիստից փորձել են գողանալ մեդալը, որը նա նվաճել էր օլիմպիադայում։

«Գողացել են նրա ողջ գումարը, բայց նա կյանքի գնով պահել է մեդալը։ Դա տեղի է ունեցել զբոսաշրջիկների համար ամենահայտնի լողափերից մեկում։ Գողության բազմաթիվ դեպքեր են եղել նաև օլիմպավանի տարածքում։ Բոլորն ասում էին, որ անվտանգության խնդիրը լուծված չէ։ Համեմատում էին նախորդ օլիմպիադայի հետ և ասում, որ բրազիլական ոստիկանությունն ու անվտանգության ծառայություններն ամեն ինչի նայում են մատների արանքով»,- պատմում է Հասմիկը։ Նրա խոսքով` կամավորները լավ չէին պատկերացրել իրենց պարտականությունները, իսկ զենքով
պահակները հանգիստ կանգնել և չեն միջամտել

Ճապոնական արգելք

Ի տարբերություն այլ գործընկերների` Sputnik Արմենիայի թղթակիցները Ռիոյում բնակարան են վարձել։ Մարզիկները բնակվել են օլիմպավանում, իսկ լրագրողները` մեդիա ավանում։ Անին ու Հասմիկն ասում են, որ արդյունքում այնպես է ստացվել, որ իրենք ավելի անվտանգ վայրում են ապրել և այնքան հաճախ չեն հայտնվել օլիմպավանում։ Նրանց համար ամենից տպավորիչը եղել է Ռոբերտ Էմիյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուլա Օլանդի հետ։ Նրանք ջերմ ողջունել են միմյանց և ֆրանսերեն շփվել, ու նրանց խոսակցության թեման առեղծված է մնացել մյուսների համար։

Ани Меджлумян
Личный архив А.Меджлумян
Անի Մեջլումյան

Նրանց խոսքով` օլիմպավանը չի հսկվել։ Սակայն կային շենքեր, որոնք պարսպապատ էին, մուտքը փակ էր և  հսկվում էին։ Անի Մեջլումյանին հետաքրքրել է, թե ինչպես է կազմակերպվել ճապոնացի մարզիկների կենցաղը և օրակարգը, բայց նրան չի հաջողվել մտնել նրանց մոտ։ Այն շենքը, որտեղ բնակվել են ճապոնացիները, առանձնացված էր ու բարձր պողպատե պարիսպ ուներ։ Մեր թղթակիցները նույնիսկ ներս նայելու հնարավորություն չեն ունեցել։

Գլխավոր թեմաներ