03:03 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ֆուտբոլ

Ցտեսություն, Եվրոպայի լիգա

© Sputnik/ Алексей Филиппов
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
4710

ՈւԵՖԱ-յի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլը եղավ առաջինն ու վերջինը հայկական ակումբների համար 2017-18 թվականների խաղարկությունում: «Փյունիկը», «Շիրակը» և «Գանձասար-Կապանը» լքեցին մրցաշարը՝ չկարողանալով հաղթահարել առաջին փուլի արգելքը:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հուլիսի 6-ին կայացան որակավորման փուլի պատասխան հանդիպումներն, ու միայն «Շիրակին» հաջողվեց չպարտվել, չնայած դա էլ մխիթարություն է գյումրեցիների համար, քանի որ երկու հանդիպումների արդյունքում պայքարը շարունակում է մրցակիցը:

Առաջին հանդիպումներից հետո հաջորդ փուլ դուրս գալու ամենառեալ հնարավորություններ պահպանում էր «Գանձասար-Կապանը», որն առաջին խաղում նվազագույն՝ 0:1 հաշվով էր պարտվել Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստին»: Բայց պատասխան խաղում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները «արթանացան» միայն ընդմիջումից հետո, իսկ երբ հյուրերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ, մեր թիմն արդեն չհավատաց իր հնարավորություններին ու մրցավարի ավելացրած ժամանակի ընթացքում ևս երկու գնդակ բաց թողեց:

Այս խաղում, իհարկե, մրցավարների վրիպումն իր ազդեցությունն ունեցավ, համենայնդեպս, հաշվի վրա: Սարգիս Շահինյանի խփած գնդակը մաքուր էր, բայց խաղից դուրս վիճակ արձանագրվեց: Սակայն 1:1 հաշվը մերոնց ոչինչ չէր տալիս: Նույնիսկ 2:1 հաշվով հաղթանակի դեպքում պայքարը շարունակում էր «Մլադոստը»: Ուղղակի, հերթական անգամ մենք համոզվեցինք, որ Հայաստանի բարձրագույն խմբի թիմերի խաղամակարդակը Եվրոպայում չի կարող ապահովել նրանց առաջխաղացումը:

«Մլադոստը» բավականին կոշտ խաղացող թիմ էր ու համալրված լինելով բարձրահասակ խաղացողներով, որոնք երկրորդ հարկում գրեթե չէին զիջում պայքարը, կարողացավ հասնել իր նպատակին ոչ միայն իր, այլ նաև «Գանձասար-Կապանի» խաղի շնորհիվ: Մեր թիմը արագ ու տեխնիկապես հագեցած ֆուտբոլ ցուցադրելու փոխարեն անում էր այն, ինչը ոչ ձեռնտու էր մրցակցին:

Համալրված լինելով նոր խաղացողներով ու մեր առաջնության չափորոշիչներով ունենալով բավական ուժեղ կազմ, «Գանձասար-Կապանը» լքեց Եվրոպայի լիգայի խաղարկությունն առանց գնդակ խփելու: Առանձնացավ, թերևս, դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, որն արտագնա խաղում իր թիմին մի քանի անգամ փրկելուց հետո մի քանի անգամ էլ նույնն արեց Երևանում, բայց թիմի մյուս կեսն իր բարձրունքի վրա չգտնվեց:

Անակնկալ կերպով երկրորդ փուլ կարող էր դուրս գալ «Շիրակը»: Առաջին խաղում  սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվելուց հետո գյումրեցիները «Գորիցայի» հետ արտագնա խաղի ընթացքում հաշվի մեջ առջևում էին 2:1 հաշվով, բայց երկու հեռացումներն իրենց գործն արեցին ու խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Հարց է առաջանում, եթե «Շիրակը» կարող էր այսպես խաղալ, ապա ինչո՞ւ ոչ՝ առաջին խաղում: Կամ էլ «Գորիցայի» ֆուտբոլիստները Հայաստանում երկու գնդակի տարբերությամբ հաղթելու ց հետո արդեն գործը ավարտված էին համարել:

Մեծ հաշվով՝ «Շիրակի» առավելությունը հայկական մյուս թիմերի նկատմամբ արտահայտվեց միայն խփած գնդակների թվով, իսկ արդյունքը նույնն է՝ պարտություն երկու խաղերի արդյունքում: Նույնը վերաբերում է, իհարկե, նաև «Փյունիկին»: Երկու խաղերի արդյունքում Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը իննը գնդակ ընդունեց սեփական դարպասը՝ խփելով ընդամենը մեկը: Բայց արդարության համար նշենեք, որ,«Փյունիկն» իր երիտասարդ ու անփորձ կազմով շանս չուներ «Սլովանի» հետ դիամակայությունում: Մեծ հաշվով՝ նորից նույն արդյունքն է ստացվում:

Հայակական թիմերից միայն «Ալաշկերտն» է շարունակում իր ելույթը Եվրոպայում: Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» առաջին խաղում մրցակցի հարկի տակ խաղալու է բելառուսական ԲԱՏԷ-ի հետ: Պատասխան հանդիպումը կայանալու է Երևանում՝ հուլիսի 19-ին:

Գլխավոր թեմաներ