19:03 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Լևոն Արոնյան

Արոնյան- Իվանչուկ` 1։0. ճանապարհ դեպի եզրափակիչ

© AFP 2015/ YASUYOSHI CHIBA
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (46)
15410

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայանալու են քառորդ եզրափակչի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակներով դասական շախմատի առաջին պարտիան անցկացնում է ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Մինչև քառորդ եզրափակիչ երկու շախմատիստներն էլ շատ լավ տպավորություն են թողել ու, ինչպես վկայում է խաղարկության մասնակից Հրանտ Մելքումյանը, պայքարը թեժ ու դժվարին է լինելու:

Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում էին երեք շախմատիստ: Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեցին առաջին փուլում, իսկ Լևոն Արոնյանը հասել է քառորդ եզրափակիչ: Հրանտ Մելքումյանի հետ զրույցում պարզեցինք մրցաշարին բնորոշ շատ հանգամանքներ, որոնք պարզապես հնարավոր չէ իմանալ մրցումներին հետևելով:

Նախ`թյուր էին այն կարծիքները, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի ու հավակնորդների մրցաշարի ուղեգիր արդեն ունեցող Սերգեյ Կարյակինի համար մրցաշարը կարևոր նշանակություն չուներ: Հրանտ Մելքումյանը նշեց, որ Կառլսենը ներկայացել էր իր հատուկ խոհարարով ու սպասարկող անձնակազմով: Այսինքն` պատրաստվում էր երկար մնալ Թբիլիսիում: Բայց պարտվեց:

Ինչ վերաբերում է Լևոն Արոնյանին, ապա Մելքումյանի կարծիքով Լևոնը լավ մարզավիճակում է, և ունի բոլոր հնարավորությունները հաղթելու ոչ միայն Իվանչուկին, այլ նաև ամբողջ մրցաշարը։

«Արոնյանը շատ լավ վիճակում է ու իր բարձր կարգը ապացուցում է յուրաքանչյուր պարտիայում: Պարզապես, մրցաշարը շատ բարձր ներքին լարվածություն ունի, ու ով հոգեբանորեն լավ պատրաստ եղավ նա էլ կհասնի հաջողության»:

Բնորոշելով Վասիլի Իվանչուկին` մեր զրուցակիցը նշեց, որ Իվանչուկը ահռելի փորձ ունի նման պարտիաների: «Ստեղծագործող շախմատիստ է, բայց նաև ունի թույլ կողմեր: Եթե նա սկսեց նյարդայնանալ, ապա կսխալվի, ու այդ սխալը կարող է հանգեցնել պարտության»: Ստացվում է, որ Արոնյանը կարող է իր խաղով ստիպել նյարդայնանալ մրցակցին, ու այդ դեպքում հաղթելու հնարվորությունները կբարձրանան:

Հայ առաջատար շախմատիստն այս մրցաշարում լավագույն կերպով հանդես գալու համար շեշտը դրել է հոգեբանության վրա: Թբիլիսիում Արոնյանի հետ մարզիչ չկա, բայց կա հոգեբան: Փորձառու շախմատիստները շատ լավ հասկանում են, թե որտեղ և երբ իրենց ով է հարկավոր:

Հոգեբանական բարձր պատրաստականության շնորհիվ Արոնյանը կարողացավ 1/8 եզրափակիչում հաղթանակի հասնել Դանիել Դուբովի նկատմամբ: Հետաքրքիր է, որ  Դուբովի հետ վերջին պարտիայի ընթացքում Արոնյանը ոչ-ոքի է առաջարկել մրցակցին, սակայն Դոբովը չի համաձայնվել: Հետո արդեն մրցակիցն է Արոնյանին առաջարկել կես միավոր, ու արդեն չի համաձայնվել Արոնյանը: Իսկ պարտիայի վերջնամասում հայ շախմատիստը գործել է անթերի ու հաղթել:

Հրանտ Մելքումյանի կարծիքով` քառորդ եզրափակիչում թույլ շախմատիստներ չկան: «Մրցումների այս հատվածում արդեն դժվար թե շախմատիստները դիմեն ստեղծագործ խաղի կամ  ռիսկի: Յուրաքանչյուրն էլ գործելու է զգույշ`ինչ-որ տեղ սպասելով մրցակցի սխալին» — ասում է Մելքումյանը:

Հուսանք, որ սխալվելու հերթը Իվանչուկինն է, ու Արոնյանը պատրաստ է այս դիմակայությանը: Պարզապես, հավատալով հայ շախմատիստի հաղթանակին, հավելենք, որ այս զույգի հաղթողը մրցելու է Պյոտր Սվիդլեր- Մաքսիմ Վաշյե Լագրավ զույգի հաղթողի հետ:

Արոնյան- Իվանչուկ քառորդ եզրափակիչի առաջին պարտիան սրընթաց անցավ հայ շախմատիստի վստահ քայլերի շնորհիվ: 25-րդ քայլից հետո Վասիլի Իվանչուկը հանձնվեց: Երբ մենք զրուցում էինք Հրանտ Մելքումյանի հետ չէինք սպասում, որ առաջին պարտիան այսքան կարճ էր տևելու:

Արոնյանը սպիտակների առավելությունը հիանալի կերպով օգտագործեց, ու Իվանչուկը չդիմացավ: Հիմա մնում է վաղը սևերով գործել նույնպիսի վստահությամբ, իսկ կիսաեզրափակիչ դուրս գալու համար Արոնյանին ոչ-ոքին բավարար է:

թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (46)

Գլխավոր թեմաներ